կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 18:54
Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ Հեղափոխական Դաշնակցության 129-րդ և ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի 26-րդ տարեդարձները ՌԴ-ում նշել են Արմեն Ռուստամյանի մասնակցությամբ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ Հեղափոխական Դաշնակցության 129-րդ և ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի 26-րդ տարեդարձները ՌԴ-ում նշել են Արմեն Ռուստամյանի մասնակցությամբ

Դեկտեմբերի 19-22-ը ամփոփիչ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ Yerkir.am-ին հայտնում են ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի մամուլի կենտրոնից:

Այցը հագեցած էր ինչպես տարաբնույթ հանդիպումներով, այնպես էլ տոնական միջոցառումների մասնակցությամբ, որոնք ուղեկցվում էին կազմակերպական տարբեր միավորների հետ աշխատանքային քննարկումներով և ընկերային հավաքներով:

Դեկտեմբերի 19-ին Մոսկվայի Հայ Դատի գրասենյակում գումարվեց ՀՅԴ ՌԴ մարմինների և ուղեկից կառույցների ներկայացուցիչների ժողով, որի ընթացքում քննարկվեցին անցնող տարում կատարաված աշխատանքներն ու գալիք տարվա անելիքները: Բյուրոյի նախագահը ներկայացրեց Հայաստանի և Արցախի հանրապետությունների զարգացման, անվտանգային և արտաքին քաղաքական խնդիրների հետ կապված ՀՅԴ մոտեցումներն ու ուղեգիծը: Հանդիպման արդյունքում ուղենշվեցին ՀՅԴ ռուսաստանյան կառույցի առաջնային խնդիրներն ու ուղղությունները, ինչպես նաև կառույցի տարբեր մարմինների և ուղեկից կազմակերպությունների փոխգործակցության մեխանիզմները: ՀՅԴ Բյուրոյի նախագահը նշեց, որ այսօր, առավել քան երբևէ, պետք է ջանքեր գործադրել համայն հայությանը ազգային օրակարգի շուրջ համախմբելու ուղղությամբ, քանզի միայն միասնական ջանքերով է հնարավոր հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև և սպառնալիք են Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Հավաքի մասնակիցները վերահաստատեցին, որ Հայաստանի իշխանությունների կողմից ՀՅԴ-ի դեմ վարվող տեղեկատվական-քարոզչական արշավը ոչ միայն չի հիասթափեցրել ընկերներին և համակիրներին, այլ հակառակը, ավելի է համախմբել և միաբանել նրանց ՀՅԴ ուղեգիծը հանդիսացող ազգային օրակարգի շուրջ: Ներկայացուցիչների ժողովը դատապարտեց կուսակցության հեղինակազրկման և ավանդի արժեզրկման փորձերը, իսկ վերջին շրջանի պառակտիչ գործողությունները որակեց որպես ազգային արժեքների պահպանության հենասյուների դեմ ուղղված թշնամական քայլեր, որոնք որևէ հաջողություն չեն կարող ունենալ:

Դեկտեմբերի 20-ին Բյուրոյի նախագահի մասնակցությամբ Մոսկվայում հանդիսավոր կերպով նշվեց Հայ Հեղափոխական Դաշնակցության 129 և ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի հիմնադրման 26 ամյակները: Տոնակատարությունը ուղեկցվեց ՌԴ-ում գործող հասարակական-քաղաքական գործիչների ելույթներով, համերգային ծարգրով և Հայ Դատի պաշտպանության աշխատանքներում ակտիվ մասնակցության համար պատվոգրերի շնորհումով: Տոնակատարության մասնակիցները շնորհավորանքների խոսքերից զատ կարևորեցին հայապահպանության, Հայ Դատի պաշտպանության և ազգային օրակարգերի ձևավորման և առաջ մղման ուղղությամբ Դաշնակցության և Հայ Դատի գրասենյակների հսկայական դերն ու նշանակությունը: Բյուրոյի նախագահը իր երախտիքի խոսքը հայտնեց ռուսաստանյան հասարակական-քաղաքական այն բոլոր շրջանակներին, ովքեր մշտապես աջակցում են ազգային խնդիրների լուծմանն ու Ռուսաստանում հայապահպանության, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և Հայաստանի ու Արցախի ամրապնդման աշխատանքներին:

