կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 11:20
Քաղաքական

Վարչապետը բախվեց ֆեյսբուքի հակառակ կողմին` իրականությանը

Վարչապետը բախվեց ֆեյսբուքի հակառակ կողմին` իրականությանը

Ուրբաթ երեկոյան մի քաղաքացի, որին պայմանական կոչում ենք Մետրոյի աղջիկ, պատռեց հպարտ Պողոսի կապույտ անձնագիրն ու նետեց ժողովրդի ընտրյալի վրա: Կարծես իրականության այդ կաթվածը բավական չէր, մեկ օր անց` շաբաթ օրը, փողոցում մեկ այլ քաղաքացի նույնպես կաթվածի հասցրեց վարչապետին` նույնպես անբարեհամբյուր գտնվելով ու հրաժարվելով վերցնել նրա հրամցրած Պողոսյան անձնագիրը: Ճիշտ է, նա ավելի զուսպ գտնվեց ու Մետրոյի աղջկա պես չպատռեց անձնագիրը, բայց հրաժարվեց վարչապետի դստեր առաջարկած ծաղկեփնջից:

Ընդգծենք՝ ծաղկեփնջից հրաժարվելը տգեղ էր այնքան, որքան Մետրոյի աղջկա` անձնագիր պատռելն ու նետելը: Բայց եկեք հարցին մոտենանք հակառակ կողմից ու փորձենք գտնել պատճառները:

Ո՞վ է Հայաստանում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որի տիրույթում կարելի լինի ինչ-որ բան պատռել ու նետել երկրի վարչապետի վրա, ո՞վ է այս ատելության մթնոլորտի հիմնադիրը, ասել կուզեմ` քաղաքացիներին ո՞վ է հորդորել, որ կարելի է հոգեբանորեն փսխել երկրի ղեկավարի վրա, անկախ այն բանից` ով է այդ ղեկավարը: Վերջիվերջո ո՞վ իջեցրեց երկրի ղեկավարի հարգը:

Արդեն ընդգծեցինք, որ վարչապետի վրա ինչ-որ բան նետելը սխալ է, երեխայի նվիրած ծաղկեփնջից հրաժարվելը սխալ է, տգեղ է: Ընդգծենք նաև, որ մենք խոսում ենք ոչ թե անձի, այլ ֆիգուրի` երկրի ղեկավարի մասին: Եկեք նույն տրամաբանությամբ խոսենք ոչ թե անձի, այլ մեկ այլ ֆիգուրի` երկրի նախկին նախագահ/վարչապետ Սերժ Սարգսյանի մասին ու հարցնենք` տգեղ չէ՞ր, երբ նրա պատկերի տակ գրվում էր «չիբուրաշկա» և փակցվում պատերին, տգեղ չէ՞ր, երբ ՀՀԿ-ի երևանյան ու մարզային մի շարք գրասենյակների դիմաց դագաղներ ու ծաղկեպսակներ էին դրվում, տգեղ չէ՞ր, երբ ՀՀԿ անդամների լուսանկարները փակցվում էին աղբամաններին, տգեղ չէ՞ր, երբ տգեղությունից խոսողները Աշոտյանի տան բակում «սիկտիր» էին գոռում, տգեղ չէ՞ր, երբ բժիշկը հայտարարում էր, որ հրաժարվում է սպասարկել ՀՀԿ անդամներին ու նրանց հարազատներին, տգեղ չէ՞ր, երբ թքում էին ոստիկանների վրա ու պոկում նրանց ուսադիրները, տգեղ չէ՞ր, երբ երկրի ղեկավարը հայտարարում էր այլ կարծիք ունեցողներին ասֆալտին փռելու և պատերին ծեփելու, թաթիկները կտրելու մասին:

Եթե դրանք ազատ խոսքի իրացման եղանակներ են եղել (իսկ վարչապետն այդպես է պնդում), ուրեմն ընդունեք, որ աղջիկներն էլ իրենց ազատ խոսքն են իրացրել: Բայց հարցրեք ինքներդ ձեզ` սա խոսքի իրացման ճի՞շտ եղանակն է, ո՞վ է սրա հեղինակը, երկրի ղեկավարին հրապարակայնորեն անարգելն ու նսեմացնելը խոսքի իրացու՞մ է:

Եվ թող որևէ մեկը չփորձի համոզել, թե վարչապետը չի ազդվել տեղի ունեցածից. չկա նման բան: Վարչապետը բախվել է ֆեյսբուքի հակառակ կողմին` իրականությանը, միջավայր, տիրույթ, որտեղ ո‘չ բոլորն են տրամադրված վարչապետի մարմնի տարբեր մասերն ուտելու և նրան սրբի տեղ ընդունելու, աստվածացնելու: Այստեղ վարչապետին բացատրում են, որ ինքը սխալ է, և որքան էլ «ֆեյքերի ՊՈԱԿ-ը», այն է՝ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը, փորձի կոծկել այդ ամենը, միևնույն է, ճշմարտությունը քակելու է շղթան, բախվելու է երեսին և ասի` դու սխալ ես, պարոն վարչապետ, երկրորդ կարծիք կա՛:

Հույս ունենանք, որ գոնե այս դեպքերից հետո Պողոսների դինաստիայի թագավորը հասկացել է ֆեյսբուքյան ու իրական Հայաստանների տարբերությունը, ավելին, իրեն մի պահ պատկերացրել է նաև մաքսատան այն աշխատակցի փոխարեն, որին նվաստացրեց ամբողջ ազգի առաջ և զղջաց: Զղջաց, որովհետև, համոզված եմ, վստահ եմ, որ եթե ոչ վաղը, ապա մյուս օրը, մեկ տարի անց մաքսատան աշխատակիցը գալու է, գալու է դրոշի ձողը ձեռքին: Եվ գալու են մաքսատան աշխատակիցներ, ծաղկեփնջից հրաժարվողներ ու անձնագիր պատռողներ, գալու են ասեն` երկրորդ կարծիք կա՛, պարոն վարչապետ:

Ահա ատելության քարոզի հետևանքները, ահա ատելության ու բռնության կոչերի հետևանքները. Ինչպես դատես, այնպես էլ կդատվես:

Հ.Գ. Ի դեպ, պարո՛ն վարչապետ, մանկահասակ երեխային մի՛ ներքաշիր այնտեղ, որը նրա տեղը չէ: Նրան մի կտրիր մանկությունից և մի ստիպիր` անել բաներ, որոնք նրա համար անհասկանալի ու անկարելի են, թող տանն իր խաղերով զբաղվի:

Գևորգ Գյուլումյան