կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-28 11:44
Առանց Կատեգորիա

Հերթական գազային խայտառակությունն է պատրաստվում

Հերթական գազային խայտառակությունն է պատրաստվում

2013թ. հայ-ռուսական գազային հայտնի խայտառակ պայմանագրերի ստորագրումից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստան մատակարարվող գազի սակագինը առնվազն մինչև 2018թ. փոփոխության չի ենթարկվի: «Այս պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է, որ այն չի ավելանա»,- ասել էր նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նույն միտքը կրկնել էր նաև էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը՝ այդ պայմանագրերի վավերացումից առաջ ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ:

 

Գնի կայունացման և հնգամյա կտրվածքով փոփոխության չենթարկելու դիմաց հայկական կողմը, առավել քան նվաստացուցիչ պայմաններով, ռուսական «Գազպրոմ»-ին տրամադրեց «Հայռուսգազարդի»՝ իրեն պատկանող 20 տոկոս բաժնեմասը: Բայց ահա օրեր առաջ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ներկայումս ռուսական կողմի հետ բանակցություն է տարվում... գազի սակագինը չբարձրացնելու համար, ինչը նշանակում է, որ այդ հարցը վերստին բարձրացվել է ռուսական կողմից: Նազարյանը դա պայմանավորել է արտարժույթի գնի փոփոխությամբ:

 

Հայտնի է, որ ստացած գազի դիմաց Հայաստանը «Գազպրոմ»-ին վճարում է դոլարով: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդ պայմանագրերը վավերացնելուց ընդամենը մեկուկես տարի անց կրկին քննարկվում գազի սակագնի փոփոխության հարցը, եթե դրանք կարծես ամրագրվել էին պայմանագրերով, ըստ որոնց` Հայաստան մատակարարվող գազի սակագինն ուղղակիորեն կապվում էր Օրենբուրգի տարածաշրջանում գազի ներքին սպառման սակագնի հետ, իսկ որքան հայտնի է, այդ սակագինը որևէ փոփոխության չի ենթարկվում:

 

Ավելի վաղ կառավարությունից տեղեկատվական արտահոսք եղավ այն մասին, թե հայկական կողմը փորձում է Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ձեռք բերել սպառած գազի դիմաց դոլարի փոխարեն ռուբլիով վճարելու շուրջ: Դրանից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում հանդիպում ունեցավ ՌԴ իր գործընկերոջ հետ: Սակայն այդ մասին որևէ պաշտոնական հայտարարություն չարվեց, ինչը նշանակում է, որ կա'մ հարցը չի քննարկվել հանդիպման ընթացքում, կա'մ Դմիտրի Մեդվեդևը պարզապես մերժել է Հովիկ Աբրահամյանի խնդրանքը: Ինչ էլ եղած լինի, փաստն այն է, որ ընդամենը երկու օր առաջ պաշտոնապես հաստատվեց, որ Բելառուսը ռուսական գազի դիմաց այսուհետ «Գազպրոմ»-ին վճարելու է ռուբլիով: Հարցը շատ հստակ բարձրացրել էր նախագահ Լուկաշենկոն: Փաստորեն, Ռուսաստանը պատրաստ է Բելառուսի՝ ԵՏՄ իր մի գործընկերոջ նկատմամբ կատարել այնպիսի զիջում, որը բացառվում է Հայաստանի՝ նույն կազմակերպության շրջանակում իր մյուս գործընկերոջ պարագայում: Ավելին` Երևանի հետ քննարկում է նույնիսկ գազի գինը բարձրացնելու հարցը:

 

Ռոբերտ Նազարյանը չի մասնավորեցրել, թե ում նկատի ունի հայկական կողմ` կառավարությա՞նը, որը, կորցնելով իր բաժնեմասի վերջին կտորները, այլևս այս ոլորտի վրա ազդելու որևէ լծակ չունի, թե՞ «Հայռուսգազարդ»-ի հենքի վրա ստեղծված լրիվ ռուսական, «Գազպրոմ»-ի դուստր կազմակերպություն համարվող «Գազպրոմ Արմենիան»: Եթե անգամ խոսքը վերաբերում է կառավարությանը, ապա դա չի կարող հույս ներշնչել, թե հայկական կողմը կարող է հասնել սակագինը չբարձրացնելու համաձայնության: Նախ՝ եթե ռուսական կողմը որոշել է բարձրացնել, ապա ցանկացած գնով հասնելու է դրան, եթե, իհարկե, այս բանակցություններն այլ նպատակներ չեն հետապնդում: Երկրորդ՝ հասարակությունն արդեն գիտի, թե սովորաբար ինչով են ավարտվում նման բանակցությունները: Չի բացառվում, որ շաբաթներ անց հանկարծ պարզվի, որ բանակցություններ վարելու այդ ողջ ընթացքում գազի սակագինն արդեն բարձրացված է եղել, բայց որպեսզի դա հասարակական լուրջ ռեզոնանս չառաջացնի, կառավարությունը իր վրա է վերցրել սակագնի ավելացված մասի վճարման պարտականությունը՝ կուտակելով հերթական պարտքը «Գազմպրոմի»-ի հանդեպ, ինչպես վարվել էր 2012-13թթ:

