կարևոր
4045 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 18:46
Քաղաքական

Ուղիղ, թիրախավորված գործողություններ են, պատրաստ ենք ցանկացած սցենարի. Սաղաթելյան

Ուղիղ, թիրախավորված գործողություններ են, պատրաստ ենք ցանկացած սցենարի. Սաղաթելյան

Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Այն իշխանությունը, որը մեզ հայրենիքից է զրկել, հինգ հազար հայ մարդու կյանքից է զրկել, պարզ է, որ կփորձի նաև մանդատներից զրկել, բայց դա երկրորդական է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ իշխող ուժը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց։ Իշխանությունների թիրախում, սակայն, առավելապես Իշխան Սաղաթելյանն է։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները մտադիր են պատգամավորական մանդատից զրկել միայն Իշխան Սաղաթելյանին։ ԱԺ խորհրդի նիստը ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու օրակարգով նախատեսված էր այսօր, սակայն մեկ շաբաթով հետաձգվել է, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել Խորհրդի նիստին։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
Սաղաթելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ պատրաստ են ցանկացած սցենարի, մտածել են հավանական ելքերի մասին, ունեն մշակած համապատասխան, համարժեք քայլեր։

«Մեկ անգամ ևս վստահեցնում եմ քաղաքացիներին՝ մանդատով, թե առանց մանդատ՝ մենք մեր պայքարը շարունակելու ենք հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Ի դեպ, ընդդիմադիր գործիչներին մանդատից զրկելու գործընթացին զուգահեռ՝ իշխանությունները հետապնդումներ են իրականացնում դաշնակցական գործիչների նկատմամբ։ Հունվարի 11-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, ընդ որում, վեց ամիս առաջ հարուցված գործի շրջանակներում։ Դաշնակցական երեք գործիչ ձերբակալված է, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Խուզարկություններ են իրականացվել նաև ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի տանը՝ երկու անգամ, նրա փաստաբանը գտնում է, որ թիրախավորված է ՀՅԴ ԳՄ ղեկավարությունը։

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Իշխան Սաղաթելյանը ընդգծեց, որ հանրահայտ իրողություն է և փաստ, որ օրվա իշխանության կողմից, մասնավորապես, դաշնակցության նկատմամբ սկսվել է հետապնդումների, ապօրինությունների, բռնաճնշումների նոր շրջափուլ։
Այս երևույթները նոր չեն, բայց ակնհայտ է, որ վերջին օրերին մեծ ծավալի գործողությունների են անցել։ Դատախազությունն օրեր առաջ հաղորդագրություն տարածեց ԳՄ անդամ, պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքով, գործը դատարան են ուղարկել, արդեն քանի օր է՝ խուզարկում են դաշնակցական մեր մարզային կառույցների ընկերների բնակարանները, երեք հոգու քիչ անց դատարան են տանելու ՝ կալանքի, քիչ առաջ ԳՄ նախագահի տունն էին խուզարկում, այսինքն, ակնհայտ է, որ ինչ-որ գործողություններ են սկսել։ Դրա պատճառը շատ հայտնի է։ Դաշնակցությունն իբրև ազգային ուժ լուրջ խոչընդոտ է Նիկոլ Փաշինյան-Էրդողան-Ալիև պայմանավորվածություններին և հայտնի է, որ առնվազն դաշնակցության պարագայում այդ պայքարը բոլոր ձևերով շարունակվելու է։ Հավանաբար իրենց կարճ խելքով հույս ունեն, որ այս քայլերով կկարողանան ինչ-որ ընկճել կամ պայքարից հետ պահել, բայց անիմաստ է, Դաշնակցության ճանաչողը գիտի, որ մեր վախը վաղուց են բռնել, նման բաները չի ազդում»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին՝ արդյո՞ք իրեն պատգամավորական մանդատից զրկելով ավելի չի հեշտացվի իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը՝ Սաղաթելյանը նշեց, որ իր նկատմամբ վերջին երկու տարվա ընթացքում հետապնդումներ եղել են, 4-5 կարված շինծու քրեական գործ է եղել, 2020թ նոյեմբերի 11-ին ձերբակալել են շինծու գործով, եղբորը, հորեղբոր որդուն են դատում՝ իբրև մարդ ծեծելու համար, հորեղբորը, ընտանիքի անդամներին են հարցաքննում, դա արդեն առօրեական գործընթաց է դարձել, որ ողջ հնարավորություններով փորձում են դա անել. «Ես ծիծաղում եմ, անցնում՝ առաջ։ Այնքան կարևոր ու էական հարցեր կան, որ իրոք երկրորդական է դա։ Այդ որոշումը մենք մեր մեջ շատ վաղուց ենք կայացրել, այդտեղ անիմաստ է փորձել մեզ ճնշել կամ հույս ունենալ, որ իրենք հաջողության կհասնեն։ Այո, դա ուղիղ, թիրախավորված գործողություններ են Դաշնակցության ղեկավարության, իմ և առհասարակ կուսակցության դեմ։ Սա միայն ՀՅԴ-ով չի սահմանափակվում, բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ այսօր այդ կարգավիճակում են։ Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում խուժան, խուլիգան բռնապետիկ այս մեթոդներով փորձում է պահել իր իշխանությունը»։

Աղբյուր` Փաստինֆո