կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-21 23:02
Քաղաքական

«Հայկական ժամանակ»-ը խախտում է լրագրողական էթիկան և խարխլում լրագրողական համայնքի միասնականությունը. Մեդիա պաշտպան

«Հայկական ժամանակ»-ը խախտում է լրագրողական էթիկան և խարխլում լրագրողական համայնքի միասնականությունը. Մեդիա պաշտպան

«Հայկական ժամանակ»-ն իրեն դուրս է դնում լրագրողական համայնքից: Այս մասին ասվում է «Մեդիա պաշտպան»-ի ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ:

«Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի ուղերձի կադրերի արտահոսքը կազմակերպել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն ու «5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանը։ Հոդվածում նշվում էր, որ Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պատկանող ֆեյքերից մեկի միջոցով։ Վերջիններս ֆեյսբուքյան էջերում արձագանքել են մեղադրանքին։

Հավելյալ պարզաբանման համար զանգահարեցինք Գեղամ Մանուկյանին, նա նշեց. «Կարճ ասում եմ՝ հիմարություն։ Այնքան անգրագետ են, որ անգամ մեկնաբանության համար նախապես չեն էլ զանգահարել։ Իրենց պատկերացրած լրագրությունը սա է, ցավոք սրտի»։

 Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ֆեյսբուքյան էջում արդեն ամեն բան ասել է, ավելացնելու ոչինչ չունի։ Նա գրել էր, որ լրագրողական համայնքի ներկայացուցիչների դեմ երբեք չի գրել և երբևէ դատական հայցով հանդես չի եկել․ «Այն անհեթեթությունը, որ գրել է վարչապետի ընտանիքին պատկանող թերթը դիտարկում եմ ՖԱՍ հրահանգի շրջանակում»,- գրել է նա:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ցավ է հայտնում, որ «Հայկական ժամանակ»-ը խախտում է լրագրողական էթիկան և, ըստ էության, նման քայլով խարխլում է լրագրողական համայնքի միասնականությունը։ Պետք է նկատենք, որ երկու օր առաջ էլ՝ ապրիլի 19-ին, վարչապետի լայվը դարձյալ լրատվական դաշտը պառակտելու ուղերձներ էր պարունակում։ Նիկոլ Փաշինյանը անանուն մեղադրանքներ հնչեցրեց լրատվամիջոցների հասցեին։ «Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում հարգել Մեդիա ինստիտուտն ու զգույշ լինել լրատվամիջոցների հետ հարաբերություններում, քանի որ այն հասարակական կարծիքի ձևավորման ամենակարևոր գործիքն է։ Լրագրողական համայնքի միասնականությունն է, որ հնարավորություն կտա պայքարել մամուլի ճնշումների դեմ»,- ասված է հայտարարության մեջ։