Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառումը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է կենդանիներին մորթը պարտադիր սպանդանոցներում կազմակերպելու խնդրին։
Ըստ Yerkir.am-ի՝ գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
«Կառավարության սպանդանոցային դիլեման
Երեկ մեկ շաբաթ տեւած բողոքի ակցիաներից հետո, Կառավարությունը տեղի տվեց միս արտադրող ֆերմերների պահանջին, եւ հետաձգեց սպանդանոցներում պարտադիր մորթի պահանջի կիրառումը մինչեւ հուլիսի 1-ը։ Սա քայլ է ճիշտ ուղղությամբ, սակայն դեռեւս անբավարար, իսկ տեղի ունեցածը բազմաթիվ հարցեր է առաջացնում, դրանցից մի քանիսը ստորեւ՝
ա) Այն, որ միսը պետք է մորթել սանիտարական պայմաններում, թերեւս քչերի մոտ է կասկած առաջացնում, եթե նույնիսկ դա բերում է մսի որոշակի թանկացման, այն արդարացված է սննդամթերքի անվտանգության եւ հանրային առողջության տեսակետից։ Խնդիրը այն է, որ այն չպետք է բերի անիմաստ թանկացման, գերշահույթի նոր աղբյուրների առաջացման, եւ նաեւ մսարտադրողների զգալի մասի սննկացման։ Այսօրվա պայմաններում սակայն, հենց դա էր տեղի ունենալու, քանի որ Հայաստանի մարզերի մեծ մասում չկան բավարար թվով սպանդանոցներ (տես ստորեւ գրաֆիկը), եղածները մենաշնորհային դիրք ունեն, իսկ շատ դեպքերում, դրան նաեւ գումարվում են տրանսպորտային հսկայական ծախսերը, երբ Սյունիքի կամ Գեղարքունիքի պես մարզերում մարդիկ հսկայական տարածություններ պետք է անցնեն՝ սպանդանոց հասնելու համար։
բ) Որպեսզի այս խնդիրները լուծվեն (իսկ դրանք լուծվող են), պետք է մշակվի բոլոր հիմնական շահառուների մասնակցությամբ ճանապարհային քարտեզ, փուլային տրամաբանությամբ, որտեղ յուրաքանչյուր փուլում ստեղծվում են որոշակի սպանդանոցային հզորություններ, մսարտադրողները տարբեր խելամիտ եղանակներով խրախուսվում են դրանցից օգտվել, աստիճանաբար երկրի տարածքում առաջանում է սպանդանոցների շուկայական ցանց, բավարար մրցակցություն առանձին վերցված յուրաքանչյուր մարզում եւ տարածաշրջանում, եւ նույնիսկ մսարտադրողների համար ձեռնտու է դառնում սպանդանոցային մորթը։
գ) Հենց այսպիսի խնդիրների որակյալ լուծման համար է երկրին պետք Կառավարություն, իր նախարարություններով, եւ հենց սա է, որ փաստացի երկրում նորմալ չի գործում։ Փոխարենը ներկա Կառավարությունը մեկը մյուսի հետեւից հրապարակ է նետում տարբեր անհեռատես, չհաշվարկված նախաձեռնություններ, եւ հանդիպելով հասարակության տարբեր հատվածների բուռն արձագանքին, հետ է նահանջում, ցույց դնելով իր ցածր կոմպետենտությունը եւ մակերեսայնությունը։
դ) Կոնկրետ այս դեպքում, խնդիրը ծանրանում է նաեւ նրանով, որ մեկ տարի առաջ, Կառավարությունը լուծարեց Գյուղատնտեսության նախարարությունը, չնայած բազմաթիվ բողոքների եւ մասնագետների զգուշացումների։ Մի երկրում, որտեղ գյուղատնտեսությունը շարունակում է տնտեսության ամենամեծ ճյուղը մնալ, եւ աշխատանքով ու ապրուստով ապահովել համարյա 300 հազար ընտանիք, ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ, եւ որտեղ ամենօրյա աշխատանք է պետք շահառուների տարբեր խմբերի հետ, նախարարության լուծարումն ի սկզբանե չհաշվարկված եւ վնասակար գործողություն էր, եւ այսօր բերում է իր ակնհայտ բացասական հետեւանքները։
Ես շատ կուզենայի, որ այս ամենից խելամիտ դասեր առնվեն, եւ Կառավարությունը ավելի համակարագային, հաշվարկված գործելաոճ որդեգրի, ցանկացած հանրային կարեւորության խնդրում շահառուների հետ հետեւողական աշխատանքի, խնդիրների համատեղ վերհանման եւ լուծումների մշակման հիման վրա կայացնի իր որոշումները, եւ դրանով բարձրացնի թե իր գործունեության արդյունավետությունը, թե մեր բոլորի բարեկեցությունը։ Մինչ այդ, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, մի լավ օր այդ ամենին հասնելու հաստատ վճռականությամբ»։