Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Միացյալ Նահանգները կարող է եւ պետք է ավելի մեծ դեր խաղա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Քենեթ Յալովիցը.
«Կարծում եմ, ամերիկյան եւ եվրոպական ավելի մեծ ներգրավվածությունը ղարաբաղյան հարցում շատ կարեւոր է, սակայն կարեւոր է նաեւ, որ հայկական եւ ադրբեջանական հասարակության առաջնորդներն իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստեն»:
Յալովիցի խոսքով, Ռուսաստանն ու Արեւմուտքը պետք է օգնեն հակամարտող կողմերին խաղաղություն հաստատել.
«Ռուսաստանն այժմ բացասական դեր է խաղում՝ զինելով երկու կողմերին: Ինձ դա կառուցողական չի թվում: Արեւմուտքն ու Ռուսաստանը պետք է համաձայնության գան եւ փորձեն կողմերի միջեւ իրական բանակցություններ խթանել, որպեսզի դրվեն խաղաղ կարգավորման հիմքերը»:
Հայ եւ ադրբեջանական ժողովուրդներին խաղաղության ուղիով տանելու մասին էր խոսում նաեւ Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Ջոն Հերբսթը.
«Պետքարտուղարությանն անհրաժեշտ է ավելի լուրջ դեր ստանձնել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում՝ մանրամասն հետազոտելով կարգավորման հեռանկարները հայկական եւ ադրբեջանական հասարակություններում»:
Ատլանտյան խորհուրդի վերլուծաբան Ագնիա Գրիգասի խոսքով, հակամարտությունը չի բխում ոչ հայկական ոչ ադրբեջանական ժողովուրդների շահերից.
«Միակ կողմը, որ շահում է այս տեւական հակամարտությունից Ռուսաստանն է: Ղարաբաղյան խնդրի ներկա կարգավիճակը խոչընդոտում է Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական, քաղաքական եւ հասարակական զարգացմանը»:
Գրիգասի կարծիքով, ապրիլյան պատերազմից հետո բարդ է խոսել հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու մասին, սակայն, հակամարտության տեւական կարգավորման հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ կողմերի փոխհամաձայնությամբ: