կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-16 20:43
Քաղաքական

Հայաստանի իշխանությունը նպատակ է դրել սնանկացնել մասնավոր հեռուստաընկերություններին․ Մեդիա պաշտպան

Հայաստանի իշխանությունը նպատակ է դրել սնանկացնել մասնավոր հեռուստաընկերություններին․ Մեդիա պաշտպան

Հայաստանի իշխանությունը նպատակ է դրել սնանկացնել մասնավոր հեռուստաընկերություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

«Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը: Ցավոք, հայկական մեդիադաշտի հորդորներն ու խնդրանքներն այդպես էլ տեղ չհասան, և իշխանությունը, օգտվելով հայտարարված արտակարգ դրությունից, հապճեպորեն օրենքի տեսք տվեց մասնավոր հեռուստաընկերություններին սնանկացնելու և խոսքի ազատությունը սահմանափելու որդեգրված քաղաքականությանը:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ահազանգում է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություն կատարելով և Հանրային հեռուստաընկերությանը գովազդային շուկա մտնելու գործառույթ ընձեռելով Հայաստանի իշխանությունը կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսատնտեսական խնդիրների պայմաններում ֆինանսական հարված է հասցնում մասնավոր հեռուստաընկերություններին առանց այդ էլ պայթյունի եզրին կանգնած գովազդային շուկայի հոսքերի մի մասն ուղղելով դեպի Հանրային հեռուստաընկերություն և զրկելով մասնավոր հեռուստաընկերություններին գոյատևելու հնարավորությունից: Եվ, սա այն դեպքում, երբ գործող հեռուստաընկերություններից միայն հարկատուների միջոցներով գործող Հանրային հեռուստաընկերությունն է, որ չունի ֆինանսական որևէ խնդիր, որովհետև ֆինանսավորվում է պետական բյուջեից:

Փաստացի, Հայաստանի իշխանությունը, օրենսդրական գործիքակազմով վերաձևավորելով գովազդային շուկան, ձեռնարկում է մեդիադաշտը սնանկացնելու և լրատվամիջոցների ազատ գործունեությունը սահմանափակելու և վերահսկելու քաղաքականություն: Այս քաղաքականության հետևանքները կործանարար են լինելու խոսքի ազատության և ժողովրդավարության համար` երկիրը գլորելով դեպի ավտորիտար կառավարման միջավայր: Այս իրողությունը շատ շուտով տեղ է գտնելու միջազգային կազմակերպությունների զեկույցներում և անպայմանորեն նվազեցնելու է Հայաստանի Հանրապետության վարկանիշը որպես ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը գերակա արժեք համարող պետական կազմավորում:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև ահազանգում է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություն կատարելով և Հանրային հեռուստաընկերությանը գովազդային շուկա մտնելու գործառույթ ընձեռելով Հայաստանի իշխանությունը կոռուպցիոն նոր ռիսկեր է ստեղծում` հետընթաց ապահովելով մեդիադաշտի ազատ մրցակցության և արդար խաղի կանոնների գործածության համար: