կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-09 20:21
Հասարակություն

Անկեղծ լինենք, քանի՞սս նման զոհողության կգնայինք

Անկեղծ լինենք, քանի՞սս նման զոհողության կգնայինք

Ինչքան էլ մեղադրենք կառավարությանը կորոնավիրուսի դեմ նախապես ցուցաբերած անլրջության մեջ, ոչինչ չենք փոխի, ունենք այն, ինչ ունենք:

Բայց եկեք մեր խղճի դիմաց արդար լինենք ու ընդունենք, որ մենք՝ ինքներս էլ սկզբնապես չպահպանեցինք ու չկատարեցինք անհրաժեշտ բոլոր պայմաններն ու գործողությունները, որոշները՝ մինչև հիմա չեն պահպանում, այլ ասում. «ու՞ր ա էդ կորոնավիրուսը, թող գա մոտս, տեսեք՝ դրան ինչ եմ անում»:

Ի՞նչ պահանջենք նման մարդանման շնչավորներից: Այս օրերին մենք՝ գոնե շատերը, ըստ արժանավույնս չգնահատեցինք վիրուսի դեմ առաջին գծում «կռվողներին»՝ բժիշկներին ու ոստիկաններին:

Բժիշկները արդեն մեկ ամսից ավելի է, կորցրած ժամանակի զգացողությունը, իրենց առողջությունը վտանգելով, օգնում են վարակվածներին, կարանտինի մեջ գտնվողներին:

Ոստիկանները գիշեր-ցերեկ անձրևի, արևի, ցրտի պայմաններում, արտակարգ դրության իրավիճակում հանրապետության տարածքում կարգուկանոն են ապահովում:

Մինչ մենք մեր տանը նստած սուտ ենք մտածում, որ կարողանանք ոստիկանական անցակետերը անցնեք, նրանք, ուղեղի տարբեր չափ ունեցող մարդկանց բացատրում են, որ այս սահմանափակումները բոլորիս առողջության ու անվտանգության համար է:

Նրանք օրերով տուն չեն գնացել, իրենց ընտանիքին, երեխաներին չեն տեսել: Անկեղծ լինենք, քանի՞սս նման զոհողության կգնայինք հանուն անծանոթ ազգակիցների:

Ու ամենակարևորը, երախտապարտ լինենք մեր զինվորներին, որ խաղաղ պայմաններ են ապահովում վիրուսի դեմ պայքարելու գործում, և ոչ միայն այս օրերին են այդ խաղաղությունը պաշտպանում:

Մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում օգնենք կառավարությանը, բժիշկներին, ոստիկաններին, ինքներս մեզ, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ դուրս գանք այս ծանր իրավիճակից:

Եվս մեկ անգամ շնորհակալ լինենք բոլոր նրանց, ովքեր այս օրերին ծառայություններ են մատուցում մեզ ու գնահատենք նրանց կատարած աշխատանքը, և ոչ միայն այս օրերին:

Առողջություն բոլորիս:

Իշխան Թովմասյան