կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-19 14:55
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ հավատ չի ներշնչում, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ․ Իշխան Սաղաթելյան

Փաստ չէ, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ հունիսի 20-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայում ասուլիսի ժամանակ։

Նա նկատեց, որ խորհրդարանական ընտրություններ լինելու համար անհրաժեշտ է առաջինը՝ վարչապետը տա հրաժարական, ընդ որում 2 անգամ, այդ ժամանակահատվածում չընտրվի վարչապետ, լուծարվի խորհրդարանը և հանրապետության նախագահը նշանակի խորհրդարանական ընտրություններ։

«Այսինքն, Փաշինյանի այն ֆեյսբուքյան ստատուսը, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ և դա վերջնական է, դա մեզ մոտ հավատ չի ներշնչում։ Այս ժամանակահատվածում իրենք մի քանի անգամ խոսել են արտահերթ ընտրությունների մասին, շատ արագ հրաժարվել են, պատերազմի ընթացքում 44 օր ստով և կեղծիքով կերակրել են մեզ․․․ մենք ունենք բավարար բոլոր հիմքերը՝ կասկածելու, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Երկրորդը, նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը եղել Հայրենիքի փրկության շարժման պահանջներից մեկը։ Բայց, եթե նույնիսկ տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, դա կբավարարի Հայրենիքի փրկության շարժման պահանջների ընդամենը մի մասին։

«Մենք գտնում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ և կարևոր պայման են երկրում ստեղծված իրավիճակից դուրս  գալու համար, բայց  արտահերթ խորհրդարանական ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ, իր՝ ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում, կբերի մեծ վտանգի, որ դա չի լինի մրցակցային, հավասար պայմաններով, կլինի մեծ հնարավորություն, որ այդ ընտրությունները կեղծվեն, և իրականում այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, այլ նոր ճգնաժամի սկիզբ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հետևաբար, Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է պնդել, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ, արդյունավետ ճանապարհային քարտեզն այն է, ինչ մենք մինչև հիմա առաջարկել ենք՝ նշեց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․