կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-06 20:15
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը ՀՅԴ քննադատության թիրախում է․ Արմեն Գրիգորյան

Հայաստանի Հանրապետությունում վարվող նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը մշտապես մեր քննադատության թիրախում է՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ ֆինանսական հարցերի հանձնախմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում։

Ներկայացնում ենք Արմեն Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ.

"Մեր հասարակությունը միշտ բարձրաձայնել է փաստացի առկա պրոբլեմների մասին և հաճախ դրանց հիմքը տեսել բացառապես սուբյեկտիվ դաշտում։ Անշուշտ համաձայն ենք, որ կան մեղավորներ տնտեսական զարգացման սխալ ընթացքի և տնտեսական դեֆորմացիաների համար։

Սակայն եկեք միաժամանակ փաստենք, որ ոչ միայն անձերն են սխալ, այլ նաև իրենց կողմից վարվող քաղաքականությունը։

Հետևաբար այն փոփոխությունները, որոնց ակնկալիքը մենք բոլորս անշահախնդրորեն ունենք, պետք է վերաբերեն թե անձերի փոփոխությանը, թե վարվող քաղաքականությանը։

Հայաստանի Հանրապետության անկախության տարիների նեոլիբերալ տնտեսական քաղաքականության հետևանքները և երկրի տնտեսության առկա հիմնախնդիրները կարելի է ներկայացնել հետևյալ բնութագրիչներով։

  • Տնտեսության ուղղակի կարգավորումից պետության հեռացում և կարգավորման անուղղակի մեթոդների կիրառում,
  • Տարածքային համաչափ զարգացման քաղաքականության գործիքակազմի ոչ բավարար կիրառություն ու արդյունքներ,
  • Մասնավորեցման անվան տակ պետական սեփականության փոշիացում և ռազմավարական ոլորտների նկատմամբ հսկողության կորուստ,
  • Փոքր բյուջեի քաղաքականության իրականացում՝ ցածր հավաքագրում, պետական ներդրումների բացակայություն տնտեսությունում,
  • ՀՀ տնտեսական աճի տեմպերի իներցիոն բնույթն ու անհրաժեշտ առաջանցիկ աճի անհամադրելիությունը:

Հայաստանի Հանրապետության տնտեսության առարկայական դժվարությունների էական մասը վերագրելի են

-      թերզարգացած ենթակառուցվածքներին,

-      արտահանման այլընտրանքնային ճանապարհների սահմանափակությանը,

-      պատերազմին և դրա սպառնալիքին,

-      հարևանների կողմից տնտեսական շրջափակմանը,

-      1988թ. աղետալի երկրաշարժին,

-      տնտեսական կացութաձևի փոփոխությանը:

Անվիճելի է նաև կոռուպցիայի, հովանավորչության և անկատար մրցակցության ազդեցությունը:

Չի կարող առողջ և առաջանցիկ աճ գրանցվել մի իրավիճակում, երբ տեղի են ունենում պետական ռեսուրսների ու հնարավորությունների շարունակական կրճատում, ազգային արժույթի քանակի կոշտ սահմանափակում, ոչ բավարար ֆինանսավորման արդյունքում՝ տնտեսական զարգացմանը նպաստող գործոնների ազդեցության շարունակական նվազում: Գործող մոդելի շրջանակներում, երբ անհրաժեշտ էր փակել բյուջեի պակասուրդը ու փողի լրացուցիչ զանգված բաց չթողնել շուկա, որը կարժեզրկեր ազգային արժույթը և կառաջացներ արտարժույթի պակասուրդ երկրում, այդ հնարավոր արժեզրկումը «հանգցվեց» արտաքին արժութային պարտքի ավելացման հաշվին: Վերջին տարիներին տարածաշրջանի և Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկրների արժույթների արժեզրկումը տեղի ունեցավ ավելի մեծ տեմպով, քան հայկական դրամինը, ինչի արդյունքում մեր ընկերությունները, հատկապես՝ գյուղմթերք վերամշակող և արտահանող, կորցրեցին իրենց մրցունակությունը արտահանման շուկաներում:

 

Ինչ ենք առաջարկում

Համաշխարհային տնտեսության գլոբալացման և զարգացման արդի մարտահրավերների պարագայում ակնհայտ է դառնում, որ ինքնակառավարվող շուկայի գաղափարախոսության վրա հիմնված տնտեսական քաղաքականությունը չի կարող ապահովել տնտեսության այն ներառական աճը, որը կերաշխավորի սոցիալական արդարություն և երկարատև կայուն զարգացում: Շուկան պետք է ենթարկվի պետական անհրաժեշտ կարգավորման, որպեսզի ապահովի ստեղծված ազգային եկամտի արդար վերաբաշխումը հասարակության անդամների միջև, որպեսզի կարճաժամկետ տնտեսական հաջողությունների հասնելու մոլուցքը չձևավորի անարդյունավետ տնտեսական կառուցվածք՝ անտեսելով երկրի համեմատական առավելություններն ու զարգացման երկարաժամկետ իրական ներուժը, չստիպի անխնա շահագործել բնական պաշարները, աղտոտել շրջակա միջավայրը և այլն:

Շուկայի անտեսանելի ձեռքը չի կանխում տնտեսական ճգնաժամերը և քաղաքացիներին չի ապահովագրում շուկայական ռիսկերից: Ավելին՝ չկարգավորվող ազատ շուկան հանգեցնելու է խոշորի կողմից փոքր ձեռնարկատիրության կլանմանն ու տնտեսական մրցակցության մակարդակի կտրուկ անկմանը:

Կարգավորվող շուկայական տնտեսությամբ սոցիալական ու ժողովրդավարական երկիր ունենալու ՀՅԴ տեսլականը հիմնված է երեք հիմնական սկզբունքներով ձևավորվող սոցիալ-տնտեսական ներառական զարգացման հայեցակարգի վրա.

 

  • առաջանցիկ տնտեսական աճ,
  • սոցիալական ներառականություն և արդարություն,
  • կայուն զարգացում:

 

Սա առավել մանրամասն ներկայացրել ենք ՀՅԴՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ, որը հրապարակել ենք 2018 թվականի օգոստոսի 10-ին: Այդ իսկ պատճառով մանրամանսներին չենք անդրադառնա:

 

Մեր կողմից առաջարկվող տնտեսական մոդելի շրջանակներում առկա են նաև մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնք կարիք ունեն լուծման արդեն նոր տնտեսական քաղաքականության շրջանակներում։

 

Տնտեսության մի շարք ոլորտային խնդիրներն ու առաջնային լուծման ենթակա հարցերն են։

 

Ներդրումներ և ներդրումային միջավայրի ձևավորման խնդիրը:

Սա մի հարց է, որի մասին խոսել են բոլոր կառավարությունները։ Նրանք գործել են գրեթե նույն տրամաբանությամբ, ձախողել են, եկել են նորերը, շարունակել հների գործը և, իհարկե, կրկին ձախողել։ Պետք է դուրս գանք այս արատավոր շղթայից։

 

Հայաստանի Հանրապետությունում առողջ ներդրումային միջավայրի ձևավորումն այլընտրանք չունի: Տեղական և օտարերկրյա ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծման համար չկան բավարար հիմքեր, ինչը խնդիրն էլ ավելի է խորացնում: Գնահատված չեն պոտենցիալ ներդրողների համար գրավչությունը մեծացնելու ռիսկերը: Չեն տրվել մի պարզ հարցի պատասխան, թե ինչու՞ պետք է ներդրողին հետաքրքրի Հայաստանի Հանրապետությունը, որպես գործընկեր: Իշխանությունները թերևս բերում են մեկ արգումենտ, այն է, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի պատրաստակամություն, բայց ներդրողի համար դա քիչ է և ոչ առաջնային: Ներդրումային միջավայրի վրա ազդում են բազմաթիվ գործոններ:

Խնայելով ժամանակը պարզապես թվարկենք մի շարք խնդիրներ, որոնց ուղղությամբ հարկավոր է աշխատել՝

-     բանկային գաղտնիք,

-     արդար, անկախ և արդյունավետ դատաիրավական համակարգի ձևավորում` ներառյալ արբիտրաժային դատարանները,

-     ներդրումային ֆոնդի ստեղծում,

-     պետական աջակցության հստակ, կոնկրետ և թափանցիկ մեխանիզմների գործադրում,

-     քաղաքական կայունություն ու հանրային համերաշխության մթնոլորտի ձևավորում և այլն։

Հաշվի առնելով այս համաժողովների շարքի շարունակականությունը, գուցե մի առանձին քննարկում կազմակերպվի հենց միայն ներդրումների թեմայով։

 

  • Հարկեր և հարկային քաղաքականություն։

 

Հարկային քաղաքականության իրականացումը պետական կառավարման համակարգը ֆինանսավորելուց բացի ունի նաև երկրում միջոցների բաշխման և վերաբաշխման շատ կարևոր նպատակ:  Սա մի ամբողջական խնդիր է, որտեղ կառավարությունը պետք է վերջապես հրաժարվի առանձին խմբերի նեղ շահամոլական դրսևորումներից ելնելով իրականացնել այս կամ այն փոփոխությունը։

Ակցիզային հարկով սպառողական բեռի ավելացումը, պրոգրեսիվ հարկային համակարգից հրաժարվելը և խիստ վիճելի ու կասկածելի, տնտեսագիտական տեսանկյունից պարզապես անընդունելի ու խայտառակ համահարթ 23 տոկոսի սահմանումը, որից շահեցին միայն գործատուներն ու բարձրաստիճան պաշտոնյաները և տուժեց շարքային աշխատավորը, իր էությամբ հակապետական կուտակային կենսաթոշակային համակարգի պահպանումը, սրանք կարևորագույն հարցեր են, որոնք ոչ միայն իշխանությունը չլուծեց, այլ նախկինից եկած դեֆորմացիաները էլ ավելի սրեց։

 

Մեր մոտեցումը շատ հստակ է: Չի կարող լինել հարուստ պետություն աղքատ քաղաքացիներով:

Երկրի ներառական զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է վերականգնել պրոգրեսիվ հարկային համակարգը՝ այն տարածելով նաև շահութահարկի վրա:

 

Ոլորտային պրոբլեմներ․

  • Տրանսպորտային խնդիր՝ չկա պետական կարգավորում, չկա պետական վերահսկողություն, չկան պետական քաղաքականություն իրագործելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառույցներ։ Այս ամենը նույնպես կարիք ունի առանձին խոսակցության և իսկապես մասնագիտական զրույցի։ Սիրողական մակարդակով երկրի տրանսպորտային անվտանգությունը չի կարող ապահովվել։

 

  • Էներգետիկա՝ ռազմավարական գերշահութաբեր կառույցները՝ մասնավորի ձեռքում։ Պետության թույլ ազդեցություն սակագնի ձևավորման վրա։

Հայաստանի Հանրապետությունում էներգակիրների գնային քաղաքականությունը՝ մասնավորապես այն էներգակիրները, որոնց վրա պետությունն ուղղակի ազդեցության չունի, ամբողջապես վերանայման կարիք ունի: Պետության միջամտությունը սակագնային քաղաքականության վրա սկսվում է սակագնի ձևավորման մասին հայտարարություններով և ավարտվում լռելայն, անպտուղ և անարդյունավետ ելքերով:

 

  • Ընդերքի և բնական պաշարների օգտագործման անհամաչափություն և ոլորտի քաղաքականության աղճատված վիճակ: Հանքարդյունաբերության նկատմամբ հսկողության ուժեղացում:

Պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնական ռեսուրսների գերշահագործումը բացառելուն, շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելուն, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը և դրանցից ստացվող եկամուտների արդար բաշխմանը հասարակության բոլոր անդամների միջև: Բնական ռեսուրսները՝ հողը, ընդերքը, ջուրը, կենդանական ու բուսական աշխարհը, անտառը, բնական լանդշաֆտներն ու մթնոլորտային օդը, համաժողովրդական սեփականություն են: Այս բնական կապիտալը ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների բարեկեցության համար է:

 

  • Տարածքային համաչափ զարգացման խնդիրը՝ բիզնեսի գերկենտրոնացում մայրաքաղաքում և մարզերի շարունակական աղքատացում։ Այստեղ նույնպես պահանջվում է ամենօրյա աշխատանք, թևերը քշտած՝ առանց շաբաթ ու կիրակիի, առանց ազատ շունչ քաշելու։ Այն բանաձևը, որը մենք ներկայացնում էինք նախկին իշխանությունների, ուժի մեջ են նաև այսօր՝ խնդիրները ավելանում են ավելի արագ, քան դրանք լուծվում են։

Հայաստանում չպետք է լինի մարզ, որտեղ ստեղծվող ՀՆԱ-ն ցածր կլինի ՀՆԱ-ի հանրապետական միջինի 70%-ից: Որը ցածր է, առաջնահերթությունը պետք է տրվի այդ մարզերին և միջոցները պետք է ուղղել այդ մարզ: Եթե մարզերը աշխատեն այս տրամաբանությամբ, ապա մարզային իշխանությունները ստիպված կլինեն աշխատել ծրագրերի իրականացման տիրույթում և մարզի մեր հայրենակիցները ստիպված չեն լինի իրենց աղքատության հաղթահարման ճանապարհը միայնակ անցնել:

 

  • Արտահանման ցածր ներուժ և արտաքին շուկաներում թույլ մրցունակություն։

 

Հայրենական ապրանքների ու ծառայությունների (հատկապես՝ զբոսաշրջության ոլորտը) արտահանման խթանման համար, ի լրումն առկա գործիքների, անհրաժեշտ է ակտիվորեն և ծրագրված օգտագործել ՀՀ դեսպանատների, հյուպատասարանների և առևտրային ներկայացուցչությունների հնարավորությունները, արտահանման սուբսիդավորումից ու ապահովագրությունից բացի՝ ներդնել պետական երաշխիքով առևտրի ֆինանսավորման արդի գործիքներ:

 

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը առանցքային ոլորտ է մեր երկրի համար, սակայն արդյոք որևէ մեկը հիշում է այդ մասին, առավել ևս լուծարված նախարարության պայմաններում։

  • Գյուղատնտեսությունը ունի շատ ցածր արտադրողականություն, իսկ ոլորտի գրավչությունը ցածր է։

 

Անհրաժեշտ է կայուն եկամտաստեղծ և ինտենսիվ գյուղատնտեսական զբաղվածության պայմանների ու խթանների լիարժեք ձևավորում՝ «անապահովությունից կայուն զբաղվածություն» հիմնական սկզբունքով:

Այստեղ պետք է ներդնել գյուղատնտեսության ոլորտում լիարժեք հաշվառման համակարգ և ըստ այդմ ձևավորվող առարկայական հնարավորությամբ՝ գյուղատնտեսական գործունեության պետական սուբսիդավորում, գյուղատնտեսական գործունեության ներառում կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժ մեջ, ինչը հնարավոր չէ ներկայիս իրականացվող կուտակային կենսաթոշակային համակարգի պայմաններում":