Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոմպրոմիսային տարբերակը, որը Սիրիայի հարցով կարող է ընդունելի լինել թե՛ Էրդողանի, թե՛ Պուտինի համար, Սոչիի պայմանավորվածությանը նոր կետ ավելացնելն է, որի համաձայն՝ համատեղ հսկողության տակ կառնեն թուրք-սիրիական սահմանի հարակից հատվածը և կստեղծեն բուֆերային գոտի՝ ինչպես արել են թուրք-սիրիական սահմանի քրդաբնակ շրջաններում․ ըստ Yerkir.am-ի, այս տեսակետը հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Երկու գերտերությունների ղեկավարները հանդիպելու են մոտ օրերին՝ հավանաբար մարտի 5-ին՝ Մոսկվայում։
«Արդեն նախանշաններ կան, որ երկու կողմերն էլ փորձում են որոշակի զիջումների գնալ, որովհետև երկուսն էլ ունեն աշխարհաքաղաքական ընդհանուր շահեր։ Բայց դրանք փոքր քայլեր են։ Ամբողջ խնդիրն այն է, որ մինչև ամսի 5-ը երկու կողմերն էլ մի կողմից զսպվածություն ցույց կտան, մյուս կողմից կփորձեն իրենց դիրքերը ուժեղացնել տարածքների վրա»,-ասաց Սաֆրաստյանը։
Նա հիշեցրեց Էրդողանի և Պուտինի միջև 2018 թ-ի սեպտեմբերին ձեռք բերված Սոչիի պայմանավորվածությունը, որի համաձայն՝ Թուրքիան ամեն ինչ պետք է աներ, որ Իդլիբի նահանգից դուրս բերեր իր հսկողության տակ գտնվող ջիհադիստական կազմավորումներին․ Թուրքիան դա չարեց, և քանի որ չարեց, Սիրիայի կառավարությունը որոշեց ինքը իր տարածքը ազատել տեռորիստական այդ ուժերից, իսկ Թուրքիան դա համարեց Սոչիի պայմանավորվածության խախտում։
Այս իրավիճակից կոմպրոմիսով դուրս գալու հնարավորությունը, արևելագետի համոզմամբ այն է, որ կողմերը կարողանան համաձայնել վերակենդանացնել Սոչիի պայմանավորվածությունները և Թուրքիան, գոնե որոշ չափով, դուրս բերի իր հսկողության տակ գտնվող հրոսակներին, իսկ փոխարենը ավելացվի նոր կետ՝ այդ տարածքները համատեղ հսկողության տակ առնելու մասին․ «Կարծում եմ, սա կլինի այն, որը կարող է լինել ընդունելի երկու կողմերի համար։ Իհարկե, կարևոր է առաջնորդների դեմքը պահելը, այնպես պիտի ներկայացվի, որ երկուսն էլ պարտություն չեն կրել»։
Սիրիայի Իդլիբ նահանգում, այսուհանդերձ, նա միտում է տեսնում, որ իրադրությունը էլ ավելի սրվի՝ հաշվի առնելով Թուրքիայի հայտարարությունը «Գարնանային վահան» պայմանական անվանումով ռազմական գործողություններ սկսելու մասին և թուրքական զորամիավորումների ու Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող՝ ջիհադիստական ահաբեկչական խմբավորումների, հարձակման անցնելու փաստը։
«Մի քանի օրվա ընթացքում թուրքական հարձակումը, կարծես, արդեն հաջողություն է բերել․ հաղորդումներ կան, որ նրանք Սիրիայի բանակի մեծ թվով զենք-զինամթերք և զինյալներ են ոչնչացրել, հետ են գրավել 20 բնակավայր։ Այսինքն, այն տարածքների մի մասը, որը սիրիական բանակը ազատագրել էր թուրքամետ ջիհադիստական այդ զինյալներից»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Երկրորդ բնութագրող կետը, ըստ նրա, տվյալներն են, որ ռուսական օդուժը այլևս օժանդակություն ցույց չի տալիս սիրիական բանակին և նրան աջակցող ուժերին՝ շիական խմբավորումներին, որոնք կապված են Հըզբոլլահի հետ․ «Եվ դա է պատճառը, որ Թուրքիան, օգտագործելով հրետանին և իր դրոնները, կարողացել է այդ հաջողությունների հասնել»։
Երրորդ առանձնահատկությունն, ըստ նրա, այն է, որ վիճակը լարված է և քաոսային․ «Այս պայմաններում 1-2 օր դեռևս կշարունակվի, մինչև որ վերջնական պարզ լինի, թե զարգացումների ինչ նոր միտում ի հայտ կգա»։
Իսկ նոր միտում, նրա խոսքով, կարող է լինել Ռուսաստանի այն հայտարարությունը, որ այլևս չի ապահովելու թուրքական օդուժի անվտանգությունը Իդլիբի նահանգի վրա։
Իրավիճակը աշխարհաքաղաքական տեսանկյունից վերլուծելով՝ Սաֆրաստյանը արձանագրեց, որ Սիրիան դարձել է երկու ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի և Թուրքիայի համար մի տարածաշրջան, որտեղ նրանք պայքարում են Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ուժեղացնելու համար։ Նա նկատեց, որ 2015 թ-ին, երբ խոցվեց ռուսական ռազմական ինքնաթիռը, այս երկու ուժերը կանգնած էին հարաբերությունների լարվածության շատ բարձր մակարդակի առջև, բայց հետո կարողացան մեղմել այն և 2017-18 թթ արձանագրվեց ռուս-թուրքական մերձեցում Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում։
«Իսկ ո՞րն է այս երկու երկրների ընդհանուր շահը, որ հնարավորություն տվեց հարթելու լարված իրադրությունը․ Ռուսատանը մեծապես շահագրգիռ է, որ Թուրքիան հնարավորինս թուլացնի իր կապերը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ, իր հերթին Թուրքիան՝ Էրդողանի կառավարման այս վերջին փուլում, շահագրգիռ է, որ հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն վարի Մերձավոր Արևելքում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա, սակայն, ընդգծեց, որ հակառակ մերձեցմանը, երկու ուժերը մնում են աշխարհաքաղաքական առումով հակառակորդներ, որովհետև երկուսն էլ ուզում են ուժեղացնել իրենց դիրքերը Մերձավոր Արևելքում և նրանց միջև բախումը տեղի ունեցավ Իդլիբ նահանգում, որովհետև այն վերջին խոշոր տարածաշրջանն է, որը դուրս է Սիրիայի կառավարության հսկողությունից։
«Պարզ է, որ Սիրիայի կառավարությունն ուզում է ազատագրել իր տարածքը։ Իսկ Աստանայի գործընթացը, որը տակտիկական առումով միավորել էր երեք երկրների՝ Թուրքիան, Ռուսատանը և Իրանը, այս պահին խախտված է՝ չկա, որովհետև Ռուսաստանը և Իրանը մի կողմում են գտնվում, իսկ Թուրքիան՝ մյուս կողմում»,-արձանագրեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը։
Մանրամասն՝ տեսանյութում․