կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-06 12:37
Հասարակություն

«Խոպանչիների մասին» անունը ստացած օրինագիծն ընդունվեց. պարզվում է` օրենքը սխալ է ներկայացվել

«Խոպանչիների մասին» անունը ստացած օրինագիծն ընդունվեց. պարզվում է` օրենքը սխալ է ներկայացվել

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված` «Եկամտային հարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը, որով կառավարությունը սահմանում է, որ այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողը աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա եկամտային հարկը հաշվարկվում է 13 % դրույքաչափով, որը պետք է վճարվի Հայաստանում:

 

«Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս, և այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին: Այսինքն՝ կառավարությունը սահմանում է, որ արտերկրում աշխատողներն էլ Հայաստանի Հանրապետությունում պետք է օրինական ձևակերպում ստանան և պետբյուջե հարկեր վճարեն:

 

«Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք կունենան արտերկրում շինարարական աշխատանքների կատարման ծրագրեր, և այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5 տոկոսի չափով:

 

Երեկ օրենքի քննարկումը ԱԺ-ում շատ բուռն անցավ: Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

 

«Մեզ չի բացատրվել, թե այս օրենքն ինչի համար է: Ամեն ինչ այն չէ, ինչ ասում է կառավարությունը: Ամենայն հավանականությամբ, մարդը մի 13 տոկոս այնտեղ կմուծի, 13 տոկոս էլ` այստեղ: Արդյունքը կլինի այն, որ մարդիկ կսկսեն էլ ավելի լայն թափով գնալ: Սա հակասում է ԵՏՄ պայմանագրին, սա չի կարող դուր գալ ԵՏՄ անդամ մնացած երկրներին, սա խուլիգանություն է: Կա ԵՏՄ դատարան, կարելի է նույնիսկ դիմել դատարան: Էս օրենքով դուք ուզում եք ասել` հա'յ ժողովուրդ, ձեր համար ո'չ Եվրոպա կա, ո'չ էլ ԵՏՄ: Չքվեարկեք, կփոշմանեք»,- ասաց պատգամավորը:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ կառավարության գործելաոճը աֆերայի է նմանվում, որովհետև հապճեպ են բերվում տնտեսական օրենքները` ժամանակ չտալով պատգամավորներին` պատշաճ քննարկել: «Ես կոչ եմ անում պատգամավորներին` եթե արժանապատվություն ունեք, չքվեարկեք, մերժենք կառավարության նման գործելաոճը»,- ասաց նա:

 

«Արժանապատվությունից քիչ խոսեք»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին զայրացրեց Լևոն Զուրաբյանի ակնարկը արժանապատվության վերաբերյալ: «Խորհուրդ եմ տալիս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին` գնահատականներ չտալ այն քաղաքական ուժերին, ովքեր առաջնորդվում են իրենց սկզբունքներով ու մոտեցումներով: Կոչեր չանել արժանապատվության և այլնի մասին: Չի կարելի մոլորեցնել հասարակությանը, նախագիծը միանգամայն այլ բանի մասին է, քան քննարկվում է այստեղ, պետք չէ էժանագին մեթոդներով հասարակությանը մոլորեցնել»,- ասաց նա:

 

Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ աղավաղված տեսքով է ներկայացվում այդ օրինագիծը, հատկապես` լրատվամիջոցներում ու այն մարդկանց կողմից, ովքեր ուզում են միայն վատը տեսնել: Նա հորդորեց իր գործընկերներին չասել բաներ, որոնք չկան այդ օրենքի նախագծում:

 

«Իրականում այս նախագիծը վատը չէ, հակառակը` լավ նախագիծ է: Այն թերությունները, որոնք կան, այո', պետք է լրացվեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Զարգացնենք այս օրինագիծը, բայց պետք չէ կտրուկ այն մերժել: Կարծում եմ` դեմ չի կարելի քվեարկել այս օրինագծին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Քվեարկությամբ` 65 կողմ, 16 դեմ և 21 ձեռնպահ, օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: