կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-22 18:19
Քաղաքական

ԿԳՄՍ-ի նախագիծը վտանգավոր, նույնիսկ ազգադավ դրույթներ է պարունակում. ՎՊՀ-ի դոցենտ

ԿԳՄՍ-ի նախագիծը վտանգավոր, նույնիսկ ազգադավ դրույթներ է պարունակում. ՎՊՀ-ի դոցենտ

Անդադար քննարկումների ու արդեն քաղաքական զարգացումների առիթ տվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը վաղուց դարձել է հանրային լայն քննարկման առարկա: Նախարարը չի պատրաստվում նահանջել, երիտասարդները` նմանապես:  

Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցեց Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Դավիթ Գյուլզադյանի հետ:

-        Պարոն Գյուլզադյան, մոտ մեկ ամիս է` լուրջ բանավեճեր են ծավալվում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի շուրջ. առհասարակ ի՞նչ տեսակետներ ունեք այդ մասին:

-        Նախագիծը պիտի լրջորեն մշակվի և էականորեն փոխվի: Վտանգավոր, նույնիսկ ազգադավ դրույթներ է պարունակում:

-        Ոչ մասնագիտական ֆակուլտետներից հայագիտական առարկաների դուրսմղումն ուղղակի միամտությա՞ն արդյունք է, թե՞ այլ ենթատեքստ էլ եք տեսնում:

-        Վերջինը: Անմեղ մոլորությունը շտկելի է: Մինչդեռ շտկման մտադրություն չունեն ղեկավարները: Օրինագիծը մերժող բոլոր փաստարկները պարզապես անտեսվում են: Չանտեսվածներին էլ լուրջ դեմքով «պարզաբանումներ» են տրվում` զուտ պատասխանի տպավորություն ստեղծելու համար: Բացահայտ ստեր են հրամցվում ճշմարտության տեղ: Դրանցից մեկը նախարարի այն «իրազեկումն է», թե իբր բուհերից ոչ մի առարկող պատասխան չի եղել: Միայն մեր բուհից` Վանաձորի պետական համալսարանից, բազմաթիվ առարկություններ են եղել, ըստ որում` համալսարանի ղեկավարը առարկությունները առարկող դասախոսների անուններով է ուղարկել: Իմ առարկությունը հենց հայագիտական առարկաները ոչ մասնագիտական բաժանմունքներում կամընտիր դարձնելուն է վերաբերել:

Մյուս սուտն այն է, որ հայտարարում են, թե իբր այս քայլով Հայաստանի բարձրագույն կրթահամակարգը մոտեցնում են աշխարհի առաջատար համալսարանների կրթական ծրագրերին, որտեղ իբր չեն անցնում ազգային լեզու և պատմություն: Կրկնում եմ` սա բացարձակ սուտ է: Ճիշտ հակառակ պատկերն է այնտեղ: Անցնում են, այն էլ` խորությամբ:

-        Այդպիսով ի՞նչ վտանգների առաջ կարող ենք կանգնել մենք:

-        Այն վտանգի, ինչ որ կարող է ունենալ թշնամիներով շրջապատված երկիրը` սահմանապահ չունենալով: Ո՛չ մի տարբերություն չկա: Հայաստանի ազատագրության համար նահատակված մեր արյունակիցները զոհ գնացին ո՛չ սոսկ երկրի առարկայական սահմանների պաշտպանության համար: Նրանց մարտիրոսությունը մեր ինքնությունը, մեր հոգևոր սահմանները պաշտպանելո՛ւ համար էր: Եթե այսօր «հայ» անունը կրող գիտակարգերը պիտի ոտնահարվեին, ինչի՞ համար էր մեր ոգորումը: Առանց մեր կառավարության օրինագծերի էլ օտարները նույնն էին անում: Չէ՞ որ խորհրդային տարիներին Հայաստանում հայերենը խեղդելու աստիճան սեղմում էր մեզ ռուսական դպրոցների առատությունը: Բա ինչի՞ համար ընդունվեց Անկախության հռչակագիրը, եթե տարբերություն չպիտի լիներ այդ տարիների ձուլման քաղաքականության և այսօրվա միջև: Եթե ներկայիս Կառավարությունը խորհրդային տարիների՝ հայերի ապազգայնացման քաղաքականությունն է շարունակելու, մեր ինչի՞ն է պետք այն: Մեզ համար ի՞նչ տարբերություն` Մոսկվա՞ն է ուզում մեր ազգային դիմագիծը խեղել, Բաքո՞ւն, թե՞ Երևանը: Երևանն այս դեպքում, փաստորեն, բնավ էլ Երևանը չէ, այլ Երևանում այլոց նշանակած իշխանությունը: Պիտի վիրավորվե՞ն իմ այս խոսքից, թող հանգիստ վիրավորվեն:

Կա՞ գեթ մի իշխանավոր, որ համալսարանական գոնե միջակ դասախոսի մակարդակն ունենա: Միջակի մակարդակն իսկ չունեցող այդ վերնազանգվածը նեղությոուն էլ չի տալիս իրեն` լսելու բանիմաց մարդկանց հիմնավորումները: Բոլոր հիմքերն ունեմ` այսպես արտահայտվելու, որովհետև տեսնում եմ` ի՛նչ ստոր հնարներով են փորձում ամեն գնով անցկացնել հակազգային դրույթները: Բուհի նշված առարկաների հետ հմտորեն ավելացնում են դպրոցից հայ եկեղեցու պատմության դասընթացը հանելու հարցը, որն իրո՛ք հանելու է, բերում-խառնում են այս առարկաներին` շփոթության մեջ գցելով բանից անտեղյակ մարդկանց մեծամասնությանը, արհեստական պառակտիչ վեճեր ծավալում դրանց շուրջ:

Հայոց պատմության դասընթացը պահպանելը վիճարկման առարկա չի կարող լինել: Գրականության դասընթացը` նույնպես, միայն թե, կարծում եմ, ճիշտ կլինի, եթե մեր գրականագետները մշակեն հայ և համաշխարհային գրականության տիպաբանական ուղղվածությամբ մի շահեկան դասընթաց, որը, կարծում եմ, ավելի հրապուրիչ կդարձնի այն: Ինչ վերաբերում է հայոց լեզվի դասընթացին, ապա դրա անհրաժեշտության լավագույն ապացույցը կրթության նախարարի խոսքն է: Թեկուզ հենց միայն նրա՛ համար է պարտադիր այդ դասընթացը, որ գալիք մտավորական ները, հատկապես նախարարները այսօրվա ԿԳՄՍ նախարարի նման «ֆակուլյծիետ» չարտասանեն:

Ի դեպ, հայերենի դասընթացը պարտադիր է լեզվի և կրթության օրենքների ուժով, որոնց առավել վաղ ընդունված լինելու հանգամանքը, ըստ կառավարական կարգի, գերակա է առաջարկվող օրինագծի և անգամ ընդունվելիք օրենքի նկատմամբ: Լեզվի օրենքը կյանքի կոչող լեզվի կողմիտեն իրավասու է պարտադրելու բոլոր հաստատություններին հայերենի ապահովումը դասավանդվող առարկայացանկում:

Օրենքը, այն էլ` բարձրագույն կրթության ոլորտում, ոտքի վրա չեն ընդունում: Կան անհրաժեշտ առարկաներ, որոնք համահալսարանական պիտի լինեն, կան առարկաներ, որոնք, մասնագիտության առանձնահատկություններով պայմանավորված, պիտի հարակից բաժանմունքներում ևս անցնեն: Ոչ ոք չի ստիպել Երևանի պետհամալսարանի բանասերներին` մաթեմատիկա մտցնելու իրենց ֆակուլտետում: Ինքնակամ են արել դա, որը բարձր գիտակցության արդյունք է: Ուզում եմ ասել` լրջորեն պիտի քննարկվեին այս հարցերը, ընդհանուր հայտարարի գային:

Ինչ վերաբերում է հայագիտական առարկաներին, ապա դրանց անցնել-չանցնելու մասին առհասարակ խոսք չպիտի լիներ և լինի: Նախարարի գործն իր պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնայնորեն պիտի Հայստանում ապօրինաբար գործող ռուսական դասարանները փակելը լիներ: Ապօրինի դպրոցների ցուցակն էլ նրա նոր նշանակված ժամանակ ինքս եմ ուղարկել իրեն:

-        Նախարարը հանդիպել էր պրոֆեսորադասախոսական կազմին, որի ժամանակ, մեղմ ասած, իրեն պարկեշտ չպահեց, այդ մասին ինչ կասեք:

-        Ոչինչ էլ չեմ ուզում ասել, որովհետև չկարողացա և չուզեցի լսել նախարարի խոսքն առաջին իսկ վայրկյաններից...

-        Հետագան ինչպե՞ս եք տեսնում, ո՞ւր է տանում մեզ այս ամենը:   

-        Եթե գործող իշխանության այս մտայնությունը շարունակվի (իսկ իշխանավորների հոխորտալից արձագանքներն այլ բան սպասել չեն էլ տալիս), լավ բան չեմ տեսնում: Ո՞ւր է տանում մեզ այս ամենը: Միայն դեպի կործանում: Ազատագրական պայքար պիտի ծավալվի մեծ թափով: Մտահոգիչ շատ բան կա: Ռուսներն իրենց տերուտիրական են համարում այստեղ, ամբարտավան վերաբերմունք են ցույց տալիս երկաթուղում աշխատող մեր հայրենակիցներին, զրկում աշխատանքից, անփորձ ռուս մեքենավարների են բերում, որոնք, տարածքին իսկ ծանոթ չլինելուց բացի, արդեն երկու էլեկտրագնացք են շարքից հանել, և Կառավարությունից ոչ մի ծպտուն, ոչ մի արձագանք չկա: Հարբեցող ռուս սպան անարգելով ու ծեծելով անպաշտպան հայ կին է սպանում փողոցում, Կառավարությունից արձագանք չկա: Դա էլ բավական չէ` նույն Կառավարությունը, անտեսելով ծովացած բազմության բողոքը, շարունակում է Ամուլսարի հանքայնացման գործընթացը: Հիմա էլ անթաքույց հարձակման են անցել ազգային ոգու վրա: Աննահանջ մաքառում է պետք, որի շնորհիվ կարող ենք հասնել ազատագրության և կազմավորել անկախ պետություն: Գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը միայն անվանմամբ է այդպիսին: Մե՛ր պետությունը պիտի կերտենք առողջ ուժերի միավորմամբ: