կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-27 11:51
Հասարակություն

Քաղաքական բարձրագույն մակարդակով զորակցություն Հարավային Ամերիկայում` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով

Արգենտինայի և Ուրուգվայի նախագահները՝ Ալբերտո Ֆերնանդեսը և Լուիս Ալբերտո Լաքալե Պոուն, իրենց սոցցանցերում զորակցական պատգամներ  են հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով: Նույն քայլի են դիմել նրանց արտաքին գործերի նախարաները՝ Ֆելիպե Սոլան և Էրնեստո Թալվին: Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում բազմաթիվ այլ անձնավորություններ՝ պատգամավոր, քաղաքական ղեկավար, հանրային գործիչ, մտավորական և արվեստագետ, ընդառաջելով ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի դիմումին, սոցցանցերում իրենց մասնակցությունն են բերել կորոնավիրուսի պայմաններում բացառաբար համացանցային նախաձեռնություններով տեղի ունեցող 105-րդ տարելիցի համայնքային միջոցառումներին:

Ապրիլի 24-ի առավոտյան Արգենտինայի Նախագահական պալատի կայքէջում նշում կար 105-րդ տարելիցի վերաբերյալ. «Հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանությունը դաս պետք է լինի ավելի լավ աշխարհ կառուցելու համար»:

Նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը թվիթերյան իր էջով տարածել է այդ զորակցությունը: Գրառման մեջ նշել է Արգենտինայի թիվ 26199 օրենքը, որով պաշտոնապես ճանաչվել է Ցեղասպանությունը: Օրենքի քվեարկությունը տեղի է ունեցել 2006-ի դեկտեմբերին, և նախագահ Նեստոր Քիրշները չի առարկել  ու այն վավերացրել է 2007-ի հունվարի 11-ին:

Գրեթե զուգահեռ նախագահական պատգամին` արտգործնախարարությունը թվիթերյան պատգամ է հրապարակել, որում ասվում է. «Հայ և արգենտինացի ժողովուրդներն այսօր միացած են այս թվականով` նշելու համար Ցեղասպանության 105-րդ տարելիցը: Առանց հիշողության մարդկության համար լավագույն ապագա չկա»:

Կրթության նախարարության նախաձեռնությամբ համացանցում զետեղվել են Հայոց ցեղասպանության մասին նյութեր, որպեսզի մանկավարժները և դաստիարակները կիրառեն դրանք իրենց աշխատանքներում:

Արգենտիացի առաջին նախագահը, որ 1987-ի սեպտեմբերին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Ռաուլ Ալֆոնսինն էր: Այդ օրվանից ի վեր երկրի  գործադիր մարմինը, առիթներով միայն, անուղղակի զորակցել է Ապրիլյան ոգեկոչումներին, մինչև  որ նախագահ Նեստոր Քիրշները սկզբունքային կեցվածք որդեգրեց ու տեղի չտվեց թուրքական ճնշումներին, և Արգենտինան ունեցավ Ցեղասպանությունը ճանաչող օրենք:

Նրա նախորդներից Կարլոս Սաուլ Մենեմը 1995-ին վետոյի էր ենթարկել Ցեղասպանությունը ճանաչող նմանօրինակ օրենքը` հատուկ Արգենտինա ժամանած` թուրքական Ազգային ժողովի պատվիրակության ճնշումների տակ: Բացառությամբ Ռաֆայել Պիելսայի և Խորխե Թայանայի, Արգենտինայի արտգործնախարարներն ընդհանրապես խուսափում էին հարցին անդրադառնալ՝ Թուրքիայի հետ դիվանագիտական խնդիրները շրջանցելու համար: Ցեղասպանության 105-րդ տարելիցին Նախագահական պալատի և արտգործնախարարության պատգամները Հայ Դատի նորագույն առաջընթաց են Արգենտինայում, որը ցարդ աշխարհի միակ երկիրն է, որ Ցեղասպանությունը ճանաչել է գործադիր, օրենսդիր և արդարադատական իշխանությունների մակարդակով:

Ապրիլի 24-ին Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լաքալե Պոուն սոցցանցերում գրառում է արել` օրը նշելով որպես «հիշողության և խորհրդածության օր հայերի և համայն մարդկության համար»: Նա իր ողջույնն է հղել Ուրուգվայի հայ համայնքին` նշելով Ուրուգվայի ներդրումը Հայ Դատում:

Փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը նմանօրինակ պատգամով հիշեցրել է, որ այս տարի Ուրուգվայում Ցեղասպանության ճանաչման օրենքի 55-ամյակն է: Երկրի արտգործնախարար Էրնեստո Թալվին նույնպես նշել է Ուրուգվայի այդ եզակիությունը: Փոխարտգործնախարարը, պաշտպանության նախարարն ու Սենատի նախագահը ևս զորակցության պատգամներ են հղել:

Ուրուգվայն աշխարհի առաջին երկիրն է, որ 1965-ի օրենքով զորակցել է Հայ Դատին՝ Սևրի պայմանագրով դա հիմնավորելով:  20 տարի շարունակ երկրի խորհրդարանը պաշտոնապես ոգեկոչում է Ցեղասպանությունը: Հասկանալիորեն, այս տարի բոլոր միջոցառումները սահմանափակված են համացանցային նախաձեռնություններով:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով և այն համոզումով, որ տունը մնալու հրամայականը չէր կարող հիշելու և պահանջելու հրամայականը մոռացության տալ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը դիմել է տարածաշրջանի քաղաքական և մտավորական անձնավորությունների, հանրաճանաչ հասարակական գործիչների և արվեստագետների, որպեսզի սոցցանցերի իրենց էջերում հանդես գան հայության արդար պահանջատիրության մասին գրառումներով: Բազմաթիվ գործիչներ ընդառաջել են, և նրանց ելույթները ամբողջ օրվա ընթացքում տեղադրվել են Հայ Դատի հանձնախմբի սոցցանցերում: Այդ բոլորից ծաղկաքաղ անելով` Հայ Դատի հանձնախումբը պատրաստել է հատուկ տեսահոլովակ, որը զետեղել է ֆեյսբուքյան իր էջում` ներկայացնելով 28 արգենտինացի, 1 ուրուգվայցի, 8 բրազիլացի, 1 չիլիացի  և 1 պարագվայցի քաղաքական գործիչների ուղերձները:

prensaarmenia.com.ar