Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղի է ունենում պետական հանցագործություն, արդարադատության, սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած՝ «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ։
«Քաղաքական իշխանությունը, ունենալով մեծամասնություն պառլամենտում, սահմանադրությամբ ունենալով իրավունք համապատասխան փոփոխություն կատարելու Սահմանադրության մեջ, ինչո՞ւ է տեղափոխում պատասխանատվությունը ժողովրդի վրա։ Պատճառն այն է, որ քաղաքական իշխանությունը հասկացավ, որ ինքը թույլ է տալիս հանցագործություն և որպեսզի այդ պատասխանատվությունը կոնկերտ անձանց չվերագրվեն և նրանց համար նախատեսված օրենքի դրույթները չկիրառվեն, սկսեց շահարկել ժողովրդի անունը և հանրաքվեի ինստիտուտը բերեց օրակարգ։ Իրականում, հանրաքվեն իշխանությանը պետք է մեկ բանի համար, որպեսզի ժողովրդի անունով քողարկի իր հանցագործությունը»,-ասաց նա։
Նա նշեց նաև օրենքով սահմանված պատասխանատվության չափը այս հանցագործության համար․ «Դա հենց սահմանադրական կարգի տապալում է և 10-15 տարվա ազատազրկում է սպասվում բոլոր այդ մարդկանց, քանի որ որպես կազմակերպված հանցավոր խմբավորում են դիտարկվում և շատ ավելի դաժանանուն է պատիժը»։
Այն, որ գործընթացը սահմանդրական կարգի տապալում է, Արծվիկ Մինասյանը հիմնավորում է այն հանգամանքով, որ քաղաքական իշխանությունը՝ լինի պառլամենտում մեծամասնություն կամ կառավարություն ամբողջությամբ, չի կարող յուրացնել դատական իշխանության իրավունքները, չի կարող օրինականության սկզբունքը, որը ամրագրված է որպես սահմանադրական կարգի՝ քրեական օրենսգրքով պաշտպանված հոդված, նվաճել։
Նրա տեսանկյունից՝ անընդունելի է ժողովրդի կարծիքը ՍԴ դիրքորոշմանը հակադրելու շահարկումը․ «Ասում է՝ ժողովուրդ, ես ուզում եմ քո կարծիքը հարցնել, բայց ինձ ասում են՝ չէ, Հրայր Թովմասյանի կարծիքը պետք է հարցնես, այսինքն, ՍԴ եզրակացությունն ավելի բարձր են դասում, քան քեզ՝ ժողովուրդ․ սա հստակ մանիպուլյացիա է։ Որովհետև ՍԴ-ի լիազորությունն է տալ որոշում՝ արդյո՞ք փոփոխությունը համապատասխանում է Սահմանդրության այլ կարևոր սկզբունքներին ու նորմերին, թե՞ ոչ։ Քաղաքական իշխանությունը և, ցավոք սրտի, նաև պառլամենտի՝ դրսում կրթություն ստացած մի շարք անդամներ, թույլ են տալիս իրենց իջնել շատ ավելի ցածր մակարդակի և ներկայացնել, որ ժողովո՛ւրդ, տեսեք, ձեր իրավունքը վերցրել են ձեր ձեռքից և տվել ՍԴ-ին։ Աբսուրդ է»։
Արծվիկ Մինասյանը նաև ուշադրություն հրավիրեց, որ քաղաքական իշխանությունը հապճեպ, ափալ-թափալ վարքագիծ է դրսևորում․ «Ինչո՞ւ է ձգտում օր առաջ ստեղծել իր դատարանը։ Հիմնավորումը, որ՝ ուզում ենք բարեփոխում իրականացնել և ՍԴ-ն խոչընդոտում է, ծիծաղելի է․ որևէ բարեփոխում այսօր սեղանին դրված չէ։ Անգամ վեթինգի ինստիտուտը, որ փորձում էին ձևախեղված ներկայացնել, անգամ սրան պատրաստ չեն, էլ ո՞ւր մնաց տնտեսական ոլորտում որևէ լուրջ բարեփոխումների պատրաստ լինելը»։
Նա ընդգծեց, որ անմեղության կանխավարկածը ամեն օր, ամեն եթերում և ԱԺ բարձր ամբիոնը ամեն անգամ օգտագործելով՝ ոտնահարվում է։
«Ու զարմանալիորեն մեր պառլամենտում ներկայացված՝ իշխող ուժի պատգամավորները, ովքեր իրենց համարում են ժամանակակից կրթություն ստացած անձինք, այնպիսի բառապաշար են օգտագործում, որ զարմանում ես՝ իրենք դրսում այդ կրթությունը իսկապե՞ս ստացել են, թե՞ այլ բաներով են զբաղված եղել։ Որովհետև անհնար է բացատրել պատգամավորի խոսքը, որն ասում է՝ ի՞նչ է եղել որ, բա ՀՔԾ-ն չներկայացնի՞ ինչ հանցագործություն է իրականացվել։ Լսե՛ք, ախր դուք ի՞նչ իրավունք ունեք առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի՝ մարդուն մեղադրել, վարկաբեկել, մարդուն դարձնել հանցագործ, ո՞վ եք դուք, ո՞վ է տվել ձեզ այդ իրավունքը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Սփյուռքահայ մեր հայրենակիցները, ովքեր ողջունել են 2018 թ-ի ժողովրդական ընդվզումը, ձգտել են, որ երկրում իրականանան հիմնարար բարեփոխումներ, այսօր անգամ նրանք են ապշած՝ ո՞նց կարող է գործադիր իշխանության ղեկավարը դատարանի նկատմամբ այդպիսի հայտարարություններ անել, դատարանը շրջափակել, դատավորի նկատմամբ հարձակում կազմակերպել, փաստաբանի նկատմամբ փողոցային արդարադատություն կազմակերպել՝ նշեց Արծվիկ Մինասյանը։ Նրա համոզմամբ մեր սփյուռքահայ բարեկամները ևս հասկանում են, որ այսօրվա քաղաքական իշխանության վարքագիծը տանում է պետականության կորստի և օր առաջ իշխանությունը պետք գիտակցի այս ամենը։
«Այս վայրենի միջավայրում, այս հախուռն միջավայրում, երբ չկա պատկերացում մարդու իրավունքների մասին և մենք ականատեսն ենք լինում այսպիսի գործողությունների, պարտադրված հանրաքվեն լինելու է և այս հարկադիր հանրաքվեին մեր քաղաքացիները ուզեն, թե չուզեն պետք է վերաբերմունք արտահայտեն։ ՀՅԴ գրասենյակը հայտարարություն է տարածել, որով կոչ ենք անում քաղաքակցիներին՝ չմասնակցել, չաջակցել, որ իշխանությունը իր հանցավոր մտադրությունը մինչև վերջ հասցնի, որովհետև սա հանցանք է պետականության դեմ և սրա պատասխանը տալու է մեր ժողովուրդը։ Բայց բոլոր նրանց, ովքեր պարտադրված գնալու են իրենց կարգավիճակից ելնելով՝ կոչ ենք անում անվավեր դարձնել քվերաթերթիկը կամ «Ոչ» քվեարկել»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․