Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամանակի հետ փոփոխություն ապրել ենք, բայց դա մեր էության հետ չի առնչվել. «Երկիր Մեդիա» հեուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նա նշել է, որ Դաշնակցությունը ստեղծվել է, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա անվտանգ ապրել ու զարգանալ: «Այդ առումով մեր սկզբունքը չի փոխվել, մեր էությունը չի փոխվել բայց, բնականաբար, ժամանակներն են փոխվել, մեր գործելաոճն ու մեթոդիկան են փոխվել: Մենք դեռ զինվորագրված ենք հենց այդ դատին»,- նշել է Մարգարյանը:
Անդրադառնալով տարվա սկզբին քաղաքական բուռն իրադարձություններին և այդ հարցում Դաշնակցության դիրքորոշմանն ու դերակատարությանը` Բյուրոյի ներկայացուցիչը պատմել է, որ ժողովրդական շարժման դեռ նախօրեին` սկզբնական հանգրվանում, երբ դեռ երկու տասնյակ ժողովուրդ էր հավաքվել, ինքը հեռուստաելույթի ընթացքում (Առաջին լրատվական) ողջունել է շարժումը: «Ես ասել եմ, որ ողջունելի է դա, և մենք ուզում ենք, որ այս շարժումը հաջողի, արդյունավորվի, չլինի այնպես, որ այս շարժումը չհաջողի: Ես ուրախ եմ, որ հաջողել է»,- ասել է Մարգարյանը` ընդգծելով, որ ՀՅԴ-ի համար սրբության նման է եղել, որ ժողովուրդը ոտքի է կանգնել` իր իրավունքներին տեր կանգնելու, այն, ինչ վատն է, տգեղ է, վնասակար է, մերժելու և դրանով առաջ գնալու:
Մարգարյանը նաև նշել է, որ թեև աջակցել են շարժմանը, այնուամենայնիվ, ունեցել են լուրջ մտահոգություններ: «Ի սկզբանե մենք ունեցել ենք մտահոգություն. որքան ժողովրդային շարժումը հրաշք էր, լավն էր, իսկապես ոգևորող էր, երիտասարդության ներկայությունը բացառիկ էր, նույնքան և մտահոգությունն էր մեծ: Մենք նկատում էինք, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, որովհետև աղքատություն կա երկրում, կոռուպցիա կա երկրում, խտրական քաղաքականություն կա երկրում, անարդարություն կա երկրում, բայց մի շարք անձինք փորձում էին այդ շարժումը շեղել կամ ուղղորդել դեպի այլ տեղ: Այն, ինչ կոչվում է «գունավոր հեղափոխություն», որն այսօր ծանոթ հասկացություն է և տարբեր երկրներում իրականացվել է, մենք այդ հարցով էինք մտահոգ, որովհետև «գունավոր հեղափոխության» միակ գլխավոր նպատակը տվյալ երկիրը ռուսական ազդեցության դաշտից դուրս բերելտ և Արևմուտքի ազդեցության դաշտ մտցնելն է: Բայց մեր ժողովուրդը դրա համար ոտքի չէր կանգնել, ժողովուրդը դրա համար փողոց դուրս չէր եկել, անարդարությունն էր նրան դուրս բերողը, խտրական քաղաքականությունը, աղքատությունը, բայց ժողովուրդը երբեք մտահոգ չի եղել, որ ռուսական բազաներ կան երկրում, ժողովուրդը երբեք չի ուզել, որ ազգայինը մերժվի մեր երկրում: Մենք շատ լավ ենք հասկացել, որ երբ այդ շարժումը մտնի, այսպես ասած, «գունավոր հեղափոխության» հանգրվան, առճակատումն անխուսափելի կլինի»,- ասել է Մարգարյանը:
Ըստ նրա` առճակատումից խուսափելու համար ՀՅԴ-ն ջանք չի խնայել: «Ճիշտ այդ պատճառով մենք մեծ ճիգ ենք թափել: Մեր դիրքը տալիս էր այդ հնարավորությունը, որ մի կողմից կապի մեջ լինենք Նիկոլ Փաշինյանի հետ` որպես շարժման ղեկավարի, մյուս կողմից` Սերժ Սարգսյանի հետ` իբրև փաստացի վարչապետի: Մենք փորձել ենք այդ առճակատման պահը թույլ չտալ, այսինքն` թույլ չտալ, որ մեր երկրում երկրորդ Մարտի 1 տեղի ունենա, արյունահեղություն, բախում տեղի ունենա, և, վերջապես, ամենակարևորը` մենք չպարտավորվենք այլ, օտար ծրագրի համար ազգային գին վճարել: Շատ պարզ է` Ուկրաինան գնաց այդ ուղղությամբ, Ղրիմով վճարեց այդ գինը, Վրաստանը գնաց այդ ուղղությամբ, Աբխազիայով վճարեց այդ գինը: Մենք չէինք ուզում, որ մենք գին վճարենք: Դրա համար էր, որ մենք ամեն ճիգ թափեցինք, որ այդ շարժումը արդյունավորվի առանց, այսպես ասած, Հայաստանի` աշխարհաքաղաքական փոփոխություն ապրելու»,- նշել է Բյուրոյի ներկայացուցիչը:
Նա պատմել է, որ հենց այդ ժամանակ էր, որ ՀՅԴ-ն ձևավորեց «քաղաքական հարթակ» հասկացությունը` համոզելով բոլորին, թե՛ Նիկոլին, թե՛ Սերժ Սարգսյանին, որ պահն այնպիսին է, որ չպետք է ուժերի բախումով հարց լուծել, պետք է քաղաքական ուժերի համախմբումով կարողանալ գտնել այնպիսի լուծում, որը երկրի համար լավագույնն է:
«Մենք նույնիսկ դիմեցինք երկրի նախագահին: Նա հրապարակ եկավ նախաձեռնությամբ, որ նման հարթակ ստեղծվի: Բայց, ինչպես հատուկ է Հայաստանին, շաբաթը ուրբաթից շուտ էր գալիս, և ապրիլ 22-ին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Զուրաբյանի և Սասուն Միքայելյանի հայտնի ձերբակալությունը: Երկուշաբթի` երեկոյան ժամը 22:00-ին, պարզվեց, որ հաջորդ օրը` ապրիլի 23-ին, պետք է տեղի ունենա Ազգային ժողովի նիստ, պետք է նրանց զրկվեն անձեռնմխելիությունից ու նրանց ձերբակալությունը դառնա մնայուն ձերբակալություն: Ապրիլի 23-ի առավոտյան ժամը 9:00-ին մտել եմ վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ և հստակ ասել, որ եթե նման նախաձեռնությամբ խորհրդարան մտնեն, Դաշնակցությունը դեմ է քվեարկելու, չի համաձայնելու այս մոտեցումին: Նա ինձ հարցրել է` ինչո՞ւ, և ես բացատրել եմ, որ սա սրման է տանելու, սա քայլ է, որ մենք գնում ենք դեպի բախում, բախումն արյունահեղությամբ է տեղի ունենալու, և մենք դեմ ենք դրան: Նա ինձ հարցրել է` իսկ ի՞նչ պետք է անենք այս վիճակում: Ասել եմ` նախ` հետաձգիր ԱԺ նիստը, երկրորդ` թույլ տուր հանդիպեմ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա դժվարությամբ, բայց վերջում համաձայնել է. ԱԺ նիստը հետաձգվեց, փոխադրվեց այդ օրը` երեկոյան, և ես հանդիպեցի Նիկոլ Փաշինյանի հետ»,- պատմել է Մարգարյանը:
Ներկայացնելով Փաշինյանի հետ բանտում ունեցած իր հանդիպումը` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ նույնատիպ զրույց ունեցել է նրա հետ: «Ես Նիկոլ Փաշինյանին ասացի, որ մենք չպետք է գին վճարենք, պետք է խուսափենք այս հարցով ազգային գին վճարելուց: Նա փորձեց հասկանալ` ինչի մասին է խոսքը, և ես բերեցի նույն Ուկրաինայի, Վրաստանի օրինակը: Ասացի, որ մենք այլ ճանապարհով պետք է գնանք, որովհետև հանգուցալուծումը հստակ է, բայց գին չպետք է վճարենք: Վերջին հաշվով` 28 տարվա անկախության այս շրջանում, հազար ու մի զրկանքներով, դժվարություններով, ճնշումներով հանդերձ, ազգային մակարդակների վրա ունեցել ենք նաև ձեռքբերումներ և դրանք չպետք է վտանգեինք ինչ-ինչ պատճառներով»,- շեշտել է Մարգարյանը:
Նրա խոսքով` Փաշինյանի` բանտից դուրս գալուց հետո արդեն «իրավիճակ էր փոխվել», և Սերժ Սարգսյանը որոշել էր մի կողմ քաշվել ու առիթ տալ Կարեն Կարապետյանին:
«Համենայն դեպս` ուրախ եմ, որ Հայաստանում արյուն չթափվեց, բախում տեղի չունեցավ, մենք գին չվճարեցին, բայց գին չվճարելու մեր ճիգն ու ջանքը դեռ շարունակվում է: Հուսամ` բոլորս, անկախ կուսակցական պատկանելությունից, կունենանք այն գիտակցությունը, որ մեր երկիրը ղեկավարենք այնպես, մեր գործերը դասավորենք այնպես, որ չպարտավորվենք գին վճարել: Այդ գինը վճարելու իրավունքը մենք չունենք»,- ասել է Մարգարյանը:
Դիտարկմանը, որ կալանավայրում այդ հանդիպման մասին հայտնի է հասարակությանը, բայց Մարգարյանն առաջին անգամ է բացում փակագծերը, նա արձագանքել է, որ այդ ընթացքում հարյուրավոր հանդիպումներ է ունեցել, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն հանդիպումների մանրամասները չի բացահայտել, քանի որ համարել է էթիկայի նորմերից դուրս:
«Քաղաքական մարդիկ կարող ենք հանդիպել, զրուցել, կարող է շատ կարևոր հանդիպումներ լինեն պատմության համար, բայց օրվա պահով այն կարող է այլ մեկնաբանություններ ունենալ, որ էժանացնում է ամեն ինչ: Ես մինչև հիմա չեմ գնացել այդ ճանապարհով, չեմ խոսել, բայց նաև նկատել եմ, որ չարաշահվում է: Ես հրապարակում չեմ եղել, մյուսը եղել է, մեկը ջուր է բաժանել, մեկը չգիտեմ, թե ինչ է արել, մենք ո՞ւր էին այդ ժամանակ: Այնպես չէ, որ մենք տանն էինք կամ պասիվ դերակատարություն ենք ունեցել: Հակառակը` շատ ակտիվ դերակատարություն ենք ունեցել: Ես կարծում եմ, որ մայիսի 7-ը հասունացնելու առումով մեր դերակատարությունը շատ կարևոր է եղել: Մայիսի 7-ը անարյուն հաջողեցնելու առումով մեր դերակատարությունը բավական կարևոր է եղել»,- ընդգծել է Հրանտ Մարգարյանը: