կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-06 21:20
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաթոշակային ֆոնդերի ձեռքում է 244 մլրդ դրամ և պետությունը չի կարող երաշխիք տալ այդ գումարի համար․ Սուրեն Պարսյան

Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումները նախաձեռնեց և իրականացրեց Կենտրոնական բանկը, որը որևէ գործառույթ չունի այս ոլորտում՝ ո՛չ սահմանադրական, ո՛չ օրենսդրական մակարդակում՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ ՀՅԴ կազմակերպած ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում։

Կենսաթոշակային համակարգը յուրաքանչյուր երկրի անվտանգության բաղադրիչ է՝ արձանագրեց նա, բայց մեր երկրում կենսաթոշակային բարեփոխումները բավականին բուռն տեղի ունեցան։

«Այս առումով ՀՅԴ տեսակետը նույնն է՝ թե՛ իշխանության մաս եղած ժամանակ, թե՛ ընդդիմության․ սա մեր կարմիր գծերից մեկն է եղել, մենք տարիներ շարունակ պայքարել ենք դրա դեմ և հաջողություններ ենք գրանցել ՍԴ-ում՝ քաղաքական և հանրային միասնական պայքարի արդյունքում»,-ընդգծեց տնտեսագետը:

Նա խոսեց մի քանի միֆերի մասին․ նախ՝ որ այդ միջոցները երաշխավորված են և այդ գումարները մենք ստանալու ենք․ «Նշեմ, որ 2019 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ այդ ֆոնդերի ձեռքում է գտնվում 244 մլրդ դրամ գումար և պետությունը չի կարող երաշխիք տալ այդ գումարի համար. նույնիսկ դրա կեսի համար չի կարող տալ՝ հաշվի առնելով այն, որ այդ գումարները աճելու են տարիներ շարունակ: Մենք ունենք տարբեր սահմանափակումներ՝ բյուջետային օրենսդրությամբ և այլ պարտավորություններ ունենք: Այս միջոցների հետ վերադարձի հետ կապված որևէ  պետական երաշխիք չկա և, ըստ էության, սա լուրջ ֆինանսական ռիսկեր է պարունակում»:

Հաջորդ միֆը, Սուրեն Պարսյանի խոսքով, այն է, որ մենք անցել ենք անվերադարձելիության  կետը․ «Նման բան գոյություն չունի: Հունգարիան 1997 թ. ընդունեց համակարգը, 2010 թ. հրաժարվեց դրանից, Դանիան ընդունեց  1998 թ., հրաժարվեց 2010 թ.,  Սլովակիան ընդունեց  2004 թ., 2009 թ. հրաժարվեց, ՌԴ-ն ու Լեհաստանը մասամբ հրաժարվեցին դրանից: Սա համակարգ է, որի անարդյունավետությունը արդեն իսկ կա և լավագույն օրինակը Չիլինի է, ով 2008 թ. երբ արդեն ժամանակն էր կենսաթոշակ տալու, պարզվեց, որ կենսաթոշակառուների 88 տոկոսը ստանալու են նվազագույն  աշխատավարձից ցածր, երբ նախատեսվում էր միջին աշխատավարձի 40 տոկոսը»:

Հատկապես ցածր թոշակ են ստանալու կանայք՝ ընդգծեց Սուերն Պարսյանը․ «Երեք և ավելի երեխաներ ունեցող կանայք ուղղակի դատապարտված են աղքատ ծերության, քանի որ այդ տարիքում նրանք որևէ գումար չեն կուտակում և ոչինչ չեն ստանալու: Սա անարդար և անարդյունավետ համակարգ է և պետք է օր առաջ վերացնել այն»:

Նա կարևոր համարեց նշել, թե ովքեր են նաև այս համակարգի երաշխավորներն ու կազմակերպիչները։

«Հուսով եմ, որ երբ ես թոշակի գնամ և այս համակարգի հեղինակները կենդանի կլինեն և պատասխանատվություն կկրեն այս համակարգի համար: Չեմ ցանկանում, որ ավագ սերնդի նման բողոքեմ, որ «փողեր ունեի բանկերում կամ ֆոնդերի ակտիվների ձեռքում, գնացին՝ կորան»»,-ասաց տնտեսագետը:

Սուրեն Պարսյանի դիտանկյունից՝ սա իրոք քաղաքական, բարոյական պատասխանատվություն է, որ կրելու են այս համակարգի հեղինակները և այս իշխանությունները, որոնք ամբողջ ծավալով ներդրեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը՝ հրաժարվելով նախկինում իրենց խոստումներից:

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ կարևորելով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների իրական լուծումներին ուղղված շահագրգիռ երկխոսությունը, նախաձեռնել է քննարկումների շարք։ Համաժողովին մասնակցում են խորհրդարանական և արտախորհրդարանական, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական և փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ:

Մանրամասն՝ տեսանյութում․