կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-23 14:51
Աշխարհ

Ինքնամեկուսացումից դուրս գալը լինելու փորձարկումների ու սխալների վտանգավոր գործընթաց. Science

Ինքնամեկուսացումից դուրս գալը լինելու փորձարկումների ու սխալների վտանգավոր գործընթաց. Science

Ե՞րբ կարելի կլինի բացել դպրոցները, ռեստորանները, սրճարանները…Ե՞րբ մարդիկ կկարողանան լիարժեքորեն աշխատանքի գնալ:  Գիտական հանրությունը դեռևս միասնական կարծիք չունի այդ հարցում: Yerkir.am-ը ներկայացնում է  ամերիկյան Science ամսագրի հոդվածն այդ թեմայով, որի հեղինակի կարծիքով` ինքնամեկուսացումից դուրս գալու գործընթացը լինելու է բարդ ու երկար:

 

Աշխարհը, շունչը պահած, սպասում  է

Երբ կորոնավիրուսը դուրս եկավ Չինաստանի սահմաններից և տարածվեց աշխարհով մեկ, երկրները, մեկը մյուսի հետևից, սկսեցին կոշտ միջոցառումներ ձեռնարկել SARS-CoV-2-ի դեմ պայքարելու համար: Դադար տրվեց տնտեսական գործունեությանն ու քաղաքացիների կյանքին` սպորտային մրցումներին, եկեղեցական արարողություններին և այլ զանգվածային միջոցառումներին: 188 երկրում փակվեցին ուսումնական հաստատությունները, սահմանները: Որոշ երկրներում վարակվածների թիվը շարունակում է աճել, որոշ երկրներում էլ, նախ` Ասիայում, հիմա արդեն նաև Եվրոպայում, հիվանդացություն աճը հաջողվել է դադարեցնել ու դանդաղեցնել COVID-19-ի տարածումը:

Բայց ինչպիսի՞ն է լինելու արտակարգ իրադրությունից դուրս գալու ռազմավարությունը: «Մեզ հաջողվել է փրկարար լաստում տեղ գտնել, բայց ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչպես ենք ափ հասնելու»,- ասում է համաճարակաբան Մարկ Լիպսիչը` Հարվարդի համալսարանի հասարակական առողջապահության դպրոցից:

Մտածելով, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից, երկրները պետք է հավասարակշռություն գտնեն քաղաքացիների առողջության ապահովման, բնակչության ազատությունների և տնտեսության սահմանափակումների միջև: Կարելի՞ է բացել դպորցները, ռեստորանները, բարերը, մարդիկ կարո՞ղ են սկսել աշխատանքը: Ինչպե՞ս թուլացնել ինքնամեկուսացման ռեժիմը: Գիտական հանրությունը դեռևս չունի դրա պատասխանը: Գիտնականների մեծ մասն այն կարծիքին է, որ ինքնամեկուսացումից դուրս գալու գործընթացը լինելու է բարդ ու երկար, կլինեն շատ սխալներ: «Այդ շարժումը հարկ կլինի սկսել մանր քայլերով»,- ասում է Նյու Յորքի համալսարանից` վարակիչ հիվանդություններ ուսումնասիրող Մեգան Քոֆին:

Հաջորդ փուլում հարկավոր է հետևել ոչ թե օրական վարակների թվին, այլ համաճարակաբանների ասած, վերարտադրողականության R թվին: Դա մեկ վարակված մարդուց վարակման երկրորդական դեպքերի թիվն է: Եթե R ցուցիչը մեծ է 1-ից, համաճարակն աճում է, եթե փոքր է, նվազման միտում ունի: Ինքնամեկուսացման նպատակը R-ը 1-ից նվազեցնել է: Երբ հնարավոր լինի սանձել համավարակը, երկրները կարող են սկսել թուլացնել ինքնամեկուսացման  խիստ ռեժիմը R=1 ցուցիչի դեպքում, այսինքն` այնպիսի իրավիճակում, երբ մեկ վարակակիրը միջինը մեկ մարդու կվարակի, և նոր դեպքերի թիվը կկայունանա:

«R ցուցիչը կարգավորելու համար պետությունը պետք է գիտակցի, որ, ըստ էության կարգավորման 3 կոճակ ունի`  պացիենտների մեկուսացում և նրանց շփումների հայտնաբերում, սահմանների փակում, սոցիալական հեռավորության ապահովում»,- ասում է Հոնկոնգի համալսարանի` մոդելների մշակմամբ զբաղվող մասնագետ Գաբրիել Լեունը:

Սեղմելով կոճակները

Սինգապուրին, Հոնկոնգին և Հարավային Կորեային հաջողվեց կասեցնել համաճարակի տարածումը առաջին վերահսկիչ կոճակի կիրառման շնորհիվ: Հենց սկզբից նրանք հայտնաբերեցին ու մեկուսացրին վարակվածներին, նաև պարզեցին նրանց շփումների շրջանակը, որպեսզի այդ մարդիկ էլ կարանտինում լինեն: Ներկայումս  այնտեղ գործում են ընդամենը թեթև սահմանափակումներ: Սակայն այդ ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ է կտրուկ մեծացնել թեստավորումների թիվը, ինչն անել մյուս երկրներին խանգարում է թեստերի և այլ նյութերի պակասը:  

Շփումների շրջանակի հայտնաբերումը երկրորդ խոչընդոտն է, և այդ աշխատանքը մեծ ջանքեր է պահանոււմ: ԱՄՆ Մասաչուսեթս նահանգը 500 մարդ է վարձել վարակվածների հետ շփումներ ունեցած անձանց հայտնաբերելու համար, սակայն, ըստ մասնագետների, ԱՄՆ-ում այդ աշխատանքն իրականացնող,  ընդհանուր առմամբ,  մոտ 100 հազար մարդ է անհրաժեշտ:

Բջջային հեռախոսների հավելվածները կարող են օգնել այդ գործում` ավտոմատ կերպով հայտնաբերելով ու զգուշացնելով մարդկանց, որոնք վերջերս շփում են ունեցել վարակակրի հետ: Սակայն արևմտյան երկրները դեռ չեն կիրառում այդ համակարգերը:

Ինչ վերաբերում է երկրորդ կոճակին` սահմանների փակմանը, երկրների մեծ մասը փակել է դրանք, ընդունում են միայն սեփական քաղաքացիներին, որոնք պետք է լինեն կարանտինում: Այսպիսի միջոցառումներ, հավանորեն, դեռ երկար կկիրառվեն, որպեսզի դրսից եկողները նոր բռնկումների պատճառ չդառնան:

Երրորդ կոճակը` սոցիալական հեռավորությունը: Այն ներկայիս ռազմավարության հիմքում է և զգալիորեն նպաստել է վիրուսի տարածման դանդաղեցմանը: Սակայն դա տնտեսական ու սոցիալական հսկայական թերություններ ունի, և շատ երկրներ հույս ունեն, որ սահմանափակումները հնարավոր կլինի թուլացնել, քանի որ ինքնամեկուսացումն ու շփումների շրջանակի հայտնաբերումը կարող են զսպել կորոնավիրուսը: Եվրոպայում առաջինն այդ քայլին գնաց Ավստրիան, որտեղ արդեն գործում են փոքրիկ խանութները, իսկ  առևտրի մեծ կետերը գործելու են մայիսի 1-ից: Գերմանիայի գիտությունների ակադեմիան էր ապրիլի 13-ին զեկույց ներկայացրել, որում կոչ էր անում հետզհետե վերսկսել դասերը դպրոցներում, իհարկե` դեռևս դիմակներով: Իսկ Ֆրանսիայում ինքնամեկուսացման ռեժիմը պահպանվելու է մինչև մայիսի 11-ը:

Ըստ մասնագետների` ռացիոնալ և հեռատես ճանապարհ ընտրելը դժվար է , առավել ևս, որ որևէ  փորձ չի եղել, որպեսզի հնարավոր լինի համադրել սոցիալական հեռավորության ապահովման տարբեր միջոցառումների արդյունավետությունը: Սակայն քանի որ տարբեր երկրներ տարբեր մեթոդներ են կիրառում, դրանց փորձի համեմատությունը կարող է արդյունավետ լինել:

Պարզել, թե այս կամ այն միջոցառումն ինչպես է ազդում R ցուցանիշի վրա, հեշտ չէ, քանի որ այսօր ի հայտ եկած վարակը կարտացոլվի հիվանդացության մասին հաշվետվությունում մի քանի շաբաթ անց: Այսօր աշխարհում կիրառվում է  2004-ին հոլանդացի մաթեմատիկոս Ջակո Վալինգայի առաջարկած` R-ի հաշվարկման վիճակագրական մեթոդը: Հետազոտողները նաև կիրառում են մարդկանց տիպիկ տեղաշարժերի ու վարքագծի տվյալները, որպեսզի հաշվարկներն ավելի ճշգրիտ լինեն: Իրական ժամանակի ռեժիմում R-ի հաշվարկի միջոցով երկրների իշխանությունները կարող են կիրառել կամ չեղարկել այս կամ այն սահմանափակումը:

Կա նաև մեկ այլ գործոն, որը հնարավորություն է տալիս ասել` կարելի՞ է «թուլացնել սանձերը»: Դա իմունիտետն է: «Եթե բնակչության 30-40 տոկոսը իմունիտետ ունենա, ամբողջ պատկերը կսկսի փոխվել, և դա մեզ մեծ օգնություն կլինի, քանի որ R-ը կփոքրանա նույնքան տոկոսով»,- ասում է Մինեսոտայի համալսարանի վարակիչ հիվանդությունների հետազոտական կենտրոնի մասնագետ Մայքլ Օստերհոլմը:

Իմունիտետն անխուսափելիորեն ուժեղանալու է` վարակվածների թվի մեծացմանը զուգընթաց, սակայն, որոշ գիտնականների կարծիքով, դրան հարկավոր է ավելի արագ հասնել: Այդ նպատակով, ըստ նրանց, հարկավոր է, որ վիրուսը տարածվի երիտասարդների շրջանում, որոնք ավելի թեթև են տանում հիվանդությունը: Փետրվարին խմբակային իմունիտետի ձևավորման այդպիսի գաղափար առաջ քաշեց Բրիտանիան, սակայն հետո հրաժարվեց դրանից: Նաև` Նիդերլանդները: «Եթե խմբակային իմունիտետը ստացվի ոչ թե զանգվածային պատվաստման միջոցով, այլ ուրիշ եղանակներով, դա սպանություն կլինի»,- կարծիք է հայտնում Գլոբալ զարգացման կենտրոնի գիտաշխատող Ջերեմի Կոնինդիկը:

Համենյան դեպս, որոշ գիտնականներ համարում են, որ դրա մասին կարելի է մտածել, երբ համաճարակի առաջին ալիքի բեռը առողջապահական համակարգի վրա նվազի: «Ի՞նչն է ավելի լավ` երիտասարդների շրջանում վերահսկվող օջախը, թե՞ պրոֆիլակտիկան: Կարծում եմ` այդ կարևոր հարցը պետք է քննարկվի»,- ասում է Օստերհոլմը:

Ի դեպ,  գիտնականները վստահ չեն, որ նոր կորոնավիրուսի դեմ կայուն և երկարաժամկետ իմունիտետ է ձևավորվում: Ներկայումս նրանք հետզոտություններ են իրականացնում` այդ հարցերի պատասխանները գտնելու համար:

Ելքի ռազմավարությունը

Այսօրվա դրությամբ ամենահավանական սցենարն է, որ խիստ միջոցառումները թուլացվեն, հետո, ըստ անհրաժեշտության, ուժեղացվեն: «Թուլացում-ուժեղացում» ռազմավարությանը ներկայուսմ հետևում են Սինգապուրն ու Հոնկոնգը: Դեռևս պարզ չէ` հնարավոր կլինի՞ գտնել  անհրաժեշտ հավասարակշռությունը վիրուսի դեմ պայքարի, բնակչության դժգոհության թուլացման և տնտեսական վնասի նվազեցման միջև:

Wellcome Trust բարեգործական հիմնադրամի ղեկավար Ջերեմի Ֆարարի կարծիքով` այս բարդ իրավիճակից դուրս գալուն կարող են օգնել գիտական հետազոտությունները` ծանր պացիենտների արդյունավետ բուժումը, դեղամիջոցները և պատվաստանյութը: Ըստ նրա` ելքի ռազմավարությունը գիտությունն է: