կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 22:51
Հասարակություն

Հ1-ի՝ Թ. Կրպեյանի մասին ֆիլմը խայտառակ փաստական սխալներով է. Ի. Բարսեղյան - Կրպեյանի արձագանքը

Հ1-ի՝ Թ. Կրպեյանի մասին ֆիլմը խայտառակ փաստական սխալներով է. Ի. Բարսեղյան - Կրպեյանի արձագանքը
Լրագրողական էթիկա՞ ․․․կա՞ նման հասկացություն հայաստանյան լրատվությունում։ Իհարկե, կա՛, բայց լրատվամիջոցները կամ անհատ լրագրողները հետևու՞մ են կանոններին ․․․
 
Թվում է, թե դա առնվազն պետք է պահպաներ Հ1-ը։ Բայց արի ու տես, որ՝ ո՛չ․․․
 
Վերջերս Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մասին նոր ֆիլմ են նկարել խայտառակ փաստական սխալներով։
 
Օրինակ՝ Թաթուլն ինձ հանդիպել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում․․․Եվ, իբր, ես «Մարաթուկ»-ի մեներգչուհի եմ եղել։
 
Իրո՞ք․․․
 
Թաթուլն ինձ չէր կարող հանդիպել «Մարաթուկ»-ում, որովհետև ես երբևէ այդ համույթում չեմ երգել, բնականաբար չէի կարող լինել «Մարաթուկ»-ի մեներգչուհի։
 
Նույն ֆիլմում այլ զավեշտալի նկարագրություններ ու անկարևոր դրվագներ նույնպես կան, որոնք, մեղմ ասած, նսեմացնում են Թաթուլ Կրպեյանի գործունեությունը։
 
Մյուս հարցը, որին կուզենամ անդրադառնալ, ներհայաստանյան լրագրության մեջ հարցազրույցներում տարածված, լրագրողական էթիկայի նորմերին հակասող, անտրամաբանական գործելաոճն է․ հարցազրույցի են կանչում x-ին, պահանջում են մեկնաբանել y-ի ասածը։
 
Ավելի տրամաբանական չէ՞ հարցը տալ հենց հեղինակին, որ բացատրի, թե՝ ի՞նչ է նկատի ունեցել այս կամ այն միտքն ասելիս կամ գրելիս։
 
Նմանատիպ անիմաստ ու անհեռանկար հնար կիրառեց Հ1-ի «կարկառուն» լրագրողը։ Թվում է, թե, գոնե, հայաստանյան համար 1 լրատվամիջոցի լրագրողը պետք է տեղյակ լիներ լրագրողական էթիկայի նորմերին։
 
Բացի այս, նա նախ բացահայտ սուտ ասաց (կամ նրան այդպես ներկայացրել են) վերագրելով իմ գրած ֆեյսբուքյան գրառումը Ասպրամ Կրպեյանին, հետո ավելի խճճելով ու ուռճացնելով սուտը՝ հայտարարեց, որ այդ գրառումն արդեն ջնջել է Ասպրամը։
 
Ասեմ, որ բացահայտ կեղծիք է։ Իմ գրածը իմ տվյալներով է, որևէ կապ չունի Ասպրամի հետ (գոնե գրվածի տակ կարդային, թե ով է հեղինակը)։ Բացի այդ գրությունը ջնջված չէ։
 
Հորդորում եմ պահպանել լրագրողական կոռեկտությունը և էթիկան, որևէ բան բարձրաձայնելուց առաջ ճշտել փաստերը և չաղավաղել՝ դրանք կտրելով հիմնական բովանդակությունից։
 
Իրինա Բարսեղյան-Կրպեյան
 
(պ․գ․թ․, «Ժամանակի վկան» հաղորդաշարի հեղինակ)
 
15․12․2021 թ․