Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Վերածննդի օրվա առիթով. Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, այսօր Արցախի Վերածննդի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս:
Օրվա անվանումը լիովին փոխանցում է այն, ինչ տեղի էր ունենում Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում 1988թ. փետրվարի 20-ին: Այդ օրը վերածնվում էր ոչ միայն Արցախը, այլև՝ հայկական երազանքը, անկախ պետականության գաղափարը: Այդ օրն ամրապնդվեց մեր միասնությունը, և հնչեց հզոր մի ազդակ, որ եկել է արդարության վերականգնման, ազատության հաղթանակի ժամանակը:
Արցախյան շարժումը, որը կայծակնային արագությամբ տարածվեց Հայաստանում և արձագանքեց ողջ հայության մեջ՝ ուր էլ նրանք լինեին, Արցախի անկախության և բուն իսկ Հայաստանի անկախության նախերգանքն էր: Շուտով այն դարձավ փարոս, դեպի ուր ուղղվեցին Խորհրդային Միության ազատություն ու ժողովրդավարություն տենչող ժողովրդական լայն զանգվածների հայացքները:
Ավելի քան մեկ ամիս հետո տեղի ունենալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների հիմքում հենց արցախյան շարժումն է, 32 տարի առաջ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ազդարարված որոշումը՝ ազատ և անկախ ապրելու որոշումը: Այն երեկ շրջադարձային էր, այսօր՝ այլևս անշրջելի, իսկ վաղը՝ մշտական, հավերժ»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր 1988 թ. այս օրը՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին, ինչով էլ փաստացի սկիզբ առավ Արցախյան շարժումը: