Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ ՀՀԿ-ն անում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի հետ` փոխելով ուժերի հարաբերակցությունը և իշխանության համար ապահովելով կայացվող որոշումներն արգելափակելու նոր իրավունք, բացարձակապես կապ չունի ոչ այդ օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ պետաիրավական հարցրերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի «կապրիզի», ոչ էլ դրան տրվելու` ԱԺ մեծամասնության կույր համառության հետ: Երկրորդական է նույնիսկ ընդդիմության նկատմամբ անհանդուրժողականության դրսևորման գործոնը: Դրա իրական պատճառը էթիկայի հանձնաժողովի գոյությունն անիմաստ ու ձևական դարձնելն է, պարզապես անգործության մատնելը: Որովհետև իշխանությունը հանկարծ հասկացել է, թե ինչպիսի վտանգ է այն ներկայացնում հատկապես իր հիմնական հենարանի` օլիգարխիայի ու կիսաքրեական տարրերի ու նրանց մոտիվացիաների բացահայտման, մերկացման տեսանկյունից:
Էթիկայի հանձնաժողովները Հայաստանում օրենքի ուժով ձևավորվել են ոչ այնքան բարձրաստիճան պետական պաշտոնյաների բարոյաէթիկական վարքագծին հետևելու, որքան, հատկապես, շահերի բախման ինստիտուտը պետական կառավարման համակարգում ներդնելու համար: Այսինքն` դրանք ստեղծվել են հատուկ հակակոռուպցիոն գործառույթներ իրականացնելու համար: Պատահական չէ, որ հանձնաժողովներին նման գործառույթներով օժտելը եղել է ԵՄ-ի և կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի` GRECO-ի ամենասկզբունքային պահանջը, որը կատարվել է փաստացի ստիպողաբար: Պատահական չէր նաև, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին նույնիսկ վերապահվեց այդ կատեգորիայի չինովնիկների եկամուտների հայտարարագրման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման գործառույթը:
ԱԺ էթիկայի հանձնաժողովը բացառություն չէ: Այն ստեղծված էր ոչ այնքան հետևելու, թե տարվա մեջ քանի րոպե են ԱԺ դահլիճում մնում, այսպես կոչված` «օբյեկտների կլիենտ» պատգամավորները, որքան բացահայտելու ԱԺ-ում պատգամավորների շահերի բախման հետ կապված հարաբերությունները, նրանց գործունեության հետ կապված կոռուպցիոն ռիսկերը և վերահսկելու այդ ամենը: Բայց, ի տարբերություն մյուսների, ԱԺ էթիկայի հանձնաժողովում «մեկ խմբակցություն մեկ ներկայացուցիչ» ձևաչափն ստեղծել է 2-ը 4-ի դիմաց հարաբերակցություն` հօգուտ ընդդիմության, որը ներդրված պարզ մեծամասնությամբ որոշումներ կայացնելու սխեմայի պարագայում ձեռք է բերել որոշումներ կայացնելու իրավունք: Որպեսզի հասկանալի դառնա, թե սա ինչ է նշանակում, փորձենք համեմատել դեռ ԱԺ էթիկայի հանձնաժողովի ձևավորումից 5 ամիս առաջ` այս տարվա հունվարին ստեղծված` բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հետ: Վերջինս արդեն մեկ տարի է` առհասարակ ոչնչով աչքի չի ընկել, ընդհանրապես ոչ ոք չգիտի` այդ կառույցը հիմա ինչով է զբաղված: Փաստացի գործ ունենք մի ուրվականի հետ, որի միակ գործառույթը... ձևականորեն գոյություն ունենալը է և եվրոպացիներին այդ ինքնանպատակ գոյությունը մատնացույց անելը: Նման կարգավիճակ վերջինս ստացել է միմիայն այն պատճառով, որ հանձնաժողովը փաստացի ձևավորվել է իշխանության կողմից իշխանության հայեցողությամբ` բնականաբար, հարմարեցնելով նոմենկլատուրայի ակնկալիքներին:
Այսինքն` ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձել էր միակ օղակը, որը կենդանի դիակ դառնալու փոխարեն երբեմն նույնիսկ մատ է թափ տալիս իշխանության վրա: Եվ հիմա վերջինս որոշել է շտկել այս «թեթև» սխալը, բացթողումը: Հաշվարկը հետևյալն է` եթե ԱԺ փոքրամասնությունը ընդունում է առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, մեծամասնությունը ստանում է հանձնաժողովի ցանկացած որոշում վետոյի իրավունքով տապալելու հնարավորություն կամ պարզապես մեծամասնություն է ստանում հանձնաժողովում ու ընդդիմությունից խլում որոշումներ կայացնելու իրավունքը: Եթե չի համաձայնում, նշանակում է այլևս անիմաստ է համարում նման ձևական կառույցում իր մնալը և դուրս է գալիս: Հանձնաժողովի ներկայիս նախագահ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի ներկայացուցիչները սառեցնում են իրենց մանդատը, և հանձնաժողովում մնում են միայն ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի ներկայացուցիչները: Բայց քանի որ այդ դեպքում քվորում չի կարող ապահովվել, հանձնաժողովը մեխանիկորեն դառնում է անգործունակ:
Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ իշխանությունը, դրոշակ դարձնելով իր այն հիմնավորումը, թե այս փոփոխությունն արվում է հանձնաժողովում քաղաքական ուժերի հավասարակշռությունը վերականգնելու համար, էթիկայի հանձնաժողովի տապալման մեղքը բարդում է ընդդիմության և նրա ապակառուցողականության վրա: Արդյունքում ստացվում է, որ ինչպես էլ ընդդիմությունը վարվի, խաղն ավարտվում է իշխանության օգտին:
Ահա թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ՀՀԿ արտահերթ համագումարում արձանագրում էր. «Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները»: Պարզապես դա սկսել են ոչ թե կոռուպցիան, այլ դրա դեմ քիչ թե շատ աշխատելու ունակություն դրսևորած ԱԺ-ի այս հանձնաժողովը լուսանցք նետելուց, խեղդելուց: Ինչ խոսք, խոստումնալից սկիզբ է:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