Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը ներկայացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից ս/թ մարտի 23-ին ՀՀ կառավարություն ներկայացված՝ արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, շարունակելով կուսակցության որդեգրած ուղեգիծը և վերահաստատելով Պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում իր կարողականությունը գործնականորեն ծառայեցնելու պատրաստակամությունը, ներկայացնում է համավարակի պայմաններում արտակարգ դրության ապահովման և դրանից բխող հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ առաջարկություններ:
Իրավիճակի փոփոխության ընթացքում սույն առաջարկությունների փաթեթը կարող է լրացվել և համալրվել:
Ներկայացված առաջարկների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, կներկայացվեն հավելյալ պարզաբանումներ և բացատրություններ:
Իրավիճակի գնահատում
Ամբողջ աշխարհի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարումը պետություններից պահանջում է խստագույն կարգապահության, վճռականության, օպերատիվության պայմաններում լավագույն կառավարչական հմտությունների գործադրում և իրական ժամանակահատվածում բազմաթիվ, այդ թվում` ցավոտ որոշումների կայացում:
Հարկ ենք համարում ընդգծել, որ Կառավարության կողմից` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների նախագծում, և փորձագիտական շրջանակների կողմից ներկայացվող առաջարկությունների մեծ մասում հաշվի չեն առնվում իրավիճակի խորքային խնդիրները, իսկ շատերի մոտ առկա են պատճառահետևանքային շղթայի սխալ ընկալումներ:
Շրջանառվող առաջարկությունների զգալի մասն ունի ֆինանսական կամ սոցիալ-տնտեսական բնույթ և չի համապատասխանում գլխավոր մարտահրավերին:
Դեռևս վաղ է աշխարհի ու Հայաստանի համար COVID-19 համավարակի տնտեսական հետևանքների ամբողջական գնահատական տալ, բայց կասկածից դուրս է, որ տնտեսական անկումն անխուսափելի է: Սակայն այժմ ժամանակավրեպ է տնտեսության խթանման մասին խոսելը: Չի կարելի մի կողմից մեկուսացնել հասարակությանը, սահմանափակել տնտեսվարման որոշ տեսակներ, իսկ մյուս կողմից նախաձեռնել բիզնեսի խթանման քայլեր: Այժմ հարկավոր է ապահովել քաղաքացիների ու պետության անվտանգությունը և լուծել բնակչության առջև ծառացող կենսական սոցիալական խնդիրները:
Հաշվի առնելով երկրի առջև ծառացած մարտահրավերները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի` նվազագույնի հասցնելու քաղաքացիների և փոքր տնտեսվարողների ուսերին ընկնող ծանրությունը և հնարավոր կորուստները, ձեռնպահ մնա այնպիսի քայլերից, որոնցից հերթական անգամ կշահեն շուկայում գերիշխող դիրքեր զբաղեցնող ձեռնարկություններն ու ֆինանսական կազմակերպությունները:
Համավարակի անկանխատեսելիությունը, մասշտաբայնությունը ձևավորում են ֆինանսատնտեսական երկարաժամկետ համակարգային ճգնաժամեր։ Ուստի սկզբունքային է իրականացնել քայլեր, որոնք նախ երաշխավորում են բնակչության անվտանգ գոյությունը և պետության կենսունակությունը։ Այդ քայլերը պետք է նախատեսվեն առնվազն մինչև համավարակի համընդհանուր չեզոքացումը։
Այդ պատճառով ողջ աշխարհում առաջնային խնդիրը համավարակի տեղայնացումն է, օջախների և հիվանդների բացահայտումը, տարածման բացառումը: Նման միջոցառումների իրականացումը հանգեցրել է ամբողջ աշխարհում տնտեսության շարժի դանդաղեցմանը, ուղևորային փոխադրումների նվազեցմանը, բեռնափոխադրումների դժվարացմանը, սպառման և արտադրության ձևավորված համակարգերի խախտմանը, սպառողական շուկայում նոր իրավիճակի առաջացմանը և տնտեսական կյանքի պարտադրված սառեցման այլ հետևանքների։
Այսինքն` սոցիալ-տնտեսական դժվարությունները չունեն ֆինանսական կամ տնտեսական հիմք և շարունակվելու են այնքան, քանի դեռ գոյություն ունի վարակի տարածման վտանգը:
Անկանխատեսելիությունը և որոշակի ժամկետ ներկայացնելու անհնարինությունը իրենց հերթին ձևավորում են ռազմավարական պլանավորման հետ կապված նոր մարտահրավերներ:
Քանի որ այսօր որևէ կանխատեսում հնարավոր չէ կատարել, ապա պետության կողմից իրականացվող քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի ռեսուրսների ամբողջական ներգրավման միջոցով կորուստների նվազեցմանը` մինչև որոշակիության և կանխատեսելիության տարրերի առկայությունը։
Ներկայացվող առաջարկները վերաբերում են առաջիկա 2 ամիսներին: Դրանց նպատակն է բոլոր ռեսուրսների առավելագույն խնայողության և համախմբման պայմաններում, պետության և հասարակության արդյունավետ պաշտպանությանն ուղղված հիմքեր ձևավորելով, ստեղծել երկարատև դիմագրավելու ունակ համակարգ:
Արտակարգ դրություն
Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, սակայն առկա են միայն դրա որոշ տարրեր: Ակնհայտ է, որ, վիճակի վատթարացմանը զուգահեռ, կառավարությունը ստիպված է լինելու ավելի ու ավելի խստացնել պայմանները: Սակայն թե՛ միջազգային փորձը, թե՛ հակաճգնաժամային կառավարման սկզբունքները թելադրում են խնդրի արմատական լուծում և կանխարգելիչ միջոցառումների իրականացում, որոնք ավելի արդյունավետ կլինեն այսօր, քան բոլոր ուղղություններով իրավիճակի սրացման արդյունքում: Հապաղումը ոչ միայն հղի է համավարակի հետագա տարածմամբ, այլ նաև ժամանակի և ռեսուրսների անվերադարձ կորստով:
Պետական կառավարման համակարգ, ֆինանսա-բյուջետային և դրամավարկային քաղաքականություն
Դադարեցնել պետական բյուջեից մասհանումները կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին: Նախաձեռնել գործող համակարգի վերանայումը, կուտակված միջոցները վերադարձնել դրանք վճարած քաղաքացիներին և պետությանը: Սահմանել քաղաքացիների հաշիվներին դրանք մուտքագրելու և տնօրինելու ժամանակացույցը:
Դադարեցնել այն ծրագրերը, որոնք ավելի են վատացնում տնտեսվարողների և քաղաքացիների վիճակը, միաժամանակ նպաստելով պետական բյուջեի հաշվին ֆինանսական համակարգի հարստացմանը, ինչպես, օրինակ՝ չհիմնավորված վարկավորման խթանումը:
Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը վերակառուցել՝ առաջնահերթություն համարելով առողջապահական ծրագրերը, ինչպես նաև համավարակի կանխարգելման, բուժման և հեռավար աշխատանքների կատարման ու ծառայությունների մատուցման տեխոլոգիական նորար լուծումներին ֆինանսական աջակցության ցուցաբերումը:
Ձևավորել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կազմակերպություններին և քաղաքացիներին տրամադրված վարկերի սպասարկման՝ ի շահ վարկառուների հետաձգման միասնական գործելաոճ:
Վերահսկել տարադրամային հոսքերը: Արգելել տարադրամի փոխանցումը կամ տեղափոխումը ցանկացած եղանակով` բացառությամբ ռազմավարական նշանակության ապրանքների գնման նպատակով փոխանցումների:
Տարադրամային պաշարները չվատնել դրամի փոխարժեքի արհեստական պահպանման վրա՝ վտանգելով հետագայում ռազմավարական նշանակության ապրանքների ձեռք բերման հնարավորությունը:
Արգելել օնլայն շահումով խաղերի գործունեությունը և դրանց բոլոր տեսակի գովազդը:
Բոլոր պայմանագրային, իրավական և այլ պարտավորությունների մասով թույլ տալ կազմակերպություններին և քաղաքացիներին փոխադարձ համաձայնությամբ հետաձգումները, որոնք չեն կարող ենթարկվել տույժերի կամ տուգանքների կամ ենթարկվել պետական մարմինների կողմից պատժական սանկցիաների կիրառմանը: Որոշ ոլորտների համար պարետատան կողմից կարող են սահմանվել նման հետաձգումների պարտադիր կիրառումներ:
Ներկայիս մարտահրավերով պայմանավորված՝ նախաձեռնել պետական արտաքին պարտքի տարեկան մարումների և սպասարկման վճարները սառեցնելու և/կամ վերակառուցելու հարցի քննարկում:
Ռազմավարական պաշարներ և պարենային անվտանգություն
Սոցիալական քաղաքականություն
Տրանսպորտային անվտանգություն
Առողջապահություն
Կրթություն
Զինված ուժեր
ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին
23.03.2020 թ.
Երևան