Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները բուհերում ընտրովի դարձնելու՝ ԿԳՄՍ նախարարի մտահղացումը հատկապես գիտական ոլորտում շարունակում է ընդվզման ալիք բարձրացնել: Yerkir.am-ի հաղորդմամբ՝ մտավորականները վերլուծում են իրավիճակը, անդրադառնում կրթական խնդիրներին, խոստովանում, որ դրանք, այո, կան, բայց նաև հակադարձում են՝ բուն խնդիրները թողած՝ չի կարելի հայագիտական առարկաները հալածանքի ենթարկել:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թարգմանիչ, բանասեր, գերմաներենի մասնագետ Աշոտ Հայրունին արևմտյան գիտնականներին է վկայակոչում. նրանք հիացել են հայ ընտանիքով, հայ մարդու՝ իր արժեհամակարգին հավատարիմ մնալու սկզբունքներով: Յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր ժողովուրդ իր գոյաբանության առանձնահատկություններն ունի և ինչ-որ մի աշխարհաքաղաքական թեզ պատճենելը բացասաբար կանդրադառնա մեզ վրա:
Պատմաբանը հետադարձ հայացքով ամփոփում է մեր անցյալը: Մեր պատմության հազարամյակներում անհամեմատ ծանր իրավիճակներում կռվել ու հաղթել ենք: Միշտ հաղթել ենք, երբ համախմբվել ենք և հույսը մեզ վրա ենք դրել: Պարտվել ենք միայն այն ժամանակ, երբ համախմբված չենք եղել կամ մեր հույսը մեզ վրա չենք դրել: Իսկ համախմբումը հնարավոր է եղել միմիայն արժեհամակարգի հիմքի վրա: Համախմբվել ենք մեր լեզվի, մեր հոգևոր արժեքների, կրոնի, մշակույթի հիմքի վրա, և այդ համախմբումը մեզ հաղթանակի է տարել:
«Բավական է, որ մենք դադարենք համախմբվել, իսկ դա հնարավոր կլինի միայն արժեհամակարգի խաթարման դեպքում, և մենք կսկսենք մեր նոր պարտությունների շղթան: Պարտությունները կարող են անդառնալի հետևանքների հասցնել»,- նկատում է գիտնականը:
Հայագիտական առարկաները բուհերից դուրս մղելը նա չհամախմբման, ուրեմն և պարտության նախադրյալ է համարում:
«Հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր լինելու մեջ ես տեսնում եմ հակառակ մի գործընթաց, որը նորոգման կարիք ունի: Համակարգի նորոգման ընթացքում մենք կարևոր տախտակները հանում-շպրտում ենք դուրս: Մենք պետք է կարևորենք մեր ազգային արժեհամակարգը: Մեր հասարակության մեջ առկա բոլոր հիվանդությունները, ընտանեական բռնությունները կվերանան, եթե մեր ազգային արժեհամակարգին դավանենք: Անգամ կոռուպցիան կվերանա»,-վստահ է պրոֆեսորը:
Ազգային արժեհամակարգի զորեղությունը նա ամենուր է հաստատում: Մարդուն մաքրագործում է, նրան հոգեպես և բարոյապես հարստացնում է ազգային արժեհամակարգը: Հասարակությունը նույնպես մաքրագործվում է ազգային արժեհամակարգով:
«Տարբեր ֆակուլտետներում հետևյալ օրինաչափությունն է միշտ եղել՝ ֆիզիկոս, քիմիկոս, թե մաթեմատիկոս, իմ ուսանողները գերազանց սովորել են հայոց պատմությունը՝ միաժամանակ գերազանց սովորելով նաև մասնագիտական առարկաները: Նրանք, ովքեր վատ էին սովորում հայոց պատմությունը, վատ էին սովորում նաև մասնագիտական առարկաները: Այսինքն՝ մենք ժամաքանակ, առարկաներ տեղափոխելու խնդիր չունենք, կրթական համակարգը բարեփոխելու խնդիր ունեք: Բուհական համակարգում մասնագիտական պահանջմունքներին համապատասխան է կրթությունը տարվում: Իսկ եթե այն դեռևս լավ չի ծրագրված, ապա թող ծրագրվի, բարեփոխվի: Ֆիզիկան լավ սովորող ուսանողին ամենևին չի խանգարում հայոց պատմությունը, որը նա ևս կարող է լավ սովորել: Մենք խնդիր ենք փնտրում այնտեղ, որտեղ չկա այդ խնդիրը: Իսկ իրական խնդիրները դեռևս չենք տեսնում»,- ասում է երկարամյա դասախոսը: