կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-21 17:40
Հասարակություն

Ինչո՞ւ է ԵՊՀ արվեստագիտության բաժնում ուսանողների թիվը կիսով չափ պակասել

Ինչո՞ւ է ԵՊՀ արվեստագիտության բաժնում ուսանողների թիվը կիսով չափ պակասել

Այս տարի ԵՊՀ արվեստագիտության բաժին դիմորդների թիվը կտրուկ նվազել է: ԵՊՀ հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե նախորդ տարիներին արվեստագիտության բաժնում 65-75 դիմորդ էին ունենում, ապա այս տարի դիմորդների թիվը ընդամենը 28-ն է եղել:

 

Չուգասզյանի կարծիքով` առաջին պատճառն արտագաղթն է, քանի որ նրանք, ովքեր պետք է հայաստանյան այս կամ այն բուհ ընդունվեին, վաղուց արդեն մեծանում են այլ երկրներում: Պատճառներից մեկն էլ հասարակության ընդհանուր մշակութային մակարդակի անկումն է, նաև` ազգային մշակույթը չպրոպագանդելը:

 

«Վերջին տարիներին մեր մեդիադաշտը դարձել է ավելի քաղաքականացված, և չնչին ուշադրություն է հատկացվում մշակութային ծրագրերին: Բացի այդ` երիտասարդությունը շփոթված է, չգիտի` ի՞նչ է արվեստագիտությունը: Երիտասարդները բացարձակապես չեն պատկերացնում` մենք ի՞նչ ենք անցնում: Նույնիսկ սովորողները չեն հասկանում` իրենք բուհն ավարտելուց հետո ի՞նչ պիտի անեն: Շատերն ուղղակի չեն հավատում, որ արվեստագիտությամբ կարող են իրենց ընտանիքը պահել»,- ասում է Չուգասզյանը:

 

Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը ստեղծվել է 1996-ին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհով, նույն ժամանակ ստեղծվել է նաև արվեստաբանական բաժինը: Չուգասզյանը նշեց, որ շատերը, ովքեր զբաղվում են երգ ու պարով և ընդունվում իրենց մոտ, կարծում են` շարունակելու են համալսարանում էլ միայն երգ ու պար անցնել: Արվեստագիտության բաժնի մասնագետներն ուսանողներին գրավելու և ուսումը հետաքրքիր դարձնելու համար, բացի պարապունքներից, նաև գործնական աշխատանքներ են իրականացնում` գիտաժողովներ, քննարկումներ, հանդիպումներ մշակույթի գործիչների հետ, արշավներ, այցեր ցուցահանդեսներ…

 

Ի դեպ, արվեստագիտության բաժինն ավարտած ուսանողներն աշխատանքի են անցնում նաև արտերկրում`հայ արվեստը աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնելու համար:

 

Ըստ Չուգասզյանի` եթե խորհրդային տարիներին, օրինակ, արգելված էր հեռուստատեսությամբ խաչքարերի, միջնադարյան քանդակների մասին հաղորդում նկարահանելը, հիմա չկան նման արգելքներ, բայց հիմա էլ հետաքրքրվողներ չկան` նման հաղորդումներ պատրաստելու համար:

 

«Խորհրդային շրջանում փակ էր ամեն ինչ: Այն երկրներում, որոնք դարձան կոմունիստական, արվեստագիտությունը ջախջախվեց: Հիմա մենք «վայելում» ենք մեր դարերի կորուստը, այն, ինչ ցանել ենք, հիմա հնձում ենք` լավ և վատ իմաստներով: Լավը մեր մասնագետներն են, որոնք, ցավոք, շատ քիչ են: Հայը հիմա գերադասում է իր զավակներին ուղարկել Եվրոպա, որպեսզի բժիշկ, իրավաբան կամ բիզնեսմեն դառնան, քանի որ այն մտայնությունն է տիրում, որ առևտուրն է կերակրողը»,- ասում է Չուգասզյանը:

 

Ըստ նրա` խնդիրները շատ են կուտակվել, և մարդուժը չի բավականացնում, իսկ եթե խորհրդային շրջանում մենք պատրաստեինք մասնագետներ, որոնք այսօր իրենց կուտակած փորձը կկիսեին երիտասարդ սերնդի հետ, փաստի առաջ չէինք կանգնի: Այն, որ մասնագետների պակաս ունենք, գալիս է նաև այն հանգամանքից, որ գիտությունների ազգային ակադեմիան տարիներ շարունակ ասպիրանտուրայում հայ արվեստի բաժնին տեղ չէր հատկացնում: Ըստ Չուգասզյանի` 1973-ից մինչև 1988թ. հայ արվեստի գծով ասպիրանտուրայի տեղ չի հատկացվել Արվեստի ինստիտուտում, այն դեպքում, երբ անգամ քրդական երաժշտության գծով էր հատկացվում:

 

«Մեկ հակասություն էլ կա` մեր ուսանողները մեզնից լսում են մի բան, դրսում ուրիշ իրականություն տեսնում: Տեսնում են, որ գոյություն ունի կեղծ արժեքների, նյութականի մասսայականացում, իսկ հոգևորի վերհանումը չեն տեսնում: Մյուս կողմից էլ` հայ մտավորականության ռեյտինգն անկում է ապրել»,- ասում է Չուգասզյանը:

 

Ըստ նրա` ստեղծված իրավիճակից ելքը ազգային դաստիարակությունն է, որպեսզի հայը զգա, որ այն երկիրը, որտեղ ապրում է, հյուրանոց կամ հանրակացարան չէ, այլ ինքն է այս երկրի տերը և տիրոջ պես պետք է պահպանի իր ունեցածը և զարգացնի այն: