կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-05 19:08
Քաղաքական

Եթե "բիրտ ուժը" ակնարկ էր, ապա մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք․ Ամուլսարի պաշտպանը՝ վարչապետին

Եթե "բիրտ ուժը" ակնարկ էր, ապա մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք․ Ամուլսարի պաշտպանը՝ վարչապետին

Այնպես չէ, որ 5 տարվա ընթացքում Ամուլսարի պաշտպանները ձայն չեն հանել՝ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ամուլսարի պաշտպանության ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ 5 տարի Ամուլսարի պաշտպանները ոչ մի ձայն չեն հանել։

«Ընդամենը յութուբում կարելի է փնտրել և տեսնել, թե տարիներ շարունակ մարդիկ ինչպես են պայքարել, դատական քաշքշուկների մեջ են եղել, Գնդևազի խայտառակ հանրային քննարկումները, մարդիկ ընդդիմացել են, սար են բարձրացել, մենք փաստերով կարող ենք ներկայացրել։ Վերջին 10 տարիներին Նիկոլ Փաշինյանը եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, պատգամավոր, իշխանության բազմաթիվ որոշումների է ընդդիմացել, բայց մենք չենք կարողանում գտնել մի նյութ, ելույթ, որ կարողանանք ասել, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնում և ընդդիմանում է Ամուլսարի ծրագրին։ Մինչդեռ նա ասում է, որ եթե ինքը լիներ որոշում կայացնողը, թույլ չէր տա Ամուլսարի շահագործումը։ Ես ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եթե կողմ չի, դեմ էլ չի Ամուլսարի շահագործմանը»։

Ամուլսարի պաշտպանը պնդեց՝ հեղափոխությունը հենց նրա համար էր հասունացել, որ քաղաքացին իրեն բարձրագույն արժեք զգա․

«Եթե նախկինում ամեն ինչ լավ լիներ, եթե ՀՀ քաղաքացին իրեն լավ զգար, հեղափոխությունը չէինք անի։ Այս հեղափոխությունը հենց հասունացավ նրա համար, որ ՀՀ քաղաքացին իրեն բարձրագույն արժեք զգա, որ հաստատվի ժողովրդավարություն և բիրտ ուժի մասին չխոսվի, ինչի մասին է խոսքը։ Եթե բիրտ ուժը ակնարկ էր, ապա ասենք, որ ցանկացած սցենարի պատրաստ ենք և Ամուլսարը հանք չի դառնալու»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց․ «Ամուլսարի վիճակի հետ կապված մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, 5 տարի այս ամենը ձեր աչքի առաջ տեղի էր ունենում, ինչո՞ւ չէիք ձեր ձայնը բարձրացնում:

«Ասում էին՝ մեզ կբռնեին, իշխանությունը բիրտ էր, մեզ հետապնդումների կենթարկեին: Ուզում եք ասել՝ Հայաստանում կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ: Դա՞ է մեր ուզածը»:

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում ասել էր՝ ինչու Ամուլսարի հարցով բողոքողները 5 տարի շարունակ լռում էին։ "Ասում էին՝ մեզ կբռնեին, իշխանությունը բիրտ էր, մեզ հետապնդումների կենթարկեին: Ուզում եք ասել՝ Հայաստանում կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ: Դա՞ է մեր ուզածը",-ասել էր Փաշինյանը: