Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` դեկտեմբերի 9-ին, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին նշում է իր 75-ամյակը` հայտնում է Yerkir.am-ը: Գիտնականին արդեն շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա շնորհավորական հեռագրեր է ստացել աշխարհի բազմաթիվ երկրներից, այդ թվում` Հայաստանի` իր գործընկերներից:
Միխայիլ Պիոտրովսկին Էրմիտաժի բազմամյա տնօրեն, հայտնի ուրարտագետ, հնագետ Բորիս Պիոտրովսկու և հայագետ, արևելագետ Հռիփսիմե Ջանփոլադյանի որդին է: Ինքն էլ պատմաբան-արևելագետ է, արաբագետ, թարգմանիչ: Ծնվել է Երևանում, դպրոցն ավարտել` Լենինգրադում: Ապրել ու աշխատել է Եգիպտոսում, այնուհետև` Եմենում: Հոր մահից հետո ստանձնել է Էրմիտաժի տնօրենի պաշտոնը և մինչ օր պատվով է իրականացնում այդ պատասխանատու աշխատանքը:
Yerkir.am-ը ներկայացնում է օրերս «Ռոսիյսկայա գազետա»-ին նրա տված հարցազրույցից մի հատված, որում Միխայիլ Պիոտրովսկին պատմում է իր հայկական արմատների մասին:
- Մեկ անգամ ևս վերադառնանք Ձեր արմատներին: Դուք հայրիկինն ե՞ք, թե՞ մայրիկինը:
-Մայրս հայ է, իսկ հայրս` ռուս` լեհական արմատներով: Գոյություն ունի գենետիկա գիտությունը, ըստ որի`արևելյան գեներն ավելի ուժեղ են: Հասկանո՞ւմ եք: Այդ պատճառով ես մայրիկինն եմ և… հայրիկինը: Թեև արտաքնապես ավելի շատ մորս եմ նման:
- Իսկ բնավորությա՞մբ:
-Կարծում եմ` ոչ մեկին: Ցանկանում եմ հավատալ, որ իմը միջինացվածն է` ամենալավը համատեղողը: Հայրս իմաստուն էր, հանդարտ, ոչ փութկոտ, գուցե ոչ այնքան իշխանատենչ: Մայրս, ինչպես վայելի է հայ կնոջը, ղեկավարում էր ամբողջ ընտանիքը` ինչպես փոքր, այնպես էլ մեծ: Արևելքում կանայք միշտ են այդպես անում: Հայրս ձգտում էր ոչ այնքան հանձնարարականներ տալ, որքան կիրառում էր «Արա ինձ պես» սկզբունքը: Նրան նայելով` ես ու եղբայրս կողնորոշվում էինք, թե ինչպես ապրել: Կարծում եմ` մեր ընտանիքում չկար մայրիկինը-հայրիկինը բաժանում: Դժվար է ասել, թե մայրիկն ում էր ավելի շատ սիրում, հայրիկն` ում: Ես ու եղբայրս չէինք զգում ծնողական ուշադրության պակաս: Մենք մեծ շրջապատ ունեինք` պետերբուրգյան ընտանիք, հայկական ընտանիք… Միահյուսում:
- Մայրիկի կողմից էլ լավ արմատներ ունեք:
-Ավելի քան: Ջանփոլադյանները հայտնի ցեղ են: Վերջերս ինձ շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացիություն, և ես հիշեցրի, որ առաջին ստացիոնար թատրոնը քաղաքում կառուցել է իմ ապուպապը` Եսայի Բաբաևիչը: Այն այդպես էլ կոչվում էր` Ջանփոլադյանի թատրոն: 20-րդ դարի սկզբին Երևանը գավառական քաղաք էր, հարուստ հայերն ապրում էին Թիֆլիսում կամ Բաքվում:
-Ինչպե՞ս է թարգմանվում ազգանունը:
- Պողպատե սիրտ: Մեր նախնին Իրանի հայերից էր, աչքի էր ընկել մարտի դաշտում. թշնամիները նրան չէին կարողացել սպանել` կրակել էին, բայց գնդակները մնացել էին զրահի մեջ: Այդտեղից էլ նրան անվանել են Ջանփոլադ: Լիբանանում կա հայտնի ընտանիք` Ջումբլատ: Դա նույնն է` նույն պարսկա-թուրքական արմատը: Բուլատ` պողպատ:
- Հայերեն գիտե՞ք:
-Դե, խոսակցական, փողոցային: Մանուկ ժամանակ վատ չէի խոսում: Մենք ամեն ամառ անցկացնում էինք Երևանում, ես շփվում էի տեղի տղաների հետ, այդպես սովորեցի: Բացի դրանից` կարևոր էր իմանալ, թե ինչի մասին են զրուցում մայրիկն ու տատիկը` ընտանեկան գաղտնիքներից հետ չմնալու համար: Իհարկե, հայկական ռադիո լսել չեմ կարող, չեմ հասցնում իմաստն ընկալել: Եվ դասախոսություն դժվար թե կարդամ, սակայն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստանալիս ճառ ասացի: Հավաքվածներն ինձ հասկացան…