կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-25 00:15
Տնտեսական

Կառավարությունը 76,5 միլիոն դրամ կհատկացնի հեռուստաընկերություններին

Կառավարությունը 76,5 միլիոն դրամ կհատկացնի հեռուստաընկերություններին

Հայաստանի կառավարությունը 76,5 միլիոն դրամ է տրամադրելու հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին՝ կորոնավիրուսի արդյունքում ունեցած տնտեսական դժվարություններին դիմագրավելու համար։ Հարցն ընդգրկված է հունիսի 25-ի կառավարության նիստի օրակարգում։ 

Ըստ հիմնավորման՝ հեռուստաընկերություններն առանց կառավարության կամ պարետատան պարտադրանքի առողջապահական կանոնների պահպանման և սոցիալ-տնտեսական վիճակի մեղմման վերաբերյալ հոլովակներ են ցուցադրել մեծ ծավալով և կամավոր։ 

«Հարկ է նաև նշել, որ կորոնավիրուսային հիվանդության հետ կապված տնտեսական դժվարությունները կտրուկ նվազեցրել են հեռարձակողների գովազդային եկամուտները, ինչի պատճառով հեռարձակողները «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության կողմից մատուցվող վերգետնյա հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների դիմաց պարտքեր են կուտակել։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 76,5 մլն դրամ` հեռարձակողներին աջակցելու նպատակով»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։ 

Կառավարությունը ներկայացրել է նաև այն հեռուստա և ռադիոընկերությունների ցանկը, որոնք կստանան այդ օգնությունը և նշել դրանց չափերը։ Ըստ այդմ՝ «Կենտրոն», «Հայկական երկրորդ», «Շանթ», «Արմենիա», «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններից յուրաքանչյուրին կտրամադրվի օգնություն 10 միլիոն դրամի չափով։ 

«Ար», «Արմնյուզ», «Մո թիվի», «5-րդ ալիք», «Ա-թիվի», «ԴԱՐ 21» հեռուստաընկերություններին տրամադրվելիք օգնությունը կկազմի 2,5 միլիոն դրամ։ 250 - 500 000-ական դրամի չափով էլ օգնություն կստանան ռադիոընկերությունները։