Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի տրամադրումը, որ անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով, իհարկե, լրջագույն վտանգ է մեր պետության համար, որի իրականացման մասին մեկ հարյուրամյակից ավելի երազել է Թուրքիան, պանթյուրքիզմի՝ առայժմ պատրանքային մակարդակում գտնվող ծրագիրը կյանքի կոչելու և մերձկասպյան տարածաշրջան, այնուհետև նաև կենտրոնական Ասիա ցամաքային ճանապարհով դուրս գալու համար: Այն զավթելու մասին տասնամյակներ շարունակ երազել է նաև Ադրբեջանը և հիմա, մոսկովյան առաջիկա հանդիպումը, կարծես, թշնամի երկրներին ավելի է մոտեցրել երազանքի իրականացմանը, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյանի – Ալիև հանդիպման մասին։
Ըստ նրա՝ խնդիրը կայանում է նրանում, որ այս տարածաշրջանում, բացի Ադրբեջանից և Թուրքիայից, այլ պետությունների, ընդ որում՝ գերտերությունների շահեր նույնպես կան: Խոսքը Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մասին է:
Վարդան Ոսկանյանը նկատել է՝ Իրանը, մեղմ ասած, խանդավառված չէ տարածաշրջանային նմանօրինակ վերադասավորումների սցենարով՝ հաշվի առնելով թե´ սեփական երկրի շահերը, թե´ Հայաստան – Իրան հարաբերությունները. «Այս ամենի արդյունքում, մենք կարող ենք կորցնել Իրանի հետ կապող ցամաքային ողջ սահմանը: Դա ուղղակի աշխարհաքաղաքական աղետ կլինի՝ ինչպես Իրանին, այնպես նաև Հայաստանի համար: Բացի դա, այս ամենի արդյունքում, Հայաստանը կարող է վերածվել մի պետության, որը կկառավարվի Անկարայի և Բաքվի կողմից: Ինչպես գիտենք, Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող ցամաքային սահմանը հիմա անցնում է Իրանի տարածքով: Եթե Հայաստանում սկսի գործել Ադրբեջան – Նախիջևան միջանցքը, ապա այս իրավիճակում, Իրանը կկորցնի Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր այդ առավելությունը, սրանով հանդերձ՝ կկորցնի նաև ազդեցության լծակները՝ Հարավային Կովկասում և չի ստանա տարանցիկ շահույթներ Թուրքիայից ու Ադրբեջանից:
Ընդ որում, իրավիճակի այսօրինակ զարգացման պարագայում, Վրաստանը նույնպես կկորցնի իր մենաշնորհային տարանցիկության զգալի հատվածն ու կարևոր դերը, որպես կամուրջ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Հետևաբար, չի բացառվում, որ սրանով ռուսական կողմը կկարողանա մեծացնել իր ազդեցությունը նաև հենց Վրաստանում: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է ոչ թե առանձին վերցված միավորների տրամաբանությամբ, այլ որպես մեկ ամբողջականություն և ձգտում է իր շահերն այստեղ ամրագրել ողջ տարածաշրջանի մասշտաբով»:
Անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյանի – Ալիև հանդիպման թեմային, իրանագետը տարակուսանք է հայտնել՝ ինչպե՞ս կարելի է նմանօրինակ կարևորագույն խնդրի շուրջ միջազգային գործարքների գնալ՝ առանց ժողովրդի տեսակետը լսելու կամ հաշվի առնելու, նրանից գաղտնի, մարդկանց մեջքի հետևում. «Աբսուրդը կայանում է նրանում, որ մենք, նույնիսկ հստակ չգիտենք անգամ՝ նման հանդիպում Մոսկվայում կայանալո՞ւ է, թե ոչ, էլ չեմ խոսում այդ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի, բարձրացվելիք խնդիրների, կնքվելիք պայմանագրերի և դրանց հավանական անդառնալի հետևանքների մասին: Պարզ է, որ այս արտասովոր գաղտնիության հանգամանքը հայկական կողմի համար անշրջելի հետևանքներ է ունենալու, ճիշտ այնպես, ինչպես եղավ նոյեմբերի 10-ին...
Տարօրինակ պայմանավորվածությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը խիստ վտանգավոր և գաղտնի գործարքների է գնում մեր թշնամիների հետ, հարվածի տակ դնելով պետության անվտանգությունը՝ բոլոր տեսանկյուններից: Սա է մեր ցավալի իրականությունը և, որպես այս ամենի արդյունք, մենք արդեն այսօր մեր դարավոր թշնամի, ցեղասպան Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախագահի խորհրդականի բերանից ենք լսում այն մասին, որ Ադրբեջան – Նախիջևան, այսպես կոչված միջանցքի տրամադրումը շատ կարևոր իրողություն է լինելու Թուրքիայի համար…»,- եզրափակել է զրույցը իրանագետ Վարդան Ոսկանյանը: