Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պնդում է՝ իրենք արմատական ընդդիմություն են, արմատական են իրենց քաղաքականությամբ, ինչը հակադրվում է Հայաստանի իշխանության վարած հակապետական քաղաքականությանը, իսկ ինչ վերաբերում է մարտավարության արմատական լինել-չլինելուն, ապա նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ են քաղաքացիները ցանկանում տեսնել՝ ընդդիմությունից արմատական մարտավարություն պահանջելով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ընդդիմության հասցեին հնչող քննադատություններին այսպես արձագանքեց Արծվիկ Մինասյանը՝ շարունակելով.
«Իմ գնահատմամբ՝ արմատական մարտավարությունն այն է, որ իշխանության ցանկացած ստին ընդդիմությունը պետք է հակադարձի ստի բացահայտումով և ոչ թե՝ իշխանության վրա կոշիկ շպրտելով և հայհոյելով։ Իհա՛րկե, ակնհայտ է, որ մեր հասարակությունը սիրում է ամեն անգամ մեղավոր կարգել ընդդիմությանը՝ իր օբյեկտիվ և սուբյեկտիվ ակնկալիքները նրանից չստանալու պատճառով։ Դրանից բացի, կան ուժեր, որ քննադատում են ընդդիմությանը և փորձում մղել ծայրահեղ գործողությունների՝ շատ լավ իմանալով, որ ելքը չի բերելու պետականության փրկությանը»։
Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության քարտուղարի համոզմամբ՝ ընդդիմության քննադատների մի էական հատվածի թվում է, թե իրենք Ֆեսյբուքում շատ ավելի արմատական են, քան խորհրդարանական ընդդիմությունը։
«Ուստի, առաջարկում եմ այդ քննադատության մեջ գտնել ռացիոնալ հատիկը, իսկ դա այն է, որ մեզ ձայն տված մարդիկ ասում են՝ գնացե՛ք և իշխանության ճակատին ասե՛ք իրենց ստերն ու սխալները. մենք դա անում ենք»,- ասաց Մինասյանը։
Դիտարկմանը՝ արդյոք ընդդիմության քննադատության մեջ ռացիոնալ հատիկ չե՞ն նաև հրապարակված վերջին սոցիոլոգիական հարցումները, ըստ որոնց, 21 տոկոս վարկանիշով 2021 թվականին խորհրդարան մտած ընդդիամադիր դաշինքի ղեկավարն ունի ընդամենը 2 տոկոսանոց վարկանիշ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց.
«Անգամ այս թվերի պարագայում, ցավոք, ավելի բարձր գնահատական ստացած ընդդիմադիր չկա, իսկ սա նշանակում է, որ շարունակում ես մնալ ամենահիմնական ընդդիմադիր բևեռը»,– ասաց Մինասյանը՝ ուշադրություն հրավիրելով սոցիոլոգիական հարցման մեկ այլ տվյալի վրա, ըստ որի՝ հարցվածների 65 տոկոսը որևէ ուժի ձայն չի տա։
Ըստ Մինասյանի՝ այս անտարբերությունն ամենավատ բանն է, ինչը նաև արդյունք է այն իրողության, որ ընդդիմության ներսում տարբեր ուժեր շարունակաբար քննադատում են միմյանց։
Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ իրենք քննադատվում են ոչ միայն իշխանության, այլ նաև այլ ընդդիմադիր ուժերի կողմից, Մինասյանն արձագանքեց.
«Ես շնորհակալ եմ այն քննադատությունների համար, որոնց նպատակն ընդդիմությանը ուժեղացնելն է։ Բայց կան նաև քննադատողներ, որոնց նպատակն էդ անտեր մանդատներն ու կարգավիճակն ունենալն է։ Այս առումով, մեզ մոտ մարտավարական ծրագրերում ունենք անգամ մանդատներից վերջնականապես հրաժարվելու տարբերակ ևս։ Հրաժարվելու պահն այնժամ է լինելու, երբ կտեսնենք, որ քաղաքական ճգնաժամի միակ ելքն Ազգային ժողովում 101 պատգամավորից ավելի ցածր թվով պատգամավորական մանդատ թողնելն է, որպեսզի այդ մարմինն այլևս դադարի լինել սահմանադրական մարմին։ Այդ քայլին կարող ենք գնալ, երբ տեսնենք մարդկանց հսկայական քանակ»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը՝ շեշտելով, որ խմբակցության օրակարգում շարունակում է մնալ իշխանությանը վռնդելու հարցը։
«Մենք խորհրդարան ենք գնացել իշխանությանը վռնդելու համար։ Այո՛, մենք այդ գործի վրա ենք, մեր օրակարգը չի փոխվել, ամբողջ ցավն այն է, որ մարդկանց թվում է, երբ ասում ես՝ վռնդել, մի ճտտոցով պետք է դա անել»,- ասաց Մինասյանը։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է իրենց խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի համար անհասկանալի այն մտայնությունը, թե իրենք գնացել են խորհրդարան՝ իշխանությանը վռնդելու համար, Արծվիկ Մինասյանը պատասխանեց.
«Մեր խմբակցության տեսակետը կարող են ներկայացնել խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը։ Եթե մեր պատգամավորներից առանձին անձ իր սուբյեկտիվ ընկալմամբ հայտարարություն է անում, դա չպետք է վերագրել ամբողջ խմբակցությանը։ Կրկնում եմ՝ մեր օրակարգն այս իշխանությանը վռնդելն է, և այդ հարցում փոփոխություն չկա»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։