կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-10 11:32
Տարածաշրջան

Սպանություն, հալածանք, բացահայտ լցոնումներ, կեղծիք. ադրբեջանական ընտրությունների «ժողովրդավարությունը»

Սպանություն, հալածանք, բացահայտ լցոնումներ, կեղծիք. ադրբեջանական ընտրությունների «ժողովրդավարությունը»

Երեկ՝ փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 2019 թ. դեկտեմբերին 2-ին Միլլի Մեջլիսը ինքնալուծարվել էր և նշանակվել էր արտահերթ ընտրություններ: Դրանից հետո մեկը մյուսի հետևից տեղի ունեցան բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ. Ալիևներին տարիներով ծառայած գործիչները փոխարինվեցին Փաշաևների ընտանիքին (երկրի առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ընտանիքը) ավելի մոտ կանգնած մարդկանցով: Երկրում խոսում էին, որ Իլհամ Ալիևը պատրաստվում է հեռանալ, երկիրը թողնելով կնոջը:

Իլհամ Ալիևը վերջին մի քանի ամիսներին պարբերաբար հայտարարում էր բարեփոխումների և երկրում ժողովրդավարական արժեքների բարձրացման մասին: Ամբողջ պետական ապարատը լծված էր «բարեփոխումները» փառաբանելով: Սակայն երեկ տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին այն, ինչին սպասում էին բոլորը:

Քվեարկության մեկնարկից արդեն ադրբեջանական ընդդիմադիր ուժերը՝ Գերմանիայից հեռարձակվող «Meydan TV»-ի գլխավորությամբ, տարածեցին ընտրություններում տեղի ունեցող ակնհայտ խախտումները՝ երկուսից ավել մարդ քվեախցիկում, ուղորդումներ, ակնհայտ լցոնումներ, ընտրատեղամասերում լույսերի անջատում, լրագրողների և դիտորդների նկատմամբ հալածանք, կրկնակի ընտրություններ, բաժանված կաշառք և այլն: Բախումներ տեղի ունեցան ոստիկանության և անօրինությունների դեմ դուրս եկած ցուցարաների միջև: Մի շարք ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվեց մեկ ժամ շուտ: Այս ամենին գումարվեց նաև Գյոյգոլ-Դաշքեսանի շրջանում (101-րդ ընտրատարածք) տեղի ունեցած սպանությունը: Սպանվածը թեկնածուներից մեկի՝ Մովսում Ասլանովի վստահված անձն է՝ Սուբհան Հաջիևը: Հաջիևը սպանվել է իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու՝ Էլշադ Միրբաշիրի կողմնակիցների կողմից:

Ադրբեջանական Haqqin.az-ը գրում է, որ գերմանացի դիտորդները ողջունել են ընտրությունները, իսկ Բունդեստագի նախկին պատգամավոր, դիտորդ Շտեֆան Լեմմեն նշել, որ ընտրություններն անց են կացվել միջազգային նորմերին համապատասխան և ժողովրդավարական սկզբունքների պահպանմամբ:

Իլհամ Ալիևին, ինչպես սպասվում էր, առաջինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրություններին մասնակցած անձանց թիվը: Թվերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի այն վիճակագրությունը, ըստ որի երկրի բնակչությունը 10 մլն. է, չի համապատասխանում իրականությանը: 5.212.902 ընտրողից քվեարկեկել է 2.389.754 ընտրող, իսկ ակտիվությունը կազմել է 44.84 տոկոս:

Ա.Ե.