Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի` Արցախի համապետական ընտրություններին ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագրի երիտասարդության բաժինն ամբողջացնելու համար ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը փետրվարի 6-ին հանդիպում-զրույց է ունեցել Արցախի մոտ 100 երիտասարդների հետ:
«Ապառաժ»-ը գրի է առել հանդիպման ընթացքում երիտասարդների հնչեցրած հարցերն ու Դավիթ Իշխանյանի պատասխանները:
Մարզիկների վաշտ
Հարց. Սպորտի բնագավառում կարգավորված չէ մարզիկների բանակային ծառայությունը: ՀՀ-ում հարցը կարգավորվել է օրենսդրական նախաձեռնությամբ՝ բարձր կարգի մարզիկներին համախմբելով մարզական վաշտում: Արցախում ինչպե՞ս եք տեսնում այդ հարցի լուծումը:
Դավիթ Իշխանյան. Հարցը շատ ակտուալ է: Սպորտով զբաղվող եւ համապատասխան հաջողություններ արձանագրած մարզիկները, զորակոչային տարիքի հասնելով, համապատասխան խնդրի առաջ են կանգնում: Այս հարցը, երբեմն անհատական միջամտություններով եւ նախաձեռնություններով, որոշակի մեղմ քաղաքականությամբ լուծվել է, բայց, իհարկե, ես կողմնակից եմ, որպեսզի այդ հարցը օրենսդրական նախաձեռնության եւ կարգավորման մակարդակի հասնի:
Ծրագրեր երիտասարդների համար
Հարց. Ի՞նչ ծրագրեր պետք է ներդրվեն՝ երիտասարդների հետ կապված:
Դավիթ Իշխանյան. Պետության դերակատարությունը երիտասարդությանը հուզող հարցերում պետք է լինի բավականին ծանրակշիռ: Բայց այդ ծանրակշիռ հանգամանքը ոչ միայն համապատասխան քաղաքականությամբ պետք է արտացոլվի, այլ այդ ամենը պետք է ունենա իր համապատասխան ֆինանսական հնարավորությունների ընձեռումը եւ կարգավորումները: Ես մտադիր եմ՝ այս խնդիրները դնել համապատասխան մակարդակի վրա: Անցած 5 տարիների ընթացքում պետության կողմից երիտասարդական դաշտին եւ կազմակերպություններին տրամադրվող գումարների արդյունավետությունը մենք չենք տեսել: Երիտասարդն ուզում է ուսում, աշխատատեղ, ընտանիք եւ սոցիալական բարեկեցիկ պայմաններ: Յուրաքանչյուր երիտասարդ պետք է ուղղակիորեն ինքն իրեն ապահովված զգա այդ ամենով: Մենք պարտավոր ենք սոցիալական բավարարվածության պայմաններ ստեղծել: Մեր պետական բյուջեով ներկայացվող 18 սոցիալական փաթեթները եւ տրվող արտոնությունները բավարար չեն: Այդ ամենը պետք է խտացնել, խմբավորել, ճիշտ թիրախավորել եւ համապատասխան միջոցներ ուղղորդել այդ խնդիրները հանգուցալուծելու համար:
Սահմանադրական բարեփոխումներ
Հարց. 2017-ին «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել Սահմանադրական փոփոխություններին: Եթե Դաշնակցությունը գա իշխանության՝ Սահմանադրությունը փոփոխության կենթարկվի՞:
Դավիթ Իշխանյան. Մենք կարծում ենք, որ 2020 թվականի համապետական ընտրություններից հետո անհրաժեշտ է իրականացնել Սահմանադրական բարեփոխումներ: Ներկայիս գործող Սահմանադրության մեջ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել, քանզի դրանք հարված են հասցնում մեր պետական համակարգին: Գերկենտրոնացված նախագահական համակարգով նախագահին է վերապահված միանձնյա որոշելու կառավարության կառուցվածքը, բայց կառավարության կառուցվածքը կոլեգիալ որոշման անհրաժեշտություն ունի: Խորհրդարանը պետք է ունենա իր դերը:
Միաժամանակյա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները՝ տեսնում ենք, թե ինչպիսի բեւեռացում են ստեղծել, մեկ տարվա մեջ նոր կուսակցությունների գրանցման եւ ձեւավորման ինչ հոսք է տեղի ունեցել. 12 կուսակցությունից հասել ենք 27-ի:
Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն են, եւ այդ առումով մենք կփորձենք նախաձեռնություն ցուցաբերել:
Մարզիկների վարձատրություն
Հարց. Ինչպե՞ս եք տեսնում պրոֆեսիոնալ սպորտի զարգացումը, եթե բնագավառի մասնագետները ստիպված են մարզաձեւի դասավանդումը զուգակցել մեկ այլ աշխատանքի հետ՝ բավարար միջոցներ ստանալու համար:
Դավիթ Իշխանյան. Մենք մեր մտայնության մեջ պետք է ունենանք հնարավորությունների եւ համապատասխան մեխանիզմների անցնելու կարողությունը: Արդյո՞ք մեր նյութական հնարավորությունները բավարար են պրոֆեսիոնալ մարզիչներին համապատասխան միջոցներով ապահովելու: Հարցն այն է, թե ինչ միջոցներով պետք է դա արվի՝ պետական բյուջեո՞վ, անհատական ֆինանսավորմա՞մբ, ֆեդերացիաներո՞վ, թե՞ այլ աղբյուրներով: Խնդիրը ֆինանսականի մեջ է, եւ, անկեղծ ասած, ես չեմ կարող ասել, որ հարցը ներկայումս լուծում ունի: Բայց ինքս համոզված եմ, որ պրոֆեսիոնալ մարզիչի համար մարզաձեւը պետք է դառնա մասնագիտություն եւ եկամտի աղբյուր: Երբ մենք ունենք հաջողություններ միջազգային տարբեր հարթակներում, այդ հաջողությունները մեզ հնարավորություն պետք է տան այս կամ այն ոլորտի մեջ ունենալու պրոֆեսիոնալներ, որոնց հիմնական աշխատանքը եւ գործունեությունը համարվի պրոֆեսիոնալ մարզաձեւը:
Արտագաղթ գյուղերից
Հարց. Պետության եւ կառավարության վարած քաղաքականության արդյունքում գյուղական համայնքներում արձանագրվում է երիտասարդների հոսք դեպի Ստեփանակերտ եւ արտերկիր: Ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը:
Դավիթ Իշխանյան. Այսօր մեզ մոտ բացակայում է հայեցակարգային մոտեցումը գյուղական համայնքի եւ գյուղացու նկատմամբ: Պետությունը չունի այդ հայեցակարգային մոտեցումը: Գյուղատնտեսությանը հատկացվող միջոցներ, դոտացիաներ, այս կամ այն գյուղերում կրթօջախ, համայնքային կենտրոն, բուժկետ, մարզադահլիճ կառուցելը պարագայական է: Իմ պատկերացմամբ՝ մենք պետք է ունենանք յուրաքանչյուր համայնքի զարգացման ծրագիր: Եթե այսօր մեր գյուղական բնակավայրերի սպայական անձնակազմը, ծառայելով ՊԲ-ում, հատուկ հերթագրվում է եւ բնակարան ստանում քաղաքային բնակավայրերում, եթե պետության կողմից հատուկ քաղաքականություն է վարվում՝ բնակարաններով միայն քաղաքային բնակավայրերում ապահովելու, դրանով մենք լուրջ հարված ենք հասցնում գյուղական բնակավայրերին: Պետության կողմից հիմնականում ներդրումներ են կատարվում խոշոր համայնքներում, եւ փոքր համայնքներն աստիճանաբար դատարկվում են:
Այսօր Արցախի ամենամեծ վարչական շրջանի՝ Մարտունու 36 համայնքներից միայն 4 համայնք է ինքնաբավ:
Այս հարցը համալիր, ընդհանուր քննարկումների անհրաժեշտություն է պահանջում: Հիմնական առանցքը երկու միավորումների՝ պետության եւ տեղական ինքնակառավարման մարմնի համադրված աշխատանքն է, ինչը եւ պետք է կարգավորվի:
Գյուղատնտեսության զարգացում
Հարց. Գյուղատնտեսության ոլորտում արտոնություններ տրամադրելուց առաջնահերթություն չի տրվում գյուղատնտես մասնագետին, ինչը գնալով դառնում է մասնագիտության հանդեպ հետաքրքրության նվազման եւ գյուղատնտեսության բնագավառում հաջողություններ չարձանագրելու ու գյուղը լքելու պատճառներից մեկը:
Դավիթ Իշխանյան. Պետական բյուջեով գյուղատնտեսության ոլորտին ուղղված ընդհանուր հատկացումները 3-4 տոկոս է, ինչն, իմ կարծիքով, բավարար չէ: Ես կարծում եմ, որ այստեղ պետք է վարել նպատակաուղղված քաղաքականություն: Գյուղհիմնադրամի եւ համապատասխան այլ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման առումով տեսնում ենք միջոցների ոչ արդյունավետ օգտագործում: Այս ամենի հետ՝ անհրաժեշտ է ներդնել նաեւ մեխանիզմներ՝ համապատասխան ծրագրերում ներդրված գումարները վերահսկելու:
Հայաստան-Արցախ հարաբերություններ
Հարց. Հաշվի առնելով Դաշնակցության Հայաստանի կառույցի՝ տեղի իշխանությունների հետ հարաբերությունները, նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ հարաբերությունները:
Դավիթ Իշխանյան. Հարցին ես անձնավորված չեմ մոտենում: ՀՀ-ն ունի երկրի առաջնորդ, ԱՀ-ն կունենա իր ընտրյալ նախագահը, եւ երկուսն էլ պարտավոր են բնականոն համագործակցելու դաշտ ապահովել: Մենք ունեցել ենք այնպիսի դառը ժամանակներ, երբ փոխհասկացողության եւ փոխհամագործակցության բացակայության պայմաններում շատ կորուստներ ենք ունեցել: Կարծում եմ, որ ոչ Հայաստանի ներկայիս վարչապետը, ոչ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները չպետք է որեւէ մտայնություն ունենան ուղղակիորեն ենթակա լինելու մեկը մյուսին, կամ էլ հակադրվելու: Մենք նույն ժողովրդի երկու զավակներն ենք, եւ մենք պետք է ընթանանք ազգային նպատակների ուղով:
Նշենք, որ երիտասարդների կողմից հանդիպում-զրույցի ժամանակ բարձրացված հարցերը դրվելու են ՀՅ Դաշնակցության համապատասխան մարմնի քննարկմանը՝ ՀՅԴ նախընտրական ծրագրի երիտասարդական բաժնի դրույթներում ներառելու նպատակով:
Հավելենք նաեւ, որ ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագրի վերաբերյալ կարծիքներ եւ առաջարկություններ ունեցող անձինք կարող են դրանք ներկայացնել՝ գրելով Դավիթ Իշխանյանի ֆեյսբուքյան էջին, կամ «Ապառաժ» պաշտոնաթերթին՝ [email protected] հասցեով: