Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում այցելել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տիկին Մուշիկիվաբոն ողջունել է ՀՀ վարչապետին կազմակերպության գրասենյակում և բարձր գնահատել Հայաստանի արդյունավետ նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: ՖՄԿԳ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը համարվում է կազմակերպության կարևորագույն անդամներից մեկը և մեծ ներդրում ունի վերջինիս զարգացման ու Ֆրանկոֆոնիայի տարածքում համագործակցության զարգացման գործում: Լուիզ Մուշիկիվաբոն վարչապետին է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի տարածքում նախատեսվող բարեփոխումները, այդ թվում ֆրանսերենի տարածման՝ կրթության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում նոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ։
Վարչապետը կարևորել է Ֆրանկոֆոնիայի տարածքում տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և նշել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ կստանան հայկական կողմի աջակցությունը:
Հանդիպման ընթացքում Լուիզ Մուշիկիվաբոն վարչապետին է ներկայացրել 2020 թվականին Թունիսում նախատեսվող ՖՄԿ գագաթնաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Հանդիպման ավարտին վարչապետը գրառում է կատարել նաև ՖՄԿ «Ոսկե մատյանում», որում նշել է. «Ֆրանկոֆոնիայի կենտրոնակայան կատարելիք իմ այցի առթիվ, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող` վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը՝ գործել հանուն Ֆրանկոֆոնիայի և դրա արժեքների տարածման»։