կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-25 11:17
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեմենտի մասին օրինագիծն ընդունվեց, ՏԻՄ-ը՝ ոչ․ 105 պատգամավոր շարունակում է քառօրյան #ՄՆԱՏԱՆԸ հեշթեգով

Արտակարգ դրության պայմաններում պատգամավորները շարունակում են բնականոն աշխատանքը․ 105 պատգամավոր այսօր ներկա է նիստին և քվեարկեց երեկ քննարկված մեկ ու կես տասնյակ օրինագծեր՝ հայտնում է Yerkir.am-ը։ Նիստը, սակայն, ուղիղ հեռարձակվում է #ՄՆԱՏԱՆԸ հեշթեգով։

Նախ՝ Պետտուրքի մասին օրենքում փոփոխությունը, որով սահմանվում էր, որ ՀՀ ներմուծվող ցեմենտի համար 14 հազար դրամ պետտուրք վճարելու ներգործության միջոցը շարունակվի ոչ թե մինչև ապրիլի 1-ը՝ ինչպես այս պահին է, այլ դեկտեմբերի 31-ը։ Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 88 կողմ, 16 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։

Գլխադասային հանձնաժողովն այս փաթեթի համար հատուկ ռեժիմ էր առաջարկել՝ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո երկրորդ ընթերցումը կազմակերպել 24 ժամվա ընթացքում․ պատգամավորներն այս ընթացակարգին էլ կողմ քվերակեցին։

Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը  2-րդ ընթերցմամբ չընդունվեց կողմ 36, դեմ 74, ձեռնպահ 2 ձայներով։  «Իմ քայլը» դեմ էր, քանի որ անցումային դրույթներից 4-ի հետ համաձայն էր, 1-ի հետ՝ ոչ։  Այն վերադարձրին գրավոր առաջարկների փուլ։

«Լուսավոր Հայաստանի» ներկայացրած մեկ այլ՝ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ նույնպես չընդունվեց․ «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այսպես հիմնավորեց․ «Մենք առանձնացրել էինք և՛ իրավական, և՛ բովանդակային խնդիրներ․ դրամահավաքների ժամանակ, մարաթոնների ժամանակ հնարավոր չէ անընդհատ ավագանու նիստ կազմակերպել այս հարցերը քննարկելուը համար, սահմանի հետ կապված խնդիրներ նույնպես կան։ Բացի այդ, մենք կողմ չենք, որ ՏԻՄ ոլորտը բոլոր իր դետալներով սահմանենք օրենքում, այլապես դա ՏԻՄ չի լինի։ Մենք հանձնաժողովի նիստում կոչ արեցինք տիկին Սամսոնյանին, որ մեր մյուս գործընկերների հետ՝ ԲՀԿ-ի և Սոնա Ղազարյանի, որոնք համանման նախագիծ ունեն, միավորվեն և մեկ նախագիծ բերեն հարցի կարգավորման համար»։

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը չհամաձայնեց պնդմանը․ «Ես պատասխանել եմ ձեր բոլոր իրավական և բովանդակային հարցերին և ասել, որ դուք բարձրացնում եք հարցեր, որոնք պրակտիկորեն լուծված են։ ԲՀԿ մտահոգությունները մենք ընդունել ենք, իսկ մարաթոնների, հիմնադրամների խնդիրը թափանցիկ է, այս նախագծով չի կարգավորվում, և դուք ընդամենը իրավիճակային լուծում եք ուզում ցույց տալ, որ դեմ քվեարկեք այս նախագծին»։ 

Այսուհանդերձ, օրինագիծը տապալվեց կողմ 36, դեմ 77 ձայներով։

Մինչդեռ կառավարության ներկայացրած՝ ՏԻՄ օերնքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծն ընդունվեց միաձայն։

Կառավարության ներկայացրած՝ Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին ԼՀԿ-ն դեմ քվերակեց․ կողմ 85, դեմ 21, ձեռնպահ 10 ձայներով որոշումն, այնուամենայնիվ, ընդունվեց։

«Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ Օտարերկրացիների մասին օրենքում փոփոխությունն առաջին ընթերցմամբ ընդունվեց 1 դեմ քվեով։

Կառավարության ներկայացրած՝ լիցենզավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթին 2-րդ ընթերցմամբ ԲՀԿ-ն դեմ էր։ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ իրենց խմբակցությունը դեմ քվեարկեց, քանի որ նոր տնտեսական իրավիճակում տեսնում են վտանգներ, որ այս նախագիծը կարող է հանգեցնել լարվածության միջին և մանր բիզնեսի համար։ Փաթեթը, սակայն, միևնույն է, ընդունվեց 79 կողմ, 33 դեմ, 2 ձեռնպահ քվեով։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև ևս 6 օրինագծեր։

Մանրամասն՝ տեսանյութում․