 

Դեկտեմբերի 21-ին ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի և ՀՅԴ ՌԴ Պատասխանատու Մարմնի ներկայացուցիչների պատվիրակությունը հյուրընկալվեց ՌԴ Կիմրի քաղաքի հայկական համայնքին, որտեղ հանդես եկան ելույթներով, մասնակցեցին համայնքային կազմակերպության հիմնադրմանը նվիրված տոնական միջոցառումներին: Կիմրիի հայ Համայնքի ղեկավար Արմեն Քոչարյանը բարձր գնահատեց Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի ներդրումը իրենց համայնքային կազմակերպության կայացման և ձևավորման գործում, ինչպես նաև հույս հայտնեց, որ հետագա համագործակցության արդյունքում հնարավոր կլինի հիմնել կրթական և մշակութային օջախներ, իրականացնել հայապահպանական ծրագրեր:

Իր ողջույնի խոսքում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ առանց համայնքային ակտիվ մշակութային կյանքի հնարավոր չէ արդյունավետ աշխատանք տանել երիտասարդ սերունդի հայապահպանության ուղղությամբ, նշելով, որ աշխարհասփյուռ հայ համայնքներում հայկական միջավայրի ձևավորումն ու զարգացումը ապագա հզոր ու միացյալ Հայաստանի գրավականն է, և ինչպես Արցախի հարցում մեր կարգասխոսն է զարգանալ չզիջելով, այնպես էլ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու մենք պարտավոր ենք զարգանալ՝ չզիջելով մեր ինքնությունն ու արժեքային համակարգը: Այցի շրջանակներում գործիչները հայ համայնքի ներկայացուցիչների հետ ծաղիկներ խոնարհեցին Կիմրիի Համբարձման տաճարի հարևանությամբ կանգնեցված Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի խաչքարին:

 Դեկտեմբերի 22-ին ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցեցին ՀՅԴ Ս.Պետերբուրգի կառույցի կողմից հիմնադրված կիրակնօրյա դպրոցի միջոցառմանը, որին հրավիրված էին նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Պողոս Աբեղա Վարդանյանը, Ս.Պետերբուրգի հայկական համայնքային կազմակերպության ղեկավար Կ.Մկրտչյանը, համայնքային հասարակական-քաղաքական կառույցների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ: ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը իր ողջույնի խոսքում կարևորեց սփյուռքում հայկական դպրոցների և մշակութային օջախների դերն ու հաստատեց Հայ Հեղափոխական Դաշնակցության հանձնառությունը հայապահպանական ծրագրերում տեղական կառույցների աջակցության և խրախուսման ուղղությամբ: Հայ Դատի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դպրոցի բարերարներ, ՀՅԴ ՍՊ կառույցի անդամներ Արթուր Բարսեղյանին, Խաչիկ Ստեփանյանին և Մասիս Բաբախանիին, որոնց ջանքերով արդեն երրորդ տարին է տասնյակ հայ երեխաներ հնարավորություն ունեն այցելելու հայկական դպրոց, հաճախել ազգային պարերի դասընթացների, ստանալ ազգային դաստիարակություն: Միջոցառման մշակութային մասը նվիրված էր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 ամյակին, որտեղ դպրոցի սաները ներկայացրեցին Թումանյանի ստեղծագործությունները: Միջոցառման ավարտին Արմեն Ռուստամյանը Ս.Պետերբուրգի հայկական դպրոցին հանձնեց երաժտական քանոն նվագարան և հույս հայտնեց, որ հաջորդ այցին միասին կվայելեն դպրոցի սաների գեղեցիկ կատարումները:

Բյուրոյի նախագահի այցը եզրափակվեց ՀՅԴ ՍՊ կառույցի և հասարակական գործիչների հետ հանդիպումով, որտեղ քննարկվեցին հետագա համագործակցության օրակարգային հարցերն ու խնդիրները: