կարևոր
2086 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-12 11:53
Քաղաքական

Փաշինյանի իշխանությունը ՌԴ-ի եւ Թուրքիայի կոմպրոմիսի արդյունքն է, բայց այդ կոմպրոմիսը սկսել է քանդվել. Ստեփան Դանիելյան

Փաշինյանի իշխանությունը ՌԴ-ի եւ Թուրքիայի կոմպրոմիսի արդյունքն է, բայց այդ կոմպրոմիսը սկսել է քանդվել. Ստեփան Դանիելյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականում Ռուսաստանի-Թուրքիայի համաձայնության արդյունքն էր ու դրա խորհրդանիշն Աղդամի մոնիթորինգային կենտրոնի հիմնումն էր։  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Այդ հայտարարությունը նաեւ Հայաստանում ՔՊ-ի իշխանության գրավականն էր։ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի կոմպրոմիսի արդյունքն է։

Սակայն, այդ կոմպրոմիսը սկսել է քանդվել։ Էրդողանն, Ազովի հրամանատարներին հանձնելով Ուկրաինային, խախտել է Պուտին-Էրդողան համաձայնությունը, նաեւ Թուրքիան արդեն քննարկում է Ուկրաինա ծանր հրետանի ուղարկելու հնարավորությունը, Բայրակթարների գործարանի հիմնումը։ Թուրքիան համաձայնվեց Շվեդիայի ՆԱՏՈ մտնելուն, նաեւ պատրաստվում է 3 ռազմաբազա տեղակայել Ադրբեջանում, որոնցից մեկը Կասպից ծովի ափին, Բայդենը խոստացել է F-16 վաճառել Թուրքիային եւ այլն, ցուցակը կարելի է շարունակել։ Ավելի պարզ, Էրդողանը կրկնում է Աթաթուրքի քաղաքականությունը, ստանալով Ռուսաստանից այն, ինչ հնարավոր է, շարժվում է դեպի Արեւմուտքն, այնտեղ ստանալու մյուս դիվիդենտներ։

Այսպիսով, ՔՊ-ն եւ Փաշինյանը ստիպված են որոշում կայացնել' ընդունել Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պայմաններն ու միանալ հակառուսական եւ հակաիրանական կոալիցիային։ Իսկ թե այս իրավիճակում ինչպես իրենց կպահեն Ռուսաստանն ու Իրանը, դժվար է կանխատեսել, ըստ երեկույթին այս հարցի պատասխանը դեռեւս ոչ Մոսկվան ունի, ոչ' Թեհրանը։

Կարճ՝ Փաշինյանը սկսում է կորցնել իր իշխանության արտաքին բալանսի ռեսուրսը, իսկ ներքին լեգիտիմությունը մինչ այդ էր կորցրել։