 

Կառավարությունը, ընդհանուր առմամբ` ողջ իշխանությունը մինչև 2018թ. գազի սակագնի կայունացման շուրջ համաձայնության ձեռքբերումը ներկայացնում էին որպես փայլուն արդյունք, դիվանագիտական խոշորագույն հաղթանակ: Այդ հաղթանակը հիմա, փաստորեն, դրա ձեռք բերումից ընդամենը մեկուկես տարի անց, մնացել է կառավարության և պետության կոկորդում: Հիմա հարցն այն է՝ ինչ է պատրաստվում անել գործադիրը՝ մի կողմից այս վիճակից դուրս գալու համար, մյուս կողմից՝ Ռուսաստանի հասցրած հերթական ապտակին ի պատասխան:

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` փետրվարի 25-ի նիստում «Հայկական էլեկտրացանցեր» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը հայտարարել է, թե հայկական ԲէՑ-երի կառավարումն ստանձնած «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը` ի դեմս ընկերության նախագահ Բորիս Կովալչուկի, դիմելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին «Էլեկտրացանցեր»-ի կուտակած պարտքերի վերակազմավորման խնդրանքով։ «Մենք ենթադրում ենք, որ 3 շաբաթվա ընթացքում «Ինտեր ՌԱՕ»-ի նախագահ Բորիս Կովալչուկի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման համար համապատասխան փաստաթուղթ կպատրաստվի։ Հուսամ` կստորագրվի համաձայնագիր, որը թույլ կտա հարաբերություններ հասնել վարկերի վերակազմավորմանը»,- հայտարարել է Բիբինը, որի ղեկավարած ընկերության, չգիտես` որտեղից, կուտակած պարտքի չափը հասնում է մոտ 250 մլն դոլարի:

 

Փաստորեն, ի՞նչ է ստացվում: Մի դեպքում ռուսակական կողմը, խախտելով բոլոր պայմանավորվածությունները, հայկական կողմի հետ բանակցում է գազի սակագինը բարձրացնելու հարցի շուրջ, իսկ մյուս դեպքում բանակցում է ռուսական մեկ այլ ընկերության «փայլուն» կառավարման արդյունքում կուտակած պարտքը վերակազմավորելու շուրջ: Ստեղծվել է չափազանց հետաքրքական, հայկական կողմի արժանապատվության չափման համար թեստային նշանակության մի իրավիճակ այն առումով, թե ինչ է անելու հայկական կողմը: Այն պարագայում, երբ ոչ մի հարցում ռուսական կողմը զիջումների չի գնում, Հայաստանին ստիպում է ժամանակից շուտ փակել 500 մլն դոլարի՝ սարսափելի ծանր տոկոսներով վարկային պարտքը, երբ կարծես թե չի ընդառաջել սպառված գազի դիմաց դոլարով վճարելու` հայկական կողմի խնդրանքին, ընդառաջելո՞ւ է արդյոք նախագահը «Ինտեր ՌԱՕ»-ին: Ամենայն հանավանականությամբ, եթե ռուսական ընկերությունը որոշել է դիմել նախագահին, ապա միանգամայն վստահ է նրա համաձայնությունն ստանալու հարցում: Ուշադրություն դարձրեք՝ Բիբինը խոսում է արդեն իսկ այդ հանդիպման համար փաստաթղթի պատրաստման մասին:

 

Մյուս կողմից` ամենևին չի բացառվում, որ չնայած «Գազպրոմ»-ն ու «Ինտեր ՌԱՕ»-ն իրար հետ պորտալարային կապ չունեն, սակայն գազի սակագնի փոփոխության հարցը ռուսական կողմը հատուկ է բարձրացրել՝ հայկական կողմի նկատմամբ ճնշում գորածադրելու և ԲԷՑ-երի պարտքի վերակազմակերպմանը հասնելու նպատակով: Ու դեռ հարց է`, ինչպես է դա արվելու: Մեկ էլ տեսար` ռուսների խելքին փչել է այդ պարտքը «վերակազմակերպել» Հայաստանի կառավարության վզին փաթաթելու միջոցով: Ո՞վ է դիմադրելու...

 

Գևորգ Աղաբաբյան