կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-30 11:26
Հասարակություն

Ուսանողների համար է արվում. ԵՊՀ-ում ժամանակավոր բուֆետի կառուցման մասին

Ուսանողների համար է արվում. ԵՊՀ-ում ժամանակավոր բուֆետի կառուցման մասին

Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ ղեկավարությունը որոշել է ֆիզիկայի ֆակուլտետի խորհրդակցությունների սրահը ժամանակավորապես վերածել բուֆետի, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել մի խումբ ուսանողների շրջանում: Բանն այն է, որ սեպտեմբերի 1-ից, բացի ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բուֆետից, համալսարանի մյուս բուֆետները չեն գործում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ, այո, բուֆետները չեն գործում, քանի որ դրանք շահագործում էր Hi Lunch ընկերությունը, եւ իրենք ուզում են խզել պայմանագիրը ընկերության հետ: Գրիգորյանի հավաստմամբ` ուսանողները դժգոհում էին ընկերության մատուցած սննդի որակից եւ գներից, այսինքն` գին-որակ հարաբերակցությունը չէին համապատասխանում իրար:

 

«Մենք ուզում ենք Hi Lunch-ի հետ մեր պայմանագիրը խզել, քանի որ դժգոհ ենք իրենց մատուցած ծառայություններից: Իրենք ասում են, որ 30 մլն դրամի ներդրում են կատարել: Մենք առաջարկել ենք փորձաքննություն իրականացնել եւ պարզել, թե նրանք իսկապե՞ս այդքան ներդրում են արել եւ այդքան գումարի տեխնիկա բերել: Համալսարանը կփոխհատուցի նրանց վնասը: Իսկ նրանք, ի պատասխան, դռները փակեցին ու գնացին»,- ասաց Գրիգորյանը` հավելելով, որ այժմ իրենք իրենց տարածք չենք կարողանում մուտք գործել:

 

Նրա պնդմամբ` ամբողջ խնդիրն այն է, որ 10 տարուց ավելի իրավունք չունեին պայմանագիր կնքելու, այսինքն` ներքին խնդիրներ էլ կան, եւ ԵՊՀ-ի կողմից թյուրիմացություն է եղել Hi Lunch-ի հետ 13 տարով պայմանագիր կնքելը: Ըստ մեր զրուցակցի` ընկերության հետ պայմանագիր կնքելուց անցել է ավելի քան հինգ տարի:

 

«Ասում ենք` եկեք փոխհամաձայնության գանք, իսկ իրենք բացառում են դա: Մեր պայմանագրում մի կետ կա, ըստ որի` հնարավոր է միակողմանի պայմանագիրը լուծարել: Այժմ դատական քաշքշուկների մեջ ենք, ինչի պատճառով էլ չենք կարողանում մեր տարածքում կազմակերպել սննդի ծառայություններ»,- ասաց Գրիգորյանը:

 

Նրա հավաստմամբ` ուսանողները դժգոհում էին եւ ասում, որ անհրաժեշտ է գոնե արագ սննդի մի կետ լինի, այդ պատճառով էլ որոշել են ժամանակավոր այլընտրանքային սննդի կետեր բացել, մինչեւ հարցը դատարանում կլուծվի: Օրական 15-20 000 մարդ է մտնում համալսարան, եւ, Գրիգորյանի կարծիքով, այնտեղ չունենալ սննդի ծառայություններ` աբսուրդ է:

 

«Նայել ենք` հարմար մի տեղ լինի, որ 1-2 ամսով արագ սննդի մի կետ բացվի: Համալսարանն այժմ պետգույքին է անցնում եւ ցանկացած տարածք վարձով տալն արդեն մենք չենք որոշելու, այլ պետական գույքի կառավարման վարչությունը: Այսինքն` բուֆետ բացելու համար պետք է մրցույթ կազմակերպել, աճուրդ անել: Իսկ ժամանակավոր բուֆետի համար ամենահարմար տեղը ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքի անկյունային` խորհրդակցությունների սրահի նախասրահն է»,- պարզաբանեց Գրիգորյանը եւ հավելեց, որ, ճիշտ է, տարվա մեջ մի քանի անգամ է զբաղված լինում այդ սրահը, բայց իրենք դահլիճը քանդելու եւ բուֆետի վերածելու ցանկություն չունեն. «Ուսանողների համար է արվում: Եթե իրենք չեն ուզում, կարող ենք չանել»:

 

Ուսանողների վրդովմունքը, ըստ Գրիգորյանի, կապված է այն հանգամանքի հետ, որ նրանց հորդորել են` ինչպե՞ս կարելի է խորհրդակցությունների դահլիճը վերածել բուֆետի: Իսկ թե ովքե՞ր են նրանց հորդորել, Գրիգորյանը չցանկացավ մանրամասնել: