կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-25 10:47
Առանց Կատեգորիա

Նիկոլ Փաշինյանին և նրան աջակցող տարաբնույթ ուժերին փաստացի իշխանության է բերել հենց Սերժ Սարգսյանը. Չալաբյան

Նիկոլ Փաշինյանին և նրան աջակցող տարաբնույթ ուժերին փաստացի իշխանության է բերել հենց Սերժ Սարգսյանը. Չալաբյան

Հանրային գործիչ, «Ազգային Օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրում է. 

«Շաբաթը ցանկանում եմ սկսել կարևոր անդրադարձից։ Անցած շաբաթ Զագրեբում ԵԺԿ համաժողովին նախկին նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես խախտեց իշխանափոխությունից հետո մեկ և կես տարվա իր կամավոր լռությունը։ Ես ընդհանրապես չեմ մեկնաբանում որևէ ընդդիմադիր գործչի ելույթ, քանի որ ինքս լինելով վերջին մեկ տարում ընդդիմության մեջ, իմ հիմնական ուժերը դնում եմ գործող իշխանության հետ հանրային կարևորության հարցերի շուրջ առարկայական բանավեճ զարգացնելու մեջ։ Սակայն Սերժ Սարգսյանը ոչ այնքան իրական ընդդիմադիր գործիչ է, որքան նախորդ իշխանության ղեկավար, որն իշխանափոխությունից հետո էլ պահպանել է ազդեցության բազմաթիվ լծակներ, ուստի նրա ելույթն էլ համարժեք արձագանք է պահանջում։

Եթե վերանանք ելույթի վերջում Ադրբեջանին ուղարկած կոշտ ուղերձից (ինչը ողջունելի էր), Սերժ Սարգսյանը իր հիմնական խոսքը նվիրեց ներկա իշխանության վարած ներքին քաղաքականության քննադատությանը՝ բողոքելով պոպուլիզմից, իշխանության մեջ հակակշիռների համակարգի վերացումից, և քաղաքական հետապնդումներից։ Թեև այս խոսքերի մեջ զգալի չափով ճշմարտություն կա, խնդիրը նաև նրանում է, թե ով է այն բարձրաձայնում, և նաև ինքը ստեղծված իրավիճակին ինչ առնչություն ունի։ Այս կապակցությամբ, պարոն Սարգսյանին և իր կողմնակիցներին ես կուզենայի հիշեցնել հետևյալը՝

Ա) Նիկոլ Փաշինյանին և նրան աջակցող տարաբնույթ ուժերին փաստացի իշխանության է բերել հենց Սերժ Սարգսյանը և իր քաղաքական թիմը՝ 2018 թ․ընթացքում երկրում ստեղծելով մի իրավիճակ, երբ իր իսկ գործողությունների արդյունքում նրանք կարողացան հեշտությամբ բացարձակ իշխանություն գրավել, հընթացս ժողովրդի աչքերում արժեզրկելով համարյա բոլոր գործող քաղաքական ուժերին։ Ավելին, Սերժ Սարգսյանն անձամբ է իշխանությունը փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իր 2018 թ․ ապրիլի 23-ի հրաժարականի հայտնի հայտարարությամբ լեգիտիմացնելով նրան, և այնուհետև էլ հրահանգելով ՀՀԿ պատգամավորներին՝ նրա վարչապետության օգտին քվեարկել Ազգային ժողովում, ուստի նա նաև անձնական պատասխանատվություն է կրում արդյունքում ձևավորված իշխանության և նրա հետագա գործողությունների համար։

Բ) Սերժ Սարգսյանը և իր քաղաքական թիմը մինչ այդ առնվազն 10 տարի բացարձակ իշխանություն են ունեցել Հայաստանում։ Այդ տարիների ընթացքում, Սերժ Սարգսյանի անմիջական հովհանավորությամբ, ձևավորվել էր այնպիսի համակարգ, որում հետևողականորեն արժեզրկվել է ընտրական գործընթացը, հեղինակազրկվել է ցանկացած կուսակցություն՝ իշխող թե ընդդիմադիր, քաղաքական պայքարը տեղափոխվել է փողոց, իսկ ազգային ուժերի փոխարեն ընդդիմադիր դաշտը զգալի չափով զբաղեցրել են օտար աղբյուրներից ֆինանսավորվող և օտարածին օրակարգեր սպասարկող տարաբնույթ կառույցներ, որոնք էլ այսօր հայտնվել են նոր իշխանության մեջ։

Գ) Իշխանափոխությանը հաջորդող ժամանակաշրջանում, Սերժ Սարգսյանը խուսափել է տալ սեփական իշխանության տարիների քաղաքական գնահատականը, ընդունել այն քաղաքական սխալները, որոնք ի վերջո բերեցին մեր ժողովրդի լայն խավերի դժգոհությանը, և պատճառ հանդիսացան մասսայական ընդվզման։ Փոխարենը, իր առաջին իսկ հանրային ելույթում, ընդ որում օտար լսարանի առջև, նա ժամանակի հիմնական մասը օգտագործեց ինքնաարդարացման համար, և իր իսկ կողմից իշխանության բերած ուժերին էլ մեղադրեց այնպիսի գործելակերպի մեջ, որոնցից ինքը չի խորշել սեփական իշխանության տարիներին։ Հայ հանրությունը դա հիանալի հիշում է, և պատահական չէ, որ նրա արձագանքն էլ հիմնականում բացասական կամ անտարբեր էր։

Եթե Սերժ Սարգսյանը իսկապես ցանկանում է օգուտ տալ սեփական երկրին, նա պետք է քաջություն ունենա ընդունելու սեփական իշխանության բազմաթիվ սխալները, որոնք երկիրը հասցրել են այսօրվա դժվարին իրավիճակին, և խոհեմաբար հեռանա քաղաքականությունից, նույնիսկ իր իսկ ղեկավարած կուսակցությունում ղեկը զիջելով երիտասարդներին։ Դա հնարավորություն կտա երկրի քաղաքական դաշտում ինքնառողջացման գործընթացներ սկսել, հանելով այն նախկինների և ներկաների արհեստական և անպտուղ հակադրությունից, և ճանապարհ բացել նոր, մրցակցային և ազգակենտրոն քաղաքական միջավայրի կայացման համար, որից կշահի ողջ երկիրը։ Քաղաքական դաշտում շատերը դա արդեն հասկանում են՝ հուսով եմ, որ պարոն Սարգսյանը դա ևս կգիտակցի և համապատասխան քաղաքական հետևություններ կանի»: