կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-19 15:12
Իրավական

Առաջին ատյանի դատարանը ապօրինի և անհիմն դատական ակտ է կայացրել` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը. գլխավոր դատախազ

Առաջին ատյանի դատարանը ապօրինի և անհիմն դատական ակտ է կայացրել` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը. գլխավոր դատախազ

Առաջին ատյանի դատարանն ապօրինի և անհիմն դատական ակտ է կայացրել` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը. այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահի Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունն անհամաչափ է, հետևաբար` դատարանի կայացրած որոշումը ենթակա է բեկանման։

Դավթյանի պնդմամբ` Քոչարյանի նկատմամբ կիրառվելիք միակ համաչափ խափանման միջոցը կալանավորումն է։ «Դատական ակտի վերլուծությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականներ հնչեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ։ Զավեշտալի ենք համարում, որ գործը վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով գործի նյութերը, իր որոշման մեջ կրավորական կերպով արձանագրել է հիմնավոր կասկածի առնչությամբ նախորդ դատարանների դիրքորոշումները՝ ակնհայտորեն ունենալով ավելի մեծ չափով նյութեր, քան նախկինում խափանման միջոցներին անդրադարձած մյուս դատարանները»,–մանրամասնեց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ, մեղադրանքի կողմի գնահատմամբ, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ տվյալ գործով արդարադատություն իրականացնելուց խուսափելու միտում։

Դատախազը պարզաբանեց նաև, որ դատարանը ձեռքի տակ ուներ քրեական գործի բոլոր նյութերը, մեղադրանքի կողմը մանրամասն ներկայացրել է մեղադրյալին մեղսագրված արարքներով հիմնավոր կասկածի առկայության փաստը։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրությանը, ապա, ըստ Դավթյանի, այն  չպետք է լինի ինքնանպատակ։ «Մենք բազմաթիվ այլ գործերով հազար անգամ ծանրութեթև ենք անում խափանման միջոցի ընտրության անհրաժեշտությունը: Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված արարքները բարդ, կազմակերպված, հստակ դերաբաշխմամբ հանցավոր սխեմայի դրսևորումներ են, որի դերակատարները տվյալ պահին ծառայել են պետական ապարատում և կախվածություն են ունեցել մեղադրյալից։ Պետական ապարատի մի զգալի հատված մասնակցություն է ունեցել հանցավոր գործունեությանը։ Գործով մեղադրյալներ են այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավարը, պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը։ Մեղսագրված իրադարձությունների ընթացքում 10 անձ է զոհվել, որոնց սպանությունների շղթայական բացահայտումն ակտիվ ընթացքի մեջ է։ Նման բարդ սխեմայի, մյուս կողմից` քննության  ակտիվ ընթացքի պարագայում ակնհայտ չէ՞, արդյոք, գործում ներգրավված անձանց փոխադարձ շփումների, օբյեկտիվ քննությանը խոչընդոտներ ստեղծելու մոտիվացիան»,– շեշտեց նա` պնդելով, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից առկա է գործի օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու ռիսկ։

«Մեր օրենսդրությամբ նախատեսված ոչ մի այլ բնույթի խափանման միջոց չի կարող բացառել մեղադրյալի շփումները, պայմանավորվածությունները գործով անցնող անձանց հետ»,– հավելեց Դավթյանը՝ դարձյալ գալով այն համոզմանը, որ առաջին ատյանի դատարանը ապօրինի և անհիմն դատական ակտ է կայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը։

Նրա խոսքով` դատախազությունը կարծում է, որ այդ խափանման միջոցն անհամաչափ է, ենթակա է բեկանման, և ստեղծված իրավիճակում միակ համաչափ խափանման միջոցը կալանավորումն է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին և ներկայիս նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: