կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 12:41
Քաղաքական

Հանուն ամբիոնի վարիչի պաշտոնի՝ արժի՞ քծնել դավաճանին, մի քիչ «Արտակ Մովսիսյան» եղեք. պատմաբան Աշոտ Ներսիսյանի ստորաքարշ պահվածքի մասին

Հանուն ամբիոնի վարիչի պաշտոնի՝ արժի՞ քծնել դավաճանին, մի քիչ «Արտակ Մովսիսյան» եղեք.   պատմաբան Աշոտ Ներսիսյանի ստորաքարշ պահվածքի մասին

ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախկին ուսանող, ՀՅԴ պատմության թանգարանի գիտաշխատող Անի Մելքոնյանն արձագանքել է պատմաբան Աշոտ Ներսիսյանի՝ Փաշինյանի իշխանությանը քծնող և ընդդիմությանն անվանարկող հրապարակումներին:

Ստորև ներկայացնում ենք Անի Մելքոնյանի անդրադարձն ամբողջովին.

«Նայում եմ` ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս Աշոտ Ներսիսյանի գրառումներին ու ափսոսում եմ, որ Լենդրուշ Խուրշուդյանի, Բաբկեն Հարությունյանի, Պետրոս Հովհաննիսյանի, Հայկազ Հովհաննիսյանի, Հովիկ Գրիգորյանի, Էդիկ Մինասյանի, Արտակ Մովսիսյանի կողքին, հայոց պատմության ամբիոնում` նման արարած կա...
 
Պետրոս Հովհաննիսյանը, Արտակ Մովսիսյանն ու Հովիկ Գրիգորյանը ինձ սովորեցրել են թե ի՞նչ է սկզբունքայնությունը, ես նրանցից միայն գիտելիք չէ, որ ստացել եմ, այլ նաև սովորել եմ սեփական գաղափարները չդավաճանել, պետականամետությունը իշխանահաճո լինելուց զատել, իսկ այս «պարոնին»` Աշոտ Ներսիսյանին նայողը կարող է ամենաբացասական կարծիքը կազմել հայոց պատմության ամբիոնի նկատմամբ։
 
Հիշու՞մ եք պարոն Ներսիսյան, դուք Զորավար Անդրանիկին չէիք կարողանում ներել Ղարաքիլիսայի ճակատամարտին չմասնակցելու համար, և Անդրանիկի այդ քայլը դավաճանություն էինք համարում, բայց այսօր դու՛ք Անդրանիկի այդ քայլը չներողը` սատարում ու պաշտպանում եք Արցախն ու Հայաստանի մի շարք բնակավայրեր դավաճանությամբ թուրքին հանձնած նիկոլին, դու՛ք, լինելով նորագույն շրջանի մասնագետ ու գրելով Զորավար Սեպուհի և Մուսա լեռան հերոսամարտի ղեկավար Մովսես Տեր-Գալուստյանի մասին, այսօր մեղադրում եք նրանց հետնորդներին` պետական դավաճանի դեմ պայքարելու համար։
 
Հանուն ինչի՞ եք այդքան իջել պարոն, հանուն ամբիոնի վարիչի բաղձալի պաշտոնի՞,իսկ մտածե՞լ եք, որ այդ պաշտոնը ձեզ առանձնապես պետք չի գա, եթե Հայաստանի Հանրապետությունը ընկնի, իսկ, որ նիկոլի վարչապետությամբ Հայաստանի պետականությունը երկար կյանք ունենալ չի կարող, դուք դա ինձանից լավ գիտեք պարոն պրոֆեսոր։
 
Լավ, դուք այդքան տարիներ աշխատել եք անվանի գիտնականների կողքին, տարիներ շարունակ աշխատել եք Արտակ Մովսիսյանի ղեկավարությամբ` մի՞թե նրանից մի փոքր սկզբունքային լինել չեք սովորել, մի՞թե չեք սովորել` հանուն պաշտոնի իշխանավորին չքծնել, չդավաճանել սկզբունքներն ու գաղափարները, չդավաճանել պատմության ֆակուլտետի բազմաթիվ զոհված ուսանողներին, որոնց մի մասը 90-ականներին գուցե նաև ձեր դասընկերները կամ ուսանողներն են եղել։
 
Նայում եմ ձեր գրառումներն ու տարակուսում` մի՞թե հայոց պատմության ամբիոնի պրոֆեսորը, կարող էր նման ցածրամակարդակ, ցածրարժեք, գռեհիկ գրառում անել, այդքան ներքև գլորվել..., ցավում եմ, ցավում եմ ու նաև ամաչում ձեր փոխարեն պարոն։
 
Հ.Գ. Ի դեպ, ինչու՞ ձեզ ոչ մի անգամ չտեսա, ձեր գործընկերոջ Արտակ Մովսիսյանի կողքին` թուրքի պատվերով հայոց պատմությունը խմբագրողների դեմ պայքարում, մի՞թե ձեզ հետաքրքիր չէր այդ փաստը, մի՞թե հայոց պատմության մասնագետ լինելով այդ աստիճանի թքած ունեք հայոց պատմության վրա։
Մի պահ մոռացեք ամեն ինչ, ձեր խղճի հետ խոսեք, նայեք Սեպուհի, Մովսես Տեր-Գալուստյանի, Ռուբենի, Դրոյի, Արամի, Թաթուլի, Վարդան Դալլաքյանի, Վարդան Բախշյանի, Զաքարի, Ռոմայի, Արթուր Մկրտչյանի նկարներին ու փորձեք հասկանալ թե ի՞նչ եք անում` դավաճանում եք նրանց, նրանց գաղափարն ու սկզբունքները, նրանց զոհաբերած կյանքերը։
 
Հ.Հ.Գ. Որքան կարդում եմ այս պարոնին, այնքան ավելի ու ավելի եմ զգում Արտակ Մովսիսյանի բարձր կերպարի բարձրությունը, մարդ, որը երբեք հանուն պաշտոնի չքծնեց ոչ մի իշխանավորի, որը չփոխեց իր սկզբունքները օրվա իշխանավորին հաճոյանալու համար, որը իր առողջության ու կյանքի հաշվին պայքարի դուրս եկավ հանուն հայոց պատմության, հայի ինքնության, հայոց հայրենիքի հոգևոր պաշտպանության..., մի քիչ «Արտակ Մովսիսյան» եղեք, պարոն Աշոտ Ներսիսյան, թե չէ պաշտոններն անցողիկ են, և ի վերջո ոչ մի կոչում չի կարող համեմատվել ՄԱՐԴ և ՀԱՅ կոչման հետ»։