կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 19:45
Արցախ

Արցախում վարակված քաղաքացիներից միայն երկուսն են ունեցել թոքաբորբ․ Արցախի պարետ

Արցախում վարակված քաղաքացիներից միայն երկուսն են ունեցել թոքաբորբ․ Արցախի պարետ

Մայիսի 11-ին Արցախի նախագահի կողմից ստորագրվել է հրամանագիր, ըստ որի Արցախի հանրապետությունում Արտակարգ իրավիճակի ժամկետը  երկարաձգվել է ևս 30 օրով, մինչև հունիսի 11-ը, ժամը 22։00-ն ներառյալ։ Իսկ դա նշանակում է, որ բոլորս շարունակելու ենք ապրել որոշ սահմանափակումների պայմաններում։ Մասնավորապես դա կվերաբերի երկի սահմանային  մուտքերին և ելքերին: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշել է Արցախի պարետ Գրիգոր Մարտիրոսյանը։

Արցախի պարետի խոսքով  կախված իրավիճակից՝ հնարավոր  է նոր սահմանափակումների կիրառում։  Մարտիրոսյանը նշեց, որ եթե արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգվեր, ապա իրավիճակը կդառնար անկառավարելի։

«Այս պահին ունենք  հաստատված 14 դեպք, որոնցից 8-ը արդեն առողջացած են, բուժվող անձանց թիվը 6-ն է։ Մեր բոլոր օջախները, որոնք վերաբերում էին Քաշաթաղի շրջանին, Քյալբաջար քաղաքին  և այլ առանձին համայքներին, բոլորը կարող ենք համարել մարված։ Այդ 6 դեպքերը նույն աղբյուրից են՝ Շահումյանի շրջանի երկու համայնքներից»,- նշել է Մարտիրոսյանը։

Արցախի պարետի որոշմամբ Նոր Բրաջուր և Նոր Վերինշեն համայնքներում ազատ տեղաշարժի սահմանափակումներ է սահմանվել։ Այդ սահմանափակումները կգործեն առնվազն 14 օր։ Այս պահին, ընդհանուր առմամբ Արցախում իրականացվել է 360 թեստավորում։  Այսօր նույնպես մի քանի տասնյակ նմուշառում են իրականացվել։

«Վարակված   քաղաքացիների վիճակը լավ է։ Բուժված քաղաքացիների մոտ նույնպես, հետագայում բարդություններ չեն առաջացել։ Միայն երկու հոգու մոտ է առաջացել թոքաբորբ, մյուսների մոտ լուրջ սիմպտոմներ չեն նկատվել։ Այս պահին դեռ չառողջացած քաղաքացիները նույնպես որևէ բարդացում չունեն, իրենց լավ են զգում»,- ասաց Արցախի պարետը։

Պարետի խոսքով Արցախում հիմնականում կիրառվում է ինքնամեկուսացման մեթոդը։ Ըստ Մարտիրոսյանի կառավարությունը մշակում է սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր։