կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 18:36
Հասարակություն

Մեր դասարանը միամիտ է, միամիտ` լավ իմաստով, քանի որ բոլորը սովորում են

Մեր դասարանը միամիտ է, միամիտ` լավ իմաստով, քանի որ  բոլորը սովորում են

Այսօր տեղի ունեցավ «Անտարես» հրատարակչության նախաձեռնած «Ընթերցանության օլիմպիադա 2014»-ի արդյունքների ամփոփումը:

 

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ օլիմպիադան վերածվել է մի շարժման, որը միավորել է հասարակական և պետական սեկտորները: «Այսօր յուրաքանչյուր աշակերտ պետք է հասկանա, որ առանց գիտելիքի չենք լինի բարեկեցիկ, հաջողակ ու հարգված: Պետք չէ ուշադրություն դարձնել մեր շրջապատում առկա մի քանի բացառություններին: Զրուցեք ձեր գրքերի հետ, դա ձեզ հետագայում շատ է օգնելու»,- ասաց նա:

 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ նշեց, որ ընթեցանության օլիմպիադան ընթերցանության ազգային հարթակ է դարձել: Նա նույնպես ողջունեց այն հանգամանքը, որ, իսկապես, պետական և հասարակական սեկտորները միավորվել են հանուն մեկ նպատակի` ընթերցանության համար: «Հատկանշական է այն փաստը, որ օլիմպիադան կյանքի կոչվեց Հայ գրատպության 500-ամյակի առթիվ, բայց այն դարձավ ամենամյա»,- ասաց նախարարը:

 

Երկրորդ փուլ անցած բոլոր 33 մասնակիցներն էլ ստացան մրցանակներ, բայց, այնուամենայնիվ, կազմակերպիչներն առանձնացրել էին հատուկ մրցանակներ առաջին երեք տեղերը գրաված մասնակիցների համար: Երրորդ տեղը գրավեց Սաթենիկ Հարությունյանը, երկրորդ տեղը` Մանե Խաչատրյանը, իսկ առաջին մրցանակին արժանացավ Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտ Հրաչ Խալաթյանը: Ի դեպ, Հրաչ Խալաթյանը, ի թիվս այլ մրցանակների /գրքեր, ապահովագրում, հեռուստացույց/, նվեր ստացավ նաև ուղեգիր` Երևան-Փարիզ-Երևան:

 

Yerkir.am-ի հետ զրույցում մրցույթի առաջին տեղը զբաղեցրած Հրաչ Խալաթյանը նշեց, որ ընթերցել շատ է սիրում, ավելին` նաև գրում է: «Ես բանաստեղծություններ եմ գրում` սկսած տասը տարեկանից: Իմ գործերից որոշները տպագրվել են թերթում, իսկ երբ ասմունքի հանրապետական մրցույթում երկրորդ տեղը գրավեցի, Սիսիանի թերթերից մեկն իմ մասին մի մեծ հոդված գրեց: Համո Սահյանի գործերն եմ շատ սիրում, հատկապես` «Կգամ» բանաստեղծությունը»,- ասաց Հրաչը` հավելելով, որ իրենց դասարանում բոլորն են սիրում ընթերցել: «Մեր դասարանը միամիտ է, միամիտ` լավ իմաստով, քանի որ բոլորը սովորում են, և ինչպես ընդունված է,մեծանալուն զուգահեռ չսովորող չենք դառնա»,- նշեց նա:

 

Հրաչը պնդում է` սովորելը լավ բան է, և չպետք է սահմանափակվել կոնկրետ մի առարկայով, քանի որ բոլոր բնագավառներում մարդ պետք է զարգացած լինի: «Ինձ համար նաև ուրախալի էր մրցանակներ ստանալը, մյուս կողմից էլ` բնական է, եթե հաղթել եմ` պետք է մրցանակներ ստանամ: Հաղթանակն ինձ կպարտավորեցնի, որ ավելի շատ գրքեր սկսեմ կարդալ»,- ասաց նա:

 

Մարտունու քաղաքի 1-ին միջնակարգ դպրոցի աշակերտուհի` 12-ամյա Արփինե Հակոբյանն էլ նշեց, որ ամենևին էլ չի տխրում, որ ինքը հաղթող չի ճանաչվել մրցույթում, ընդհակառակը` դա իրեն ավելի կպարտավորեցնի` ընթերցել-ընթերցել: «Առաջին փուլում կարդացել էի Նար-Դոսի գործերից, իսկ երկրորդ փուլում` Հրաչյա Սարիբեկյանի պատմվածքներից մեկից մի հատված: Օլիմպիադայի շնորհիվ ես նոր գրող բացահայտեցի, մինչ այդ ծանոթ չէի Հրաչյա Սարիբեկյանի գործերին, բայց ինձ դուր եկավ, շատ հավանեցի: Եթե գտնեմ նրա գրքերից` կկարդամ անպայման»,- ասաց աղջիկը` հավելելով, որ հաջորդ տարի նույնպես մասնակցելու է մրցույթին` արդեն հաղթելու վճռականությամբ: