կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-28 14:41
Քաղաքական

Գորբաչովը պատմել է, թե ինչպես կարելի էր խուսափել ԽՍՀՄ փլուզումից

Գորբաչովը պատմել է, թե ինչպես կարելի էր խուսափել ԽՍՀՄ փլուզումից

ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը վստահ է, որ ԽՍՀՄ-ի ամբողջականությունը կարելի էր պահպանել, և մանրամասնել է՝ ինչպես կարելի էր դա անել. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Իմ խորին համոզմունքն այն էր, որ հանրապետությունների քաղաքական ինքնիշխանությանը, նրանց տնտեսական ինքնուրույնությանը, ինքնության պահպանմանը, մշակույթի զարգացմանը հասնելու ճանապարհը  Միության թարմացումն էր, այն ժողովրդավարական, իրական, արդյունավետ դաշնության վերափոխելը, որին հանրապետությունները կպատվիրակեին իրենց լիազորությունների մի մասը»,- գրում է Գորբաչովն իր նոր՝ «Ինչ խաղադրույք է դրված. գլոբալ աշխարհի ապագան» գրքում, որը շուտով կհայտնվի վաճառքում:

Նա շեշտել է, որ այդ ճանապարհին վճռորոշ քայլը պետք է լիներ նոր Միութենական պայմանագիրը, որի ստորագրմանը 1991 թվականին խանգարեց օգոստոսյան ապստամբությունը, նաև շեշտել է, որ «մինչև վերջ պայքարել է երկրի միասնականության համար»: 

«Որպես նախագահ՝ մինչև վերջ պայքարել եմ երկրի ամբողջականության համար: Ցանկանում եմ նշել, շեշտել այդ հանգամանքը. քաղաքական ճանապարհով փորձում էի ժողովրդին և գործընկերներիս համոզել իմ ճշմարտացիության մեջ: Ես մինչ օր էլ կարծում եմ, որ երկրի ամբողջականությունը կարելի էր պահպանել. նոր Միությունը կհամընկներ բոլոր հանրապետությունների շահերի հետ, սակայն հեղաշրջումը թուլացրեց իմ դիրքերը, իսկ ԽՍՀՄ ամենամեծ պետության իշխանությունները՝ Բորիս Ելցինի գլխավորությամբ, գնացին Միության փլուզման ճանապարհով»,- նշում է քաղաքական գործիչն ու ամփոփում. «Տասնյակմիլիոնավոր մարդիկ շուտով զգացին փլուզման ծանր հետևանքները, և դա ոչ ոքի չպետք է զարմացնի: Ըստ հարցումների՝ ռուսաստանցիների մեծ մասն ափսոսում է միության փլուզման համար՝ 90-ականները համարելով իրենց կյանքի ամենադժվար ժամանակահատվածը»:

Խորհրդային Միությունը փաստացի փլուզվեց 1991-ի դեկտեմբերի 25-ին, երբ Գորբաչովը խորհրդային ժողովրդին ուղղված կոչում հայտարարեց, որպես նախագահ, իր գործունեության ավարտի մասին: Դրան նախորդել էր դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագիրը, որում խոսվում էր ԽՍՀՄ-ի դադարեցման և հռչակվում Անկախ պետությունների համագործակցության մասին: Այդ գործողությունը պատմության մեջ մտավ «Բելովեժյան համաձայնագիր» անունով: