կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-23 00:06
Քաղաքական

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի կոչը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի կոչը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը կոչ է ուղղել ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին․

"Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ.

Մոտենում է Թուրքիայի կողմից Հայ Ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման օրը՝ Ապրիլի 24-ը։ Այդ օրը համայն հայության և քաղաքակիրթ աշխարհի համար հիշատակվում է որպես մարդկության դեմ իրագործված ամենազազրելի հանցագործության դատապարտման օր։ Այդ օրը մենք ի լուր աշխարհի բարձրաձայնում ենք մեր դատը՝ Հայ Դատը, և քանի դեռ ցեղասպան Թուրքիան չի չճանաչել, չի դատապարտվել և չի ստացել արժանի հատուցում՝ մենք մնալու ենք պահանջատեր։

Արտակարգ իրավիճակի պատճառով Ցեղասպանության 105 ամյակի բողոքի և ոգեկոչման միջոցառումներն այս տարի տարբերվում են նախորդներից. զանգվածային միջոցառումները, երթերն ու ակցիաներն արգելված են, բայց մենք կարող ենք սոցիալական ցանցերի, հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների միջոցով տարածել մեր պահանջը մեր շրջապատում, օրվա խորհրդի վերաբերյալ տեղեկացնել մեր ոչ հայ մտերիմներին, ընկերներին, նամակներ հղել քաղաքային և ռեգիոնալ կառավարման մարմիններին՝ հորդորելով միանալ մեր պահանջին։

Սիրելի բարեկամներ, Հայ Դատի Մոսկվայի գրասենյակն ու Հայ Հեղափոխական Դաշնակցության ռուսաստանյան կազմակերպությունն իր ուղեկից միությունների հետ կոչ է անում ապրիլի 24-ին կատարել հետևյալ քայլերը։

1.տեղադրել անձնական լուսանկար՝ ցեղասպանությունը դատապարտող պաստառով /Ա4 չափի թղթի վրա մուգ մարկերով ռուսերեն լեզվով գրված/

2.նկարին ավելացնել «помню и требую» կամ այլ համապատասխան գրվածքով շրջանակ

3.Երեկոյան ժամը 20։00֊ին միանալ համահայկական մոմավառությանը՝ պատշգամբներում մոմեր վառելով կամ հեռախոսների լուսարձակումով։

4.Տարածել պահանջագիր նամակ՝ մեր այլազգի ընկերներին հորդորելով միանալ ոգեկոչմանն ու իրենց էջերում դատապարտել ցեղասպանությունը։ նամակի տեքստի տարբերակը տեղադրված է մեկնաբանություններում։

5. Նամակի տեքստը էլեկտրոնային փոստով ուղարկել ձեր տարածաշրջանից ընտրված պատգամավորներին, մարզային և տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչներին։

6. Ապրիլի 25-ից սկսած տարածել Սևրի դաշնագրի վերաբերյալ տեղեկատվություն՝ պատրաստվելով այդ կարևոր փաստաթղթի կնքման 100-ամյակին, որը տեղի կունենա այս տարի օգոստոսի 10-ին։

Սիրելի հայրենակիցներ, ընտանիքի ամդամներով, ընկերներով և մերձավորներով միանալով այս ակցիային՝ մենք ոչ միայն ավելի հնչեղ կդարձնենք ցեղասպանության դատապարտման և հատուցման պահանջը, այլև կկատարենք սերունդների առջև ստանձնած մեր պարտքը և կսովորեցնենք նրանց շարունակել այդ հանձնառությունը։

Մաղթում ենք Ձեզ առողջություն, հաջողություններ և անկոտրում կամք"։

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ

ՀՅԴ Ռուսաստանյան կազմակերպություն

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Մոսկվայի մեկուսի մասնաճյուղ

Հայ Օգնության Միության Ռուսաստանի կազմակերպություն

«Համազգային» կրթական մշակութային միության Ռուսաստանի կազմակերպություն

Հայկական մշակութային ժառանգության պահպանման «Դեպի Արարատ» միություն