կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-21 11:30
Քաղաքական

Որոշել եմ միանալ ՎՊՀ-ի իմ գործընկերներին և պահանջել Փաշինյանի հրաժարականը. ՇՊՀ պրոֆեսոր

Որոշել եմ միանալ ՎՊՀ-ի իմ գործընկերներին և պահանջել Փաշինյանի հրաժարականը. ՇՊՀ պրոֆեսոր

ԱԺ պատգամավոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Վարդևան Գրիգորյանը որոշել է միանալ Վանաձորի պետական համալսարանի աշխատակիցների՝ ավելի վաղ տարածված հայտարարությանը՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին Վանաձորի պետական համալսարանի աշխատակիցները հայտարարություն էին տարածել, որով պահանջում էին վարչապետի և կառավարության հրաժարականը, ինչպես ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կազմավորում՝ բաղկացած բացառապես պրոֆեսիոնալներից, համապատասխան ոլորտների մասնագետներից։

Ստորև ներկայացնում ենք Վարդևան Գրիգորյանի հրապարակած հայտարարությունը.

«Սիրով կմիանայի Շիրակի պետական համալսարանի իմ գործընկերներին, եթե նրանք էլ միացած լինեին համազգային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

45 տարի տարբեր կարգավիճակներում լինելով այդ կոլոկտիվի անդամ, այդ թվում 14 տարի որպես բուհի ռեկտոր, արել եմ ամեն ինչ, որ մեր բուհը լինի Շիրակի մարզի մտավորականության կենտրոն։

Ցավոք սրտի, բուհի այսօրվա պահվածքը խոսում է այն մասին, որ այն չդարձավ մտավորականության կենտրոն, այլ հատկապես պրոֆեսորադասախոսական կազմը ստրկամիտ վարժապետությունից այն կողմ չանցավ։

Հայցում եմ այն գործընկերներիս ներողամտությունը, ովքեր կանգնած են երկրի մտավորականության կողքին, և տվածս որակումն իրենց չի վերաբերում։

Խոսքս ուզում եմ ուղղել նաև ուսանողությանը․

Սիրելի ուսանողներ, այս պատերազմում ունեցանք 5000 զոհ և 10000-ից ավելի վիրավորներ։ Ձեր հասակակից զինվորներն իրենց կյանքը զոհաբերեցին, որպեսզի դուք ապրեք մի երկրում, որտեղ արժանապատվությունը և սկզբունքայնությունը գնահատվող արժեքներ են։ Այսօր ձեր վարվելակերպի մեջ չեն նշմարվում վերոհիշյալ արժեքները։

Հատկապես այն ուսանողները, ովքեր համալսարանի գիտխորհրդի անդամներ են, իրավունք չունեն լինել հայեցողական դիրքերում, սպասել հրամանների և հրահանգների։

Ցավում եմ, որ այս վրճակն է Շիրակի պետական համալսարանում և ես, որպես մանկավարժ-մտավորական որոշում եմ կայացրել միանալ Վանաձորի պետական համալսարանի իմ գործընկերներին և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հարգանքով՝ ԱԺ պատգամավոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ

Վարդևան Գրիգորյան»