Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես է եկել արցախյան երեք պատերազմներում իր մարտական ուղին կերտած, ազատամարտիկ Կարմեն Ավետիսյանը:
«Բարև ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժա՛ն հյուրեր, ես իմ և բոլոր ազատամարտիկների անունից շնորհավորում եմ մեր եռատոնը:
Ոչ մի ժամանակ հեշտ չի եղել, և առաջին պատերազմի ժամանակ մեր սերունդը կատարել է այն, ինչը որոշ մարդկանց թվացել է անհնարին: Հաղթանակել ենք, որովհետև եղել ենք միասնական, որովհետև ամեն մեկը պատասխանատվություն է կրել վաղվա օրվա, մեր պետականության, մեր հայրենիքի գոյատևման, մեր ժողովրդի գոյության համար:
Այսօր կարիք կա միասնության: Այսօր մենք գտնվում ենք ձեռքերը բաց վիճակում, բայց կարիք կա բռունցքվելու: Երևի հաղթանակը ուժով է, ինչպես Նժդեհն է ասել՝ ուժն է ծնում իրավունքը, բայց ոչ միայն բազկի, այլև ոգու, այլև մտքի: Համատեղ այդ ուժերի շնորհիվ կարող ենք մենք հաղթահարել ցանկացած դժվարություններ:
Չկան անլուծելի խնդիրներ, կա պակաս մեծ ցանկության և մեծ հավատքի: Հավատը մեզ ուղեկցում է, ցանկությունը մեզ ուժ ու եռանդ է տալիս:
Եկե՛ք միասնական լինենք և այս պահին, ժողովո՛ւրդ, հարազատնե՛րս, ձեր անունից եկե՛ք միասին պահանջենք. խնդրենք՝ որպես եղբայր, քույր, պահանջենք՝ որպես մեր երկրի քաղաքացիներ. «Միացե՛ք մեր քաղաքական ուժեր, մեր պետականության թիկունքում կանգնեք, կայացրե՛ք մեր պետական համակարգը, համախմբվե՛ք և ուղեցե՛ք մեզ»:
Մեր ժողովուրդը հրաշք ժողովուրդ է, ցանկացած կանչի հավատում է: Ժողովրդին վստահություն է պետք, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով:
Հավաքվե՛ք այն տաճարի, այն կամարի տակ, որտեղից լույսն է տաճար թափանցում, և գտե՛ք այն ճանապարհը, որով պետք է ուղեկցեք մեր ժողովրդին ու կտեսնեք, որ ցանկացած դժվար, անլուծելի խնդիր լուծվում է:
Եկե՛ք ազնիվ լինենք մեր խղճի առաջ, Աստծո առաջ: Աստված օգնում է նրան, ով ցանկություն ունի պայքարելու: Մենք ընտրել ենք այդ պայքարի ուղին, ուրեմն՝ չպետք է շեղվենք:
Միասնական լինենք:
Ի գործ միասնության»: