Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման միակ եղանակը կանխարգելումն է:
Հոկտեմբերն ամբողջ աշխարհում հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Ամսվա շրջանակներում բազմաթիվ երկրներում տարբեր գիտաժողովներ, տեղեկատվական և բարեգործական արշավներ են անցկացվում, որոնց նպատակը խնդրի հանդեպ ուշադրություն գրավելն է, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:
Ինչպիսի՞ն է վիճակագրությունը Հայաստանում, որո՞նք են հիվանդացության ռիսկի գործոնները, արդյո՞ք երիտասարդանում է հիվանդությունը, ինչպե՞ս կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը. այս և այլ հարցերի շուրջ Doctorsnet-ը զրուցել է Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ:
-Տիկին Հակոբյան, հոկտեմբեր ամիսը հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, ամսվա շրջանակներում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում ի՞նչ ծրագրեր են իրականացվել:
-Ամեն տարի ամբողջ աշխարհը նշում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակը, Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնը (ՀԱԱԿ) նույնպես անմասն չի մնում միջոցառումների իրականցումից:
Նախկինում մենք կազմակերպում էինք քայլարշավներ, այդ քայլարշավներն այնքանով էին կարևոր, որ դրանց մասնակցում էին ուսանողներ, աշակերտներ, ովքեր տուն գնալով ՝ իրենց մայրիկներին, քույրիկներին, տատիկներին պատմում էին թե ինչ է կրծքագեղձի քաղցկեղը, ինչպես պիտի կանխարգելել և ստիպում էին, բերում հետազոտվելու:
Այսօր բոլորը մեզ ճանաչում են, գիտեն մամոգրաֆիայի կարևորությունը, գիտեն թե որքան կարևոր է քաղցկեղի կանխարգելումը:
Մեր կենտրոնը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամսվա շրջանակներում հայտարարեց զեղչերի ամիս, որը հայտարարված էր մինչև հոկտեմբերի 20-ը, սակայն հետաձգեցինք մինչև ամսվա վերջ, իսկ ովքեր կհասցնեն նախապես գրանցվել, մենք պարտավորվում ենք իրենց հետազոտել նոյեմբեր ամսվա ընթացքում:
Ի դեպ, յուրաքանչյուր 2 տարին մեկ, աշխարհի որևէ երկրում տեղի է ունենում մեծ գիտաժողով նվիրված կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդներին և կիրառումներին, այս տարի ի ուրախություն մեզ գիտաժողովի անցկացման համար ընտրվել էր մեր կետրոնը, որտեղ 2 օր շարունակ ոլորտի լավագույն մասնագետները ներկայացրեցին կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և բուժման նոր մեթոդներն ու ձեռքբերումները:
-Որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները:
-Առաջացման պատճառները գիտությանը այդպես էլ հայտնի չեն, որովհետև եթե հայտնի լինեին պատճառները՝ հայտնի կլինեին նաև բուժման մեթոդները, բայց կան գործոններ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում հիվանդության ձևավորման վրա: Դրանցից առաջնայինը գենետիկ հակվածությունն է, սթրեսներն են, ոչ ճիշտ ապրելակերպը, ճարպակալումը, ծխախոտը, ալկոհոլի չարաշահումը:
Միակ միջոցը հիվանդությունը հաղթահարելու՝ կանխարգելումն է, իսկ կանխարգելման համար մենք պարտավոր ենք տարեկան մեկ անգամ հետազոտվել:
-Ըստ վիճակագրության տարեցտարի ավելանում է կրծքագեղձի քաղցկեղ ունեցող երիտասարդների թիվը: Ինչո՞վ է պայմանավորված երիտասարդացման միտումը:
- Եթե նախկինում ասում էինք, որ կինը պետք է 28 տարեկանից հետո մինչև 40-ը անցնի սոնոգրաֆիկ զննություն, ապա հիմա ասում ենք, որ ցանկալի է, որ աղջիկը՝ ով ունի ձևավորված կրծքագեղձ, գոնե 2 տարին մեկ անցնի սոնոգրաֆիկ զննություն, որը որևէ կերպով չի վնասում առողջությանը:
-Որքանո՞վ են հասանելի այդ հետազոտությունները:
-Մենք սահմանել ենք այնպիսի գին, որը հասանելի է հասարակության ցանկացած խավի: Յուրաքանչյուր օր Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնում 10-12 հոգի անվճար հետազոտվում են: Նրանք մարդիկ են, ովքեր ունեն հաշմանդամության կարգ, ազատամարտիկ են, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ են, բազմազավակ մայր են , ինչպես նաև կանայք, ովքեր ուղղակի ի վիճակի չեն վճարել:
_Կենտրոնի կողմից մարզային այցելություններ լինու՞մ են:
-Մենք ամեն ամիս այցելում ենք հեռավոր գյուղեր և համայնքներ: Հոկտեմբեր ամսվա ընթացքում մենք այդ այցերը կրկնապատկում ենք և ավելի մեծ թվով համայնքներ ենք ներառում: Վերջին այցը եղել է դեպի Արցախ, որտեղ իրականացրել ենք 458 հետազոտություն 2 օրվա ընթացքում՝ վահանաձև գեղձի և կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագրի շրջանակներում:
Ամիսը 4 անգամ, ուրբաթ օրերին մենք գնում ենք տարբեր մարզեր: Նոյեմբերի սկզբին լինելու ենք Արարատի մարզում, հաջորդ ուրբաթ՝ Արմավիրում: Վերջին շրջանում հաճախ ենք զանգեր, խնդրանքներ ստանում այցելելու համար, այդ պատճառով այս անգամ ընտրությունը թողել ենք բնակչությանը:
-Ինչպիսի՞ն է վերջին տարիների հիվանդացության դինամիկան:
-Ավելացման միտումը պայմանավորված է նրանով, որ դիմելիության քանակն է մեծացել, եթե 1997-98թթ. մեզ դիմում էին օրական 5-10 հոգի, ապա այսօր մեզ դիմում են օրական 200-205 հոգի: Ըստ վիճակագրության ՀՀ-ում յուրաքանչյուր 16-17-րդ կինը հիվանդ է կրծքագեղձի քաղցկեղով: Նախաքաղցկեղային փուլում հիվանդության հայտնաբերումը մեզ համար երջանկություն է, որովհետև մարդիկ հիմնովին ապաքինվում են :
-Ի՞նչ թիվ է կազմում տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության դեպքերը:
-Անցած երկու տասնամյակի ընթացքում ունեցել ենք 70 տղամարդ, որոնց մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ հիվանդությունը: Նրանց մի մասը, ցավոք սրտի, մահացել են: Ունենք շատ տղամարդիկ, ովքեր կրծքում շոշափում են ինչ-որ բան, բայց չեն գնում բժշկի և մահանում են: Չեն էլ պատկերացնում, որ իրենք կարող է կրծքագեղձի քաղցկեղ ունենան, որովհետև թյուր կարծիք կա, որ այս հիվանդությունը սպառնում է միայն կանանց:
-Կենտրոնի գործունեության օրվանից մինչ օրս, որքա՞ն մարդ է հետազոտվել :
- ՀԱԱԿ- ում 1997թ-ից հետազոտվել է 496,633 այցելու, կատարվել է 626,608 հետազոտություն: Կենտրոնի բացման օրվանից մինչ օրս կատարվել է կրծքագեղձի 311,778 հետազոտություն: Կենտրոնում հետազոտվել է 1,760 տղամարդ այցելու, որոնցից 70-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:
ՀԱԱԿ-ում ամեն տարի հետազոտվում է շուրջ 45,000 կին, իսկ օրական սպասարկվում է միջինը 180-220 այցելու:
-Ժամանակին դիմելու դեպքում հնարավո՞ ր է բուժել կրծքագեղձի քաղցկեղը:
-Ժամանակին ախտորոշումը բազմաթիվ կյանքեր է փրկել: Կրծքագեղձի քաղցկեղի ամենակարևոր բուժումը ՝ կանխարգելումն է, եթե հիվանդությունը ժամանակին է հայտնաբերվում բացառվում է, որ մարդ մահանա, իսկ եթե գալիս են արդեն որոշակի փուլերում, խնդիրն ավելի բարդ է լինում, բայց իհարկե, մենք այս պարագայում նույնպես ունենք բուժման մեթոդներ, որոնց շնորհիվ կարողանում ենք մարդկային կյանքեր փրկել: Մարդկանց 95%–ը վախենում է բժշկի դիմել: Ժամանակին հետազոտվելու շնորհիվ է, որ մեր կենտրոնը կարողացել է 9700 կնոջ փրկել հիվանդության ճիրաններից: Իրենք եկել են առանց որևէ գանգատի, ախտանիշի, մենք հետազոտել ենք, որի արդյունքում հայտնաբերել ենք խնդիրը նախաքաղցկեղային կամ քաղցկեղի առաջնային փուլում. Նրանք այսօր ապրում են:
-Պետության կողմից տրամադրվող ապահովագրությունը ամբողջությամբ փոխհատուցու՞ մ է կանխարգելման և բուժման ծախսերը:
-Մենք չունենք սոցփաթեթներ, սակայն աշխատում ենք բոլոր ապահովագրական ընկերությունների հետ, իրենց համար ունենք հատուկ առաջարկներ, որոնց շրջանակներում հնարավոր է լինում հետազոտվել:
Ձեր հորդորը մեր ընթերցողներին
Տարեկան մեկ անգամ հետազոտվել, ճիշտ սնվել: Բժիշկները շատ հաճախ նշում են մթերքների ցանկ, որոնք նպաստում են, որպեսզի օրգանիզմը պայքարի այս հիվանդությունն առաջացնող բջիջների դեմ: Դրանք են՝ կարմիր դառը գինին օրական 100 գ, լոլիկը, կարմիր խաղողը, ընդեղենը: Օրգանիզմի համար շատ կարևոր է սոխի և սխտորի օգտագործումը: Եվ ամենակարևորը պետք է կարողանալ պաշտպանվել երկարատև սթրեսներից և առողջ ապրելակերպ վարել:
Աղբյուր՝ Doctorsnet.am առողջապահական հարթակ