կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-12 13:47
Աշխարհ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Հարությունյանը մեջբերեց Կառլսոնին․ կան հարցեր, որոնց չես կարող պատասխանել «այո» և «ոչ»

«Ոչ»-ի ճամբար ձևավորելու մասին հարցին ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց Կառլսոնի և դայակի՝ Ֆրեկեն Բոկի զրույցից մեջբերմամբ․ «Կան հարցեր, որոնց չես կարող պատասխանել «այո» և «ոչ»»՝ հայտնում է Yerkir.am-ը։

Սահամանադրության փոփոխության հանրաքվեին «Ոչ»-ի ճամբար կարող է լինել՝ չբացառեց նա, բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ փաստաթուղթը ոչ թե հակասահմանադրական է, այլ հարցը բովանդակային առումով անընդունելի է, կարող են ստեղծել «Ոչ»-ի ճամբար։

«Իմ պարագայում՝ ես գտնում եմ, որ սա հանցագործություն է և չեմ ուզում մասնակցել այս հանցագործությանը։ Կարլսոնի և Ֆրեկեն Բոկի բնավեճը եթե հիշում եք՝ սա հենց նույն հարցն է, որին չես կարող պատասխանել «Այո» և «Ոչ», ինքնին հարցադրումը անթույլատրելի է և հակասահմանադրական է, ուստի ես ինքս չեմ պատրաստվում մասնակցել որևէ ձևով «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչությանը, որովհետև համարում եմ պրոցեսը հանցագործություն, որը վտանգում է ՀՀ ապագան»,-ասաց Դավիթ Հարությունյանը։

Դիտարկմանը, թե՝ նա իշխանության կոշտ քննադատն է, անհասկանալի էր Դավիթ Հարությունյանի համար, քանի որ, ըստ նրա, չի կարող մեկը ճակատին գրել՝ իշխանության կոշտ քննադատն եմ․ «Դու կարող ես քննադատել այն, ինչի հետ համաձայն չես, բայց եթե ինչ-որ դրական քայլ է արվում, ինչո՞ւ պետք է լինես քննադատ։ Միայն անմիտ մարդիկ կարող են իրենց հռչակել իշխանության կոշտ քննադատ։ Չմասնակցելն ամենևին պայմանվորված չէ իշխանության կոշտ քննադատ լինելով, չմասնակցելը պայմանավորված է նրանով, որ հակասահմանադրական գործընթաց է և չենք ուզում մասնակից լինել»։

ՀՀ արդարադատության նախկին նախարարը իրավական հիմնավորումներով բացատրեց՝ ինչու է գործընթացը հակասահմանադրական․ «Հակասահմանդրական է ոչ միայն այն պատճառով, որ չկա ՍԴ եզրակացություն․ այո՛, չկա ՍԴ եզրակացությունը և սա արդեն լուրջ խախտում է Սահմանդրության։ Բայց այլ հարց էլ կա․ այս նախագիծը չի համարվում ԱԺ չընդունած նախագիծ, քանի որ փորձ է արվել կենցաղային իմաստ դնել Աժ չընդունելու մեջ՝ ենթադրենք մեկը բերի ինչ-որ նախագիծ, ասի՝ վերցրեք, ասեն՝ չենք վերցնում․․․ կենցաղային իմաստով չընդունեց, բայց օրինագիծը չընդունվելու հստակ ընթացակարգ կա։ ԱԺ կանոնակարգ օրենքը նշել է 5 փուլեր, որպեսզի օրինագիծը համարվի չընդունված․ այն պետք է քվեարկվի առաջին ընթերցմամբ, ընդունվի 2/3 ձայներով, քննարկվի երկրորդ ընթերցմամբ, բայց չքվեարկվի, ավարտվի երկրորդ ընթերցումը, քվերակվի ՍԴ դիմելու հարցը, հարցը գնա ՍԴ, ստանա դրական եզրակացություն, հարցը քվերակվի 2-րդ ընթերցմամբ և չհավաքի 2/3 ձայներ։ Այս հաջորդականությամբ 5 փուլերից հետո միայն նախագիծը կարող է համարվել չընդունված, մյուս բոլոր դեպքերում այն հանվում է շրջանառությունից»։

Եթե այս գործընթացի դեմ դիմեն Եվրոպական դատարան, մեծ է հավանականությունը, որ կշահեն դատը, բայց, Դավիթ ՀԱրությունյանի համոզմամբ, դա չէ կարևոր։

Կարևորն այն է, որ պետությունը պարտվում է ոչ թե Եվրոպական դատարանում, այլ պետությունը պարտվում է իր ապագան։

Հիշեցնենք, որ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնությամբ՝ ապրիլի 5-ին տեղի կունենա Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով մտադիր են դադարեցնել ՍԴ 7 անդամի լիազորությունները։ Փոփոխությունը վերաբերում է Սահմանադրության 213 հոդվածին։ Գործող հոդվածը սահմանում է. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը։ Մինչդեռ նախագիծն առաջարկում է հետևյալ փոփոխությունը. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Դավիթ Հարությունյանը խոսել է նաև ՍԴ կազմի՝ միանգամից փոխվելու վտանգների մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․