Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Մարտի 12-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնովիրուսով վարակի երեք նոր դեպք է գրանցվել, այս անգամ Իտալիայից ժամանած ուղեւորների մոտ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ընթացքում, բուն Իտալիայում վարակվածների թիվը հասավ 12 000 մարդու, բնակչության մեկ շնչի հաշվով դա համարյա 4 անգամ ավելի շատ է, քան Չինաստանում։ Իտալիայում վարակի դեմ անարդյունավետ պայքարը բերել է նաեւ նրան, որ այն արագ տարածվում է Եվրոպայի այլ երկրներում, մասնավորապես, Ֆրանսիայում եւ Իսպանիայում։
Հիվանդությունը արագ տարածվում է նաեւ մնացած աշխարհում, եւ երեկ առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ այն վերածվել է պանդեմիայի (համաշխարհային համաճարակի): Երեկ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ 30 օրով դադարեցվում է Եվրոպայից այցելուների մուտքը ԱՄՆ, սա աննախադեպ երեւույթ է վերջին տասնամյակաների պատմության մեջ։ Համաճարակը դարձավ գլոբալ աղետ, եւ այլեւս ոչ մի երկիր երաշխավորված չէ նրա հարվածից։
Մեզ ժամանակն է դա գիտակցել։ Վերջին շաբաթվա ընթացքում ողջ թափով վերսկսված ատելության քարոզը եւ համաճարակը միասին վերցված կարող են անուղղելի հարված հասցնել մեր արդեն իսկ թուլացած իմունիտետով երկրին ու ժողովրդին։ Ժամանակն է դա վերջապես գիտակցել, դադարացնել առաջինը, եւ սկսել իրապես պայքարել երկրորդի դեմ։ Չեղարկե՛ք անիմաստ եւ վնասակար հանրաքվեն, դադարեցրե՛ք ատելության քարոզարշավը, խստացրե՛ք վերահսկողությունը սահմաններին, մարդկանց ըստ հնարավորության տուն ուղարկե՛ք, գնե՛ք անհրաժեշտ դեղամիջոցներ եւ սարքավորում, եւ պատրաստվե՛ք դիմագրավել համաճարակին»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը ևս հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին: Ըստ գերատեսչության՝ նրանք հոսպիտալացվել են Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում: Կորոնավիրուսակիրները ժամանել էին Իտալիայից:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Մարտի 12-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126.254 դեպք, որից 4.637-ը՝ մահվան, և 68.266-ը՝ առողջացման:
Հայաստանում մինչ այս կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կար: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: