Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Սենատում սկսվում է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով լիարժեք դատական գործընթացը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Սա երրորդ դեպքն է ամերիկյան պատմության մեջ, երբ նախագահին երդման ենթադրյալ խախտման համար պաշտոնից հեռացում է սպառնում։
Գործընթացի առաջին քայլերից մեկը հետաքննության ժամկետների եւ հերթականության հարցով քվեարկությունն է, որն առաջարկել է հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքկոնելը։
Մաքկոնելն առաջարկում է Ներկայացուցիչների պալատի իմփիչմենթի հարցով մենեջերներին եւ Թրամփի փաստաբաններին երկու օրվա ընթացքում 24-ական ժամ տալ՝ իրենց փաստարկները ներկայացնելու համար։ Բանաձեւի նախագծում ոչինչ չի ասվում վկաներ կանչելու եւ նոր ապացույցներ ներկայացնելու մասին։
Մաքկոնելն ու հանրապետականները չեն թաքցնում, որ իրենք ուզում են, որ հետաքննությունն արագ անցնի եւ հնարավորինս հանգեցնի Թրամփի արդարացմանը։
Թրամփի փաստաբանները քննադատում են իմփիչմենթի գործը՝ այն անվանելով «սահմանադրության վտանգավոր խեղաթյուրում»։ Նրանց խոսքերով՝ նախագահը «բացարձակապես ոչ մի սխալ չի արել», երբ Ուկրաինայից պահանջել է հետաքննություն անցկացնել իրեն ձեռնտու քաղաքական առումով։
Փաստաբաններն ասում են, որ Թրամփի հեռացման օգտին հանդես եկող դեմոկրատները չեն փորձում ճշմարտությունը գտնել Ուկրաինայի հետ Թրամփի հարաբերություններում, սակայն ուզում են վերանայել 2016թ․ ընտրությոյւնների արդյունքները եւ միջամտել 2020թ․ ընտրությունների նրա քարոզարշավին։
Ներկայացուցիչների պալատը հաստատել է իմփիչմենթի երկու հոդվածները։ Ըստ մեկի՝ Թրամփը չարաշահել է իր իրավասությունները, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց պահանջել է հետաքննել 2020թ․ նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակից Ջո Բայդենի գործունեությունը։ Երկրորդ հոդվածը նախագահին մեղադրում է Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելու մեջ։
Օրենսդիր-դեմոկրատները պնդում են, որ «հավաքված վկայությունները ամբողջությամբ հաստատում են» երկու հոդվածներով Թրամփի մեղքը։
Թրամփի փաստաբանները իրենց 110 էջանոց եզրակացության մեջ պնդում են, որ Զելենսկու հետ հեռախոսազրույցում նախագահը զբաղվել է սովորական արտաքին քաղաքական գործունեությամբ։ Նրանք համարում են, որ նա հանցանք չի կատարել։
Ինչպիսին էլ լինեն Թրամփին կողմ եւ դեմ փաստարկները, նա համարյա հաստատ կարդարացվի Սենատում, որտեղ մեծամասնությունը կազմում են հանրապետականները։ Նրան մեղավոր ճանաչելու եւ պաշտոնից հեռացնելու համար պահանջվում է սենատորների ձայների 2/3-ը։ Այլ կերպ ասած՝ Թրամփին դատապարտելու համար անհրաժեշտ է, որ 53 հանրապետական սենատորներից առնվազն 20-ը միանան 47 դեմոկրատներին։ Հանրապետականներից դեռ ոչ ոք պաշտոնից Թրամփի հեռացման կոչ չի արել։