Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ է հանդիպել Ֆրանսիայի իշխող` Սոցիալիստական կուսակցության խմբակցությունը` ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորությամբ: Նշենք, որ ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակոթյունը Հայաստանում է գտնվում Ֆրանսիայի անվանի քաղաքական գործիչ, Սոցիալիստական կուսակցության հիմնադիր Ժան Ժորեսի մահվան 100-ամյա տարելիցի կապակցությամբ: ժան Ժորեսն այն եզակի քաղաքական գործիչներից էր, որ ժամանակին բարձրացրել է Հայոց ցեղասպանության խնդիրը:
Բրյունո լը Ռուն նախ անդրադարձավ ԼՂ խնդրին` ասելով որ Ֆրանսիան, լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր, իր ջանքերն է գործադրում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Չնայած վերջին ժամանակներում շատ են սադրանքները և խնդիրները, բայց մենք հույս ունենք, որ ԼՂ խնդիրը խաղաղ լուծում կստանա»,- ասաց նա:
Լրագրողների այն հարցին` ինչպե՞ս է խորհրդարանականը գնահատում Ադրբեջանի սադրիչ գործողությունները և Ադրբեջանում կասկածելի հանգամանքներում մահացած հայաստանցի գերու փաստը, Բրյունո լը Ռուն նախ նշեց, որ չի ցանկանում ընդհանուր գնահատականներ հնչեցնել: «Կցանկանայի, որ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները աշխատանքներ տանեին այդ խնդրի լուծման ուղղությամբ: Պարզապես ես իմ անհանգստությունն եմ հայտնում սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ: Ես խոսել եմ նաև Կարեն Պետրոսյանի անհետացման փաստի մասին»,- ասաց ֆրանսիացի խորհրդականը` ընդգծելով, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, չի տալիս որևէ հույս, որ լուծում կլինի այս տիպի խնդիրներին:
Հարցին` իսկ ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանի դժգոհություններինՙ կապված ՄԽ գործունեության անարդյունավետության հետ, և արդյո՞ք ԼՂ կարգավորման խնդրում մրցակցություն է ստեղծվել ՄԽ համանախագահող երկրների միջև, Բրյունո լը Ռուն պատասխանեց. «Եթե դատողություններ անելու լինեմ դիվանագիտական որևէ գործունեության վերաբերյալ, ապա վստահաբար ականջալուր չեմ լինի Ադրբեջանի կողմից հնչեցված գնահատականներին»:
Նա նաև հավելեց, որ որևէ մրցակցություն չկա ՄԽ համանախագահների միջև, պարզապես անհրաժեշտ է, որ համանախագահներն ավելի շատ հանդես գան ակտիվ նախաձեռնություններով: «Ֆրանսիան առանձնահատուկ դեր ունի այս խնդրում, և չի պատրաստվում իր տեղը զիջել որևէ այլ պետության»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը և այդ հարցում Ֆրանսիայի վրա Թուրքիայի ճնշմանը, Բրյունո լը Ռուն համաձայնեց, որ ճնշման խնդիր ծագում է ամեն անգամ, երբ բարձրացվում է Հայոց ցեղասպանության հարցը:
«Այս տարվա ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահը, երբ ելույթ ունեցավ Կոմիտասի արձանի առջև, նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ժխտող օրինագծի ընդունման համար քաղաքական առումով խնդիրներ չկան, առկա են միայն իրավական խնդիրներ, որ օրինագծի ընդունումը չսահմանափակի ազատ արտահայտման իրավունքը: Ինչևէ, Ֆրանսիան լավ հարաբերություններ ունի թե' Հայաստանի, թե' Թուրքիայի հետ, և կարևոր է, որ այդ խնդիրների լուծումը չխանգարի այդ հարաբերություններին»,- նշեց ֆրանսիացի խորհրդարանականը